Գտնում է «Տիր» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Հերբերտ Համբարձումյանը:
Երեկ, «Մետրոպոլ» հյուրանոցում կազմակերպված «Կովկասյան երկրների ավտոմոբիլային տրանսպորտ-2006» գրքի շնորհանդեսի ժամանակ, «Տիր» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Հերբերտ Համբարձումյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ռուս-վրացական սահմանի փակման պատճառով հայ բեռնափոխադրողները հսկայական վնասներ կրեցին: Ըստ նրա, պատահել է, որ ապրանքը երկու շաբաթ սահմանին է մնացել եւ Հայաստան է հասել արդեն ոչ պիտանի վիճակում: Մեր երկրի բեռնափոխադրող ընկերությունների համար, պարոն Համբարձումյանի խոսքերով, մեծ խնդիր է սեփական լաստանավ չունենալը: Հայաստանյան ընկերությունները դրանք ձեռք են բերում վարձակալությամբ: Բացի այդ, ավտոմեքենաներով բեռների տեղափոխման արժեքը հաստատագրված չէ: Հ. Համբարձումյանի ներկայացմամբ, գինը հիմնականում պայմանավորված է շուկայում առկա մեքենաների քանակով: Եթե ապրանքը շատ է, իսկ դա տեղափոխող մեքենաները՝ քիչ, ապա բեռը տեղափոխելու վարձը ավելանում է:
Երեկ շնորհանդեսի ներկայացրած գրքում, տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանատուների խոսքերով, արծարծվում են Հայաստանի, հարեւան Վրաստանի ու Ադրբեջանի ճանապարհատրանսպորտային խնդիրներն ու դրանց լուծումները: Գրքի հրապարակմանն իր խորհուրդներով մասնակցել է նաեւ Հայաստանի միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիան: Հայաստանում միջազգային ավտոտրանսպորտային ընկերության (IRU)-ի մոսկովյան ներկայացուցիչ Իգոր Ռունովի կարծիքով էլ, «չնայած Հայաստանը որոշ հարեւան երկրների հետ քաղաքական բարդ փոխհարաբերությունների մեջ է, սակայն բեռնափոխադրումները բավականին լավ են իրականացվում»:
IRU-ի ժնեւյան գրասենյակի ներկայացուցիչ Մարտին Մարմին էլ ասաց, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան, որպեսզի ավելի հեշտացվի առեւտուրն ու միջազգային այլ ճանապարհներից օգտվելը: Այս հարցը նա պատրաստվում է քննարկել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: