Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սեֆերյանի երազանքը

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"Հնդկահայն ուզում է Հայաստանի քաղաքական
գործիչ դառնալ

Նարեկ Սեֆերյանը ծնվել է Նյու Դելլիում, այժմ ապրում է Հայաստանում: Ժամանակին ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ քաղաքագիտության բաժին, սովորել 2 տարի, հիասթափվել ու թողել համալսարանը: «Ես թողեցի համալսարանը, որովհետեւ այնտեղ ժամանակս ավելի շատ վատնվում էր: Կային դասախոսներ, որ հետաքրքիր էին վարում դասերը, բայց համալսարանն ինձ ընդհանուր առմամբ ոչինչ չտվեց: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ու քաղաքագիտության բաժինը նոր էին, հետեւաբար դասախոսները հիմնականում գիտական կոմունիզմի մասնագետներ էին՝ խորհրդային ոգով դաստիարակված: Երբ իմ ընկերները՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետից բողոքում էին, որ իրենց մոտ խստապահանջ են, սովորելը դժվար է, ես զարմանում էի՝ ինչո՞ւ իմ ֆակուլտետում էլ այդպես չէ: Հետո հասկացա, որ քիմիան խորհրդային ժամանակներում էլ նույն քիմիան էր, բարդ գիտություն, իսկ քաղաքագիտությո՞ւնը … Համալսարանում կաշառակերություն կար, անախորժ բաներ: Իհարկե, չեմ ժխտում, որ 80-հոգանոց մեր կուրսում կային աշխույժ, լավ ուսանողներ, որոնց մեծ ապագա է սպասվում»,- հիշում է Նարեկը:

Նրա հայրը երկար տարիներ դիվանագիտական աշխատանք է կատարել Բրազիլիայում, Պանամայում, Հնդկաստանում: 1990-ականներին Սեֆերյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: «Այստեղ գալուց եւ այլ սփյուռքահայերի հետ շփվելուց հետո հասկացա, թե ինչ պատվավոր ծնողներ ունեմ՝ մենք տանը միշտ հայերեն ենք խոսել: Երբ ընդունվեցի ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետ, որի առաքելությունը հայերեն սովորեցնելն էր, բնավ լեզվական խնդիրներ չունեի»,- ասում է Նարեկը: Ուսմանը զուգահեռ, մեր զրուցակիցը աշխատել է տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Հայ կամավորների միություն, «Երկիր եւ մշակույթ», «Նարեկացի» արվեստի միություն եւ այլուր: Առաջիկայում պատրաստվում է ուսում ստանալ արտերկրում:

Հետաքրքրվեցինք, ի վերջո, ի՞նչ է որոշել դառնալ: «Ուզում եմ քաղաքական գործիչ դառնալ»,- հնչեց պատասխանը: Իսկ չի՞ վախեցնում մերօրյա քաղաքական գործիչների իմիջը: «Իրենց չեմ նմանվի, ուզում եմ սկզբունքային լինել, բարի գործեր անել»,- շտապեց պատասխանել 26-ամյա երիտասարդը: Հարցին, թե Հայաստանի քաղաքական գործիչներից ու կուսակցություններից ում կառանձնացներ, Նարեկը պատասխանեց. «Ինձ համար ակնառու անձ է Վարդան Օսկանյանը: Թող չթվա, թե սփյուռքահայ եմ՝ դրա համար եմ նրա անունը տալիս: Րաֆֆի Հովհաննիսյանին, Շավարշ Քոչարյանին ու Վահան Հովհաննիսյանին էլ եմ համակրում: Մի քիչ պահպանողական-ազգայնական եմ, դրա համար դաշնակցությունն է ինձ գրավում: Ցավոք, իրենք հաճախ ծայրահեղ քայլեր են անում, փոխանակ շատ հարցերում ավելի զուսպ, բայց գործնական լինեն: Որպես քաղաքական գործիչ՝ ֆենոմենալ, բայց նաեւ ողբալի երեւույթ է Տիգրան Կարապետյանը… Ժամանակին կուրսային աշխատանք եմ գրել Սաֆարմուրադ Նիազովի՝ Թուրքմենբաշու մասին: Կարապետիչի նման ինքն էլ հետաքրքիր ու ծիծաղելի անձնավորություն էր: Օրենքով արգելել էր մարդկանց, օրինակ, ոսկե ատամ, մորուք ունենալ, օպերա գնալ: Պնդում էր, թե օպերան ու բալետը խոչընդոտում են թուրքմենական մշակույթի զարգացմանը: Աշխաբադից դուրս գտնվող բոլոր գրադարանները փակել էր, ինչ է թե՝ թուրքմեն գյուղացին կարդալ չգիտեր»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե առաջին անգամ Հայաստան ոտք դնելիս ինչո՞վ է տպավորվել Նարեկը: «Մինչ Հայաստանում հաստատվելը, ամեն տարի ամռանը այստեղ էի, ուստի քիչ թե շատ ծանոթ էի երկրին: Այն սփյուռքահայերից չէի, որ լսել էր, թե Հայաստանը երկիր դրախտավայր է, բայց օդանավակայանում արդեն հիասթափություն էի ապրում: Իհարկե, չեմ թաքցնի, որ շատ տարբերություններ, տարօրինակ բաներ կան այստեղ: Ինձ հատկապես զարմացնում էր երիտասարդների մռայլ հագուկապը: Լավ է, հիմա գոնե մի քիչ սեւը պակասել է: Իրենք էլ ինձ էին վատ ընդունում: Այստեղ, չգիտես ինչու, մի քիչ երկար մազերով տղաներին վատ են նայում…Որքան էլ ասեն հայը հայ է եւ պետք չէ տարբերակել հայաստանցուն ու սփյուռքահային, միեւնույն է՝ մեր միջեւ կա ահռելի տարբերություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել