Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրուց ծնված ահաբեկչություն

Նոյեմբեր 27,2006 00:00

Ով՝ ում է ահաբեկում քոլեջում

Վերջերս «Առավոտին» նամակով դիմել էր Երեւանի պետական հումանիտար քոլեջի (ԵՊՀՔ) նախկին ուսանող Գեւորգ Գրիգորյանը: Երիտասարդը նշել էր. «Սեպտեմբերի 5-ին ընդունվեցի ԵՊՀՔ: Սկզբում ամեն ինչ նորմալ էր, սակայն օրերից մի օր քոլեջի աղջիկներից մի քանի հոգի որոշեցին իմ հետեւից ռեպլիկներ թողնել: Ամեն ինչ սկսվեց հենց այն պահից, երբ նրանց հետ կատակեցի, նրանք էլ սկսեցին ազատ զգալ իրենց եւ մտածեցին՝ ի՞նչ կա որ, կարելի է նաեւ ծաղրել»: Նա շարունակելով միտքն ասում է, որ մի քանի անգամ զգուշացրել է աղջիկներին, որ իրենց «մարդավարի» պահեն, սակայն չարաճճիները շարունակել են նույն կերպ վարվել: «Ի վերջո, նրանք, վիրավորելով ինձ, հասցրին այն աստիճանի, որ հայհոյեցի»,- խոստովանում է Գեւորգը՝ ավելացնելով, որ դրանից հետո աղջիկները քոլեջի ուսուցիչների հետ միասին որոշել են իր «գլխին սարքել»: «Նրանք ասում էին, թե ես իրենց ահաբեկում եմ: Բայց այդ աղջիկները ժամանակին ինձ ասում էին՝ լավ ես երգում, ամեն ինչ լավ ես անում… Զարմանում եմ, ինչպե՞ս արագ փոխվեցի ու դարձա ահաբեկիչ»,- գրում է տղան: Նա դիմել է նաեւ քոլեջից իր հեռացման պատճառ դարձած աղջիկների ծնողներին՝ «մի պահ ձեզ դրեք իմ տեղը եւ պատկերացրեք, թե ինչպես կարելի է դիմանալ, եթե մարդուն «լկտի», «գիժ» են անվանում»:

Գեւորգի նամակի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ քոլեջի տնօրինությունից: Պարզեցինք, որ պատահածի մանրամասների քննարկման համար ռեկտոր Հրաչյա Հակոբջանյանը «մեղավորների» հետ նույնիսկ հանդիպումներ է կազմակերպել: «Պարզել եմ, որ տղան անպատասխան սիրահարվել է մեր ուսանողուհիներից մեկին: Ինձ արդեն տեղեկացրել էին, որ այդ աղջկա հեռախոսը Գեւորգի զանգերից եւ հաղորդագրություններից՝ դադար չունի: Բացի այդ, ինձ ասել էին, որ Գեւորգը անընդհատ ահաբեկում է վերոնշյալ աղջկան եւ մի քանի առաջին կուրսեցիների: Գեւորգին կանչեցի, զրուցեցի նրա հետ, բացատրեցի, որ աղջկան հասնելու լավագույն ճանապարհը հաստատ նրան ահաբեկելը չէ: Նա ինձ ասաց, որ, ընդհակառակը, աղջիկներն են իրեն ահաբեկում: Խոսեցի նաեւ աղջիկների հետ, հարցը պարզաբանեցինք, եւ Գեւորգը խոստացավ, որ ներողություն կխնդրի, ինչը չարեց»,- պատմում է ռեկտորը: Աղջիկները ռեկտորին բողոքել էին, որ խուսափում են նույն ճանապարհով Գեւորգի հետ քայլել եւ նույնիսկ զուգարան չեն գնում, եթե տղան միջանցքում է լինում:

Ուսումնական գծով քոլեջի պրոռեկտոր Անահիտ Հակոբյանը նույնպես մասնակցել էր Գեւորգի հարցով ռեկտորատում հրավիրված հանդիպումներին: Նա էլ նշեց, որ երիտասարդը, բացի այս անկարգապահությունները, հաճախ է բացակայել դասերից, թեպետ նույնիսկ մեկ ժամ շուտ է եկել քոլեջ. «Բայց այս դեպքում անգամ մենք նրան երբեք վատ չենք վերաբերվել: Նույնիսկ ուզում էր իր ընկերների հետ ռաբիս ռեպի համերգ կազմակերպել մեզ մոտ, եւ թեպետ դա մեր սրտով չէր, մենք նրան կտրուկ չմերժեցինք, այլ առաջարկեցինք որոշ ժամանակ սպասել եւ այդ ծրագրում ընդգրկել մեր քոլեջի սաներին»:

Ա. Հակոբյանը Գեւորգի հետ կապված նաեւ մեկ այլ միջադեպ պատմեց. «Գեւորգը ռեկտորի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասաց, որ այս գործում խառն է նաեւ քոլեջի տղաների մատը, որոնք իբր իրեն ծաղրում են, որ բանակից ժամկետից շուտ է ազատվել, եւ իրենց համախոհ աղջիկների հետ փորձել են էլ ավելի զայրացնել նրան: Մենք պարզեցինք, որ 18-19 տարեկան աղջիկը, որին սիրահարված էր Գեւորգը, պարզապես խնդրել է քոլեջի տղաներից մեկին՝ խաղաղ- բանակցային պայմաններում կարգավորել հարցը, ինչն էլ մեր ուսանողն արել է, սակայն որեւէ վեճ կամ այլ տհաճ միջադեպ չի եղել»:

Գեւորգը հիմա սովորում է այլ քոլեջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել