Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ ԾԵԾՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"«Սպեկտրի» թերթի խմբագիր Մայա Կալաբեգաշվիլու դիտարկումները

«Սպեկտրին» մեկն է Կախեթիայում լույս տեսնող 3 թերթերից: Ըստ վերջինիս խմբագիր Մայա Կալաբեգաշվիլու, լուրջ թերթերի կողքին Վրաստանում գերակշռում է դեղին մամուլը. «Չհիմնավորված սենսացիաներ են գրում տեղական իշխանությունների, Սահակաշվիլու, ամեն-ամեն ինչի մասին: Հիմնականում կեղծիք են տպագրում, այնպիսի ինֆորմացիա, ինչպիսին պատվիրում է այս կամ այն կուսակցությունը՝ որոշակի գումարով: Պատահում է, որ պատվերով նյութեր տպելուց զերծ չեն մնում նաեւ որոշ կարգին թերթեր, որովհետեւ տպագիր մամուլը սպառման խնդիր ունի»: Մեր հարցին, եթե ոչ հավաստի ինֆորմացիա է հայտնվում մամուլում, ինչո՞ւ նյութի հերոսը դատի չի տալիս հեղինակին, տիկին Կալաբեգաշվիլին պատասխանեց. «Մեր հասարակության մեջ դեռ չի ձեւավորվել այն կուլտուրան, որ եթե լրագրողը ճիշտ չի գրել ու օբյեկտիվ չի գտնվել, դրա համար պետք է ճշմարտությունը վիճարկել դատարանում: Վրաստանում ազդեցիկ անհատները կամ օլիգարխները ավելի շուտ ծեծում, քան դատի են տալիս լրագրողին: Ընդ որում, լրագրողների հանդեպ բռնարարքներ կիրառվում են ոչ միայն մարզերում, այլեւ բուն մայրաքաղաք Թբիլիսիում: Գուցե տարօրինակ թվա, բայց որոշ լրագրողներ դեմ չեն ծեծվելուն. այդպիսով նախ նրանք համարձակ մարդու ու սուր գրիչ ունեցող լրագրողի իմիջ են ձեռք բերում, երկրորդ՝ մարդիկ մտածում են, որ եթե այս կամ այն կուսակցությունը կամ իշխանավորը լրագրողի նկատմամբ հաշվեհարդար է տեսել, ուրեմն նա ճշմարտությունն է գրել: Այնինչ՝ իրականում լրագրողների մեծամասնությունը ստի համար է ծեծ ուտում: Իհարկե, լինում են նաեւ դեպքեր, որ իսկապես ճշմարտությունն է գրված լինում, եւ դրա համար է ծեծվում լրագրողը: Հաճախ թերթերը չեն ստուգում ինֆորմացիայի հավաստիությունը, որովհետեւ նրանց համար բավական է նյութը սկանդալային եւ սենսացիոն լինի: Դա է շուկայի այսօրվա պահանջը»:

Տիկին Կալաբեգաշվիլին ասաց, որ, ի տարբերություն արեւմուտքի, իրենց թերթերը մանրակրկիտ չեն աշխատում վերնագրի, ենթավերնագրի, նկարների վրա ու «գրում են այն, ինչ խելքներին փչում է»: Վրացի խմբագրից պարզեցինք նաեւ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ իրենց երկրում երիտասարդությունը քիչ է կարդում, քանի որ ընթերցանությունը անօգուտ զբաղմունք է համարում: Հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է դեպք, երբ որեւէ հրապարակման պատճառով թերթի տիրաժը ամբողջությամբ հավաքվել է կրպակներից: «Իհարկե՝ եղել է: Մեր թերթն էլ են մի քանի անգամ հավաքել: Մենք նույնիսկ տեղական իշխանությունների նմանօրինակ մեթոդների դեմ միտինգ ենք կազմակերպել անցած տարի: Իշխանավորներից մեկը, որը ժամանակին լրագրող է եղել, իր հեռուստաելույթում լրագրողներին կրիմինալ էր անվանել ու վիրավորական արտահայտություններ արել: Դա հարուցել էր բոլորիս զայրույթը: Լրագրողների միահամուռ ճնշման տակ նա ստիպված եղավ ասուլիս հրավիրել ու փորձել արդարանալ՝ իբր ոչ բոլորին է նկատի ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել