Սբ. Գրիգոր Նարեկացին տեղի հայերի համար զուտ եկեղեցի չէ
ԱՄՆ Օհայո նահանգում 75000-անոց ռուսական ակտիվ համայնք կա: Այստեղ քիչ չեն նաեւ ռուսախոս հայերը՝ հատկապես նախկին բաքվեցիներ ու ռուսաստանցիներ: 1900-ականների սկզբներից Քլիվլենդ քաղաքում հիմնադրվել է հայկական սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը հայերի համար զուտ եկեղեցի չէ, այլ կրթական, մշակութային եւ ընդհանրապես ազգապահպան կառույց: Ներկայումս Արեւելյան թեմի առաջնորդի կարգադրությամբ ու Ամենայն հայոց կաթողիկոսի համաձայնությամբ ու տնօրինությամբ Քլիվլենդի հայ համայնքի հոգեւոր մատակարար է նշանակվել Արտակ սարկավագ Խաչիկյանը: Նրանից տեղեկացանք, որ ամեն կիրակի շատ հայեր հավաքվում են այստեղ, մասնակցում հոգեւոր արարողությունների, շփվում միմյանց հետ: «Եթե մեծ առիթներ են լինում, Օհայոյից եւ Արեւմտյան Փենսիլվանիայից շուրջ 500 հայ է գալիս մեր եկեղեցի: Օհայոյում մոտ 4000 հայ է ապրում, մեծամասնությունը Բաքվի հայեր են: Մեծ ռուսական համայնքն է պատճառը, որ ռուսախոս հայերը գերադասել են այստեղ հավաքվել»,- տեղեկացրեց սարկավագը: Քլիվլենդի սբ. Գրիգոր Նարեկացի գալիս են փոքրիկ երեխաներով ու ընտանիքներով: Մասնակցում են ժամերգություններին, օգտվում եկեղեցում դրված հայերեն, ռուսերեն ու անգլերեն Աստվածաշնչերից: Հենց Քլիվլենդում հանդիպեցի նախկին ազգային անվտանգության ծառայության պետերից մեկի թիկնազորի պետին, որ էլեկտրիկ էր դարձել ԱՄՆ-ում եւ նախկինում երեւանցի՝ փոշմանած կուսակցականների:
Արտակ սարկավագ Խաչիկյանը վստահեցնում է, որ լավ հարաբերությունների մեջ է իր ծխի բոլոր անդամների հետ, ու շատերը հոգեւոր անդորր են գտնում եկեղեցում: «Գալիս են խոստովանվելու, տարբեր խնդիրներով դիմում են հոգեւորականին: Այն երկրները, որ արեւելյան մտածելակերպ ունեն կամ նախկինում ԽՍՀՄ կազմում են եղել, մի քիչ դժվարությամբ են համակերպվում խոստովանահոր ինստիտուտին: Օրինակ՝ նախկին հայաստանցիները, որոնց ընտանեկան համակարգն ամուր է, գերադասում են իրենց ընտանիքների հետ կիսվել այս կամ այն հարցի մասին: Արեւմտահայերը, ընդհակառակը, հոգեւոր անդորրը այստեղ են ստանում: Ընդհանրապես ջանում ենք քրիստոնեական բոլոր համայնքների մեջ ներկա լինել եւ մեր եկեղեցու միջոցով ներկայացնել հայկական համայնքը: Այստեղ հավատքին մեծ նշանակություն է տրվում, եւ ցանկացած հարց լսելի է դառնում հատկապես եկեղեցու ձայնով: Փորձում ենք տարբեր մշակութային ձեռնարկներ անել, մի առիթով նույնիսկ խաղաղ ցույց ենք կազմակերպել»,- նշեց հոգեւորականը: Նրանից տեղեկացանք, որ Քլիվլենդում բարեգործական հիմունքներով հայկական դպրոց է գործում, կիրակնօրյա դպրոց կա նաեւ իրենց եկեղեցուն կից: Սբ. Գրիգոր Նարեկացին նաեւ թերթ ունի, որի էջերում տեղ են գտնում Օհայոյի հայ համայնքի ու նաեւ Հայաստանի մասին պատմող նյութեր:
Շաբաթական 1 օր 2 ժամ Քլիվլենդի հայերը հայկական ռադիոալիք են լսում: