Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԿԼՈՒԾԱՐՎԻ՞

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"Առաջիկայում կրթության եւ գիտության նախարարությունը դատական կարգով կփորձի պարզել Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի կարգավիճակը, գործունեության հիմքերը:

Մինչ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հարյուրավոր ուսանողներ պայքարում են՝ վերականգնելու իրենց տարկետման իրավունքը, որն անակնկալ կերպով սահմանափակվել էր ուսումնական տարվա սկզբին, ԿԳՆ-ն կասկածի տակ է առնում բուհի գործունեությունն ընդհանրապես: Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հայտնեց իր մտահոգությունները՝ սկսած բուհի հիմնադրումից, մինչեւ այն, թե ինչ վկայականներ են ստանալու 2007-ին ավարտող բուհի շրջանավարտները: Ինչպե՞ս պատահեց, որ ի սկզբանե նախատեսված էր ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն ստեղծել, իսկ հետո այլ մասնագիտություններ ներմուծվեցին բուհ: Լ. Մկրտչյանը նաեւ կասկածի տակ է առնում այն ծրագրերը, որով, օրինակ, բուհում տնտեսագիտություն մասնագիտություն է ուսուցանվում: «Կասկածի տակ է բուհի շրջանավարտների վերջնական վկայականների ճակատագիրը, երբ բուհը ոչ հավատարմագրման գործընթաց է անցել, ոչ էլ որեւէ եվրոպական համալսարան պատրաստ է այսօր իր ծրագրին համապատասխան վկայական տալու: Այսպիսի աբսուրդային վիճակ, երկար տարիներ կրթական համակարգում լինելով, ես չեմ տեսել, եւ լուծումը չունենք: Դրա համար մտել ենք դատարան, որպեսզի չարաշահումները բացահայտենք, պատասխանատուներին գտնենք, որոնք կկանգնեն եւ պատասխան կտան իրենց արածի համար»,- նման հայտարարություն արեց երեկ ԿԳ նախարարը:

Եվ այսպես, այն բանից հետո միայն, երբ ՕԵԿ-ը եւ մասնավորապես «Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն այլեւս իշխանության գլուխ չեն, պետությունն սկսեց զբաղվել այս ակադեմիայով: Մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ բուհի հիմնադիր ժողովի արձանագրությունը եւ ժողովին մասնակցած անձինք իրականում հորինված են: Լ. Մկրտչյանը երեկ մեծագույն հաճույքով ընթերցում էր եվրոպական տարբեր երկրների այս ու այն համալսարանների ներկայացուցիչների նամակները, որոնցով նրանք իրենց զարմանքն են հայտնում առ այն, որ երբեւէ եղել են ինչ-որ եվրոպական ակադեմիայի հիմնադիր անդամներ: «Ստացվեց հետեւյալը՝ բոլոր համալսարանները, որոնք հիմնադիր են ներկայացված փաստաթղթերով, հրաժարվեցին, ասացին, որ իրենք գաղափար անգամ չունեն այդ մասին»: Ավստրիայի ներկայացուցիչը, օրինակ, նամակում նշում է. «Հարկ եմ համարում ասել, որ Վիեննայի համալսարանը անդամ չէ Ձեր կողմից նշված ակադեմիայի, առավելեւս ես՝ որպես մասնավոր անձ: Երբեւէ գրություն կամ հրավեր չենք ստացել որեւէ նիստի մասնակցելու: Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ ես 2003-ից ի վեր համալսարանի աշխատակից չեմ եւ չէի կարող այդ գործերին մասնակցություն ունենալ: Խնդրում եմ՝ իմ անունը չհիշատակել, թե իբր ես եղել եմ ինչ-որ ակադեմիայի անդամ եւ իմ գործատուին ոչինչ չեմ հայտնել իմ այդ անդամակցության մասին: Դա կնշանակեր համբավի վարկաբեկում»: Մի խոսքով՝ նախարարությունն իր ձեռքի տակ ունի հիմնադիր ժողովին իբր մասնակցած բոլոր արտասահմանյան գործընկերների գրավոր նամակները, որոնք ասում են, որ իրենք չեն մասնակցել ակադեմիայի հիմնադրմանը: Ավելին՝ Գերմանիայի պարագայում հիշատակված կազմակերպությունը հիմա ընդհանրապես լուծարված է, Ռումինիայինը՝ «ֆինանսական մախինացիաների» մեջ է, իսկ տնօրենը՝ փախուստի մեջ եւ այլն:

Նախարարը հստակ չպատասխանեց՝ արդյոք հնարավո՞ր է համարում բուհի լուծարումը: Ելքերից մեկը նա փնտրում է բուհի առողջացման ծրագիր մշակելու մեջ. «Եթե դրսում հետաքրքրություն չլինի, գործընկեր չգտնենք, տեսնենք՝ մենք մեր ուժերով ի՞նչ կարող ենք անել՝ վերաձեւավորել եւ կառավարել բուհը: Կրթական ծառայություններում այսպիսի հեռագրով աշխատելը մեր ժողովրդի հանդեպ բարոյական չէ: Դատական գործընթացը կպարզի՝ քրեական տարրեր կա՞ն այս ամենի մեջ, թե՞ ոչ: Այստեղ մի քանի միլիոն դոլարի արժողության Տասիսի ծրագրեր են իրականացվել, սրանց հաշվետվությունը պետք է պահանջենք…»:

Երեկ այս կապակցությամբ պարզաբանում ստացանք նաեւ ակադեմիայի ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանից: Նա նախ շեշտեց, որ բուհի ուսանողների կեսը IT-ի (ինֆորմացիոն տեխնոլոգիաներ) մասնագետ է, իսկ հետագայում ներմուծված տնտեսագիտություն եւ իրավագիտություն մասնագիտությունները ուսուցանվում են հատուկ ծրագրերով, որոնք ճանաչվում են ՌԴ-ում եւ մի շարք եվրոպական երկրներում: «Իսկ այս մասնագիտությունների ուսուցանումը բուհում իրականացվում է ԿԳՆ լիցենզիայի շրջանակներում, եթե ծրագիրը չի համապատասխանում նորմերին, ինչպե՞ս է նախարարությունը լիցենզիա տվել»: Ինչ վերաբերում է հիմնադիր անդամների գոյության-չգոյության հարցին, ապա պրն Մարտիրոսյանն ասաց, որ դատարանում ամեն ինչ կպարզվի՝ մեկ անգամ եւս հիշեցնելով, որ ակադեմիան հիմնադրվել է 2000 թ. կառավարության որոշմամբ, Իտալիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի կառավարությունների հետ միջպետական համաձայնագրերի շրջանակներում: Եվ այդ հիմքով էլ, ըստ պրն Մարտիրոսյանի, անցյալ տարի արդեն բուհի շրջանավարտները պետական նմուշի դիպլոմ ստացել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել