Հովասափյանի գործի նախաքննությունը չկարողացան շեղել
ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում քննվող ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության պետ Շահեն Հովասափյանի՝ սեպտեմբերի 6-ին կատարված սպանության գործի նախաքննության ընթացքում աննախադեպ դեպք է գրանցվել: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԱ ծառայության սահմանապահ զորքերի Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի պետի տեղակալ, կապիտան Արտավազդ Մելիքյանի եւ ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպեր-լիազոր Գեւորգ Գեւորգյանի նկատմամբ: Նրանք ակնհայտ սուտ մատնությամբ փորձել են շեղել Հովասափյանի գործի քննությունը:
Ինչպես «Առավոտին» հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, Մելիքյանն ու Գեւորգյանը պատրաստել էին «անստորագիր, անանուն» մի նամակ, որը Հովասափյանի սպանության հաջորդած օրերին գցել են ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան փոստարկղ: Օպերատիվ տվյալների անվան տակ նրանք զեկուցագիր էին պատրաստել իրավապահների համար: Իրենց ծանոթներից՝ Սահակ Արսենյանից ու Ժիրայր Հայրապետյանից վրեժ լուծելու նպատակով նրանք հորինել էին հետեւյալ վարկածը. իբր վերջիններս Քանաքեռի 12 փողոցի 13 հասցեից պայթուցիկ սարք են ձեռք բերել՝ Հովասափյանի սպանությունն իրականացնելու համար:
Ըստ նախաքննության մարմնի, Մելիքյանն ու Գեւորգյանը զեկուցագրի տեքստում ակնհայտ սուտ տեղեկություններ են մտցրել այն մասին, թե իբր պայթուցիկը վաճառել են «Կոնդիկ» մականունով Արթուր Ավդալյանին, իսկ «Ակո» մականունով քննությամբ պարզված Արա Վարդանյանն էլ, ըստ նրանց, մասնակցել է գործարքին:
«Օպերների» այսօրինակ ստի հիմքում դրվել է անձնական վրեժխնդրության պարզունակ կենցաղային պատմություն: Դավիթաշենի ոստիկան Գեւորգյանը (որն, ի դեպ, սիրում էր օգտագործել «կանաբիս» տիպի թմրամիջոց) սիրային կապերի մեջ է գտնվել ոմն Ն. Հովհաննիսյանի հետ: Վերջինս հավատում էր, թե Գեւորգը ամուսնանալու է իր հետ: Սակայն Սահակ Արսենյանի սիրուհին՝ «Նանո» մականունով Ա. Պետրոսյանը, Հովհաննիսյանին տեղեկացնում է, որ Գեւորգյանը օրինական ամուսնացած է, երեխաներ ունի: Այդ՝ Գեւորգի համար անբարենպաստ տեղեկատվությունն իմանալու արդյունքում Հովհաննիսյանը սկսում է մտերմանալ Արսենյանի հորաքրոջ որդու՝ Ժ. Հայրապետյանի հետ:
Նախաքննության ժամանակ Գ. Գեւորգյանը իրեն մեղավոր է ճանաչել: Նա ասել է, որ իր «չուզողները» պատմել են ամուսնական դավաճանության մասին կնոջը՝ Հ. Գեւորգյանին, ինչի պատճառով կինը երեխաների հետ հեռացել է տնից: Ու երբ սեպտեմբերին սպանվել է Հովասափյանը, Գեւորգյանը մի քանի օր հետո գնացել է ընկերոջ՝ ԱԱԾ աշխատակից Ա. Մելիքյանի տուն, որտեղ հորինել են այս սուտ մատնության սցենարը: Հետաքրքիր է, որ ԱԱԾ ղեկավարության համար պատրաստվել է մի զեկուցագիր՝ Ա. Մելիքյանին՝ այս հնարովի «բացահայտման» համար խրախուսելու առաջարկով: Իր հերթին Ա. Մելիքյանը ցուցմունք էր տվել, թե հավատացել է ընկերոջ տեղեկություններին: «Հովասափյանի գործով» նրանք դերաբաշխում էլ էին կատարել. մոգոնվել էր նաեւ «նկարագրված հանցագործությանը ականատես վկա»՝ քննությամբ պարզված Անահիտ Պետրոսյանը:
Ա. Մելիքյանը, Գ. Գեւորգյանը հոկտ եմբերի 9-ից կալանավորված են:
Սուտ մատնության գործի նախաքննությունն ավարտվել է: