Ուղիղ հարցազրույց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի հետ
– Պարոն Ներսիսյանց, «Ֆորում» ամսագրին տված Ձեր հոդվածում Դուք նշել էիք, որ մեր հասարակության խեղաթյուրումները բխում են տարածաշրջանի բռնապետական քաղաքական մշակույթից, որն իշխել է դարեր շարունակ: Կխնդրեի, որ պարզաբանեք, թե գործնականում դա ինչպե՞ս է դրսեւորվում:
– Թույլ տվեք այսօր պարզաբանումներս փորձեմ կատարել տպավորիչ նկարագրումներով, թեեւ ինչ-որ տեղ այն կարող է պարզունակ հնչել: Այսօր Հայաստանում տարբեր մակարդակներում՝ մասնավոր թե պետական, որեւէ կառույց կարող է ղեկավարվել ընդամենը երեք կոճակներ սեղմելով՝ կարմիր, կապույտ եւ կանաչ:
Կարմիրը վախի կոճակն է: Քանզի իշխանության, ընդդիմության եւ ընդհանուր առմամբ հասարակության մեծ մասը ինչ-որ տեղ կոռուպցիայի մեջ է ընդգրկված, ղեկավարը կարող է մանիպուլյացիայի ենթարկել անհատին (թե՛ ստորադաս աշխատակցին եւ թե՛ գործընկերոջը)՝ բացահայտման սպառնալիքով եւ քրեական գործ հարուցվելու հնարավորությամբ: Այսպիսով, անհատը ստիպված է իր փառքն ու ունեցվածքը կորցնել եւ պարզապես կործանվել չհնազանդվելու դեպքում:
Կապույտը փառասիրության կոճակն է: Ինչպես «Ֆորում» ամսագրի հոդվածում նկարագրել էի, կենտրոնացված ուժի կամայական գործադրումը անապահովության եւ թերարժեքության բարդույթներ է սերմանում ժողովրդի մեջ հենց մանուկ հասակից սկսած ու հետագայում այդ ներքին բարդույթների քողարկման հիմնական ձեւը փառասիրության դրսեւորումներով է լինում, որն իր մեջ ներառում է տիտղոսները, կոչումները, շքանշաններն ու պարգեւատրումները, որոնց միջոցով ղեկավարները մանիպուլյացիայի են ենթարկում անձին ու հասարակությանը: Օրինակ, եթե ուշադրություն դարձրած լինեք, շքանշաններն ու զանազան պարգեւները կառավարման տարբեր հարթություններում հաճախ տրվում են ոչ թե վաստակի ճանաչման կամ պետական երախտագիտական շարժառիթներով, այլ ինչ-որ խնդիր լուծելու կամ հետագայում օգուտ քաղելու նպատակներով:
Կանաչը ագահության կոճակն է, սերմանված բարդույթները քողարկելու մեկ այլ հնարավորություն: Ագահությամբ ձեռքբերված նյութական հնարավորությունները ընդարձակ քողարկման միջոցներ են ծառայում, բայց եւ այնպես չեն բավարարում անհատին, քանզի ներքին թերարժեքության եւ անապահովության բարդույթները այդ կերպ չեն լուծվում: Հետեւաբար, ղեկավարները հնարավորություն ունեն շահարկելու նաեւ այս հանգամանքը նյութական միջոցներով եւ ապահովելով անձնական հավատարմություն: Օրինակ, հանդուրժել ագահ ստորադաս աշխատակիցներին, գործընկերներին եւ հավատարիմ ընկերներին՝ կոռուպցիայի մեջ վխտալ:
Այսպիսով, որեւէ ղեկավար միայն պետք է պարզի, թե անհատը նշված երեք միջոցներից որոնցով առավել դյուրին կարող է հանձնվել եւ հնազանդվել: Սա, իհարկե, առողջ հասարակություն եւ պետություն կառուցելու վարչական մշակույթ չի հանդիսանում: Նույնը տիրում է նաեւ մեր հարեւան երկրներում ու տարածաշրջանում եւ ավելի թունդ բնույթով: Իմիջիայլոց, կա նաեւ մի չորրորդ կոճակ՝ սպիտակ, որին կանդրադառնամ հետագայում:
– Ի՞նչ հնարավորություններ եք Դուք նախատեսում՝ ձերբազատվելու այս երեւույթից:
– Լուծումը տեսնում եմ ուժի ապակենտրոնացման եւ օրենքով սահմանված հաշվետվության ու հակակշռության ընթացակարգերով: Այսինքն՝ մենք պարտավոր ենք նախանձախնդիր եւ վճռորոշ լինենք՝ պաշտպանելու մեր իրավունքները օրենքի ընթացակարգերով: Եվ սրա համար վարքագծի փոփոխություններ են անհրաժեշտ՝ պահանջելու իրավունքը, պատրաստ լինելու զրկանք կրել իրավունքի ձեռքբերման համար, եւ ոչ թե գնալու կաշառման կամ քծնանքի, գուցե եւ տվյալ պահին հեշտ, միջոցով: Ահա այս վարքագծի փnփոխությունն է, որ թե՛ իշխողի եւ թե՛ իշխվողի մոտ դանդաղ է ընթանում: Պարզ է, բազմադարյան բռնապետական քաղաքական մշակույթից ժառանգած սովորույթներից դժվար ենք հրաժարվում: Արմատական բարեփոխումներ են հարկավոր կրթական ոլորտում, քանզի այդ սովորույթները սերնդեսերունդ են փոխանցվում հենց մեր ռեպրեսիվ եւ կոռումպացված կրթական համակարգով:
– Այս խնդրի լուծման համար ի՞նչ պատկերացումներ ունեք:
– Հաշվետվության եւ հակակշռության ընթացակարգեր ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք եւ կենսունակ հակակշիռ քաղաքական ուժի առկայություն: Այսօր Հայաստանում հակակշիռ քաղաքական ուժ գոյություն չունի: Անցյալի մենիշխանության հոգեբանությունը շարունակվում է եւ բնազդաբար քաղաքականապես ակտիվ ուժերը անմիջապես միանում են հաղթողի հոսանքին: Եթե հիշեք, թավշե հեղափոխության օրերին ակտիվ քաղաքական ուժերը համախմբված ձեւով Կոմկուսից ներխուժեցին Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ), երբ նրան տեսան հաղթող կողմ: Ապա գրեթե հենց համանման ոճով 1998թ. տեղափոխվեցին Երկրապահների շարքերը եւ հետագայում էլ միացան Հանրապետական կուսակցությանը, այսինքն՝ հաղթող կողմին: Արդյունքում որեւէ լիարժեք հակակշիռ քաղաքական ուժ չգոյատեւեց: Խնդիրը ավելի է բարդանում, երբ կուսակցությունները ձեւավորվում են ինչ-որ անհատների եւ կամ հատուկ խմբերի շահերի շուրջ, քան թե կենսունակ գաղափարախոսության հիմքերով: Այսօր, ցավոք, իշխանության քաղաքական հակառակորդներին միայն կարելի է բնութագրել որպես նոսր, անկազմակերպ, ծույլ եւ անբովանդակ աշխատանքով, քանզի խորը իմաստալի վերլուծություններով եւ այլընտրանքներով հանդես չեն գալիս եւ հետեւաբար որեւէ նշանավոր հավելում չեն բերում Հայաստանի քաղաքական կյանքին: Իսկ հերթական նորաստեղծ կուսակցությունները անբովանդակ, որեւէ լուրջ գաղափարախոսությունից զուրկ եւ ինչ-որ հարուստ գործարարի գրպանային կուսակցություններ են, որոնք նույնպես քաղաքական կյանքին որեւէ հավելում չեն բերում եւ ծառայում են միայն ինչ-որ կարճատեւ քաղաքական նպատակի ու մանիպուլյացիայի: Մի քանի «կուսակցություններ» այս կարգավիճակում են, եւ սրանց բոլորի ճակատագիրն էլ նույնն է լինելու, ինչ գրպանային բանկերինը՝ անհետացում:
– Չե՞ք տեսնում արդյոք Դաշնակցությանը որպես սոցիալ-դեմոկրատական քաղաքական հակակշիռ ուժ, քանզի ի սկզբանե այդ կուսակցությունը հիմնված է եղել սոցիալ-դեմոկրատական հիմքերի վրա:
– Այսօր Դաշնակցությունը միակ կուսակցությունն է, որ կարող է ստանձնել հակակշիռ քաղաքական ուժի առաջնորդի դերը սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ՝ ունենալով իր ավանդական համբավը եւ կազմակերպչական հնարավորությունները: Սակայն Դաշնակցության ղեկավարությունը նույնպես ընտրել է լինել հաղթողի կողմը՝ ազատականների, թեեւ բազմաթիվ լուրջ սոցիալական խնդիրներ են կուտակվել մեր տնտեսական նվաճումների առջեւ: Եվ որքան այս հակակշիռ ուժի ստեղծումը ուշանում է, այնքան այդ գործընթացը գնալով դժվարանալու է: Իմ կարծիքով, եթե Դաշնակցությունը չկարողանա ստանձնել սոցիալ-դեմոկրատական հակակշիռ քաղաքական ուժի առաջնորդի դերը, այս առանցքային պահին, դժբախտաբար, կանխատեսում եմ, որ ՀՅԴ-ն կարժեքազրկվի եւ կմատնվի ավանդական մյուս կուսակցությունների եզրային վիճակին: Հակված եմ հուսալու, որ Դաշնակցությունը բավարար ուժ ու կորով կգտնի եւ իր ավանդական գաղափարախոսությամբ, որպես հակակշիռ քաղաքական ուժ, նեցուկ կլինի Հայաստանի Հանրապետության բնականոն քաղաքական զարգացմանը:
– Իսկ ինչպե՞ս կգնահատեք ազատական քաղաքական ուժի կայացումը:
– Ազատական քաղաքական ուժի կայացումը համեմատաբար հնարավոր է դարձել առաջին հերթին ի շնորհիվ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր գլխավորած ՀՀՇ կուսակցության, որ անկախության նախաշեմին որդեգրեց ու հիմնադրեց ազատական քաղաքականության ուղղությունը, եւ երկրորդ՝ այն շարունակվեց եւ զարգացվեց ներկա իշխանության օրոք՝ շնորհիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդության: Այսօր ազատական քաղաքականության կողմնակիցների ուղղորդողը Հայաստանում Հանրապետական կուսակցությունն է: Թեեւ մտահոգիչ է, որ հովանավորչական տնտեսության կողմնակից Սովետի նախկին զավոդչիկ գործարարները ներխուժել են ՀՀԿ-ի շարքերը եւ հնարավոր է, որ ՀՀԿ-ի ազատական քաղաքականությունը փորձեն շեղել դեպի շինծու ազգայնական բացատրություններով քողարկված հովանավորչական քաղաքականության, ինչպես, օրինակ, որոշ լատինամերիկյան երկրներում: Իսկ ազատական քաղաքական ուժի բնականոն զարգացումը միայն հնարավոր կլինի հակակշիռ կենսունակ սոցիալ-դեմոկրատական մրցունակ քաղաքական ուժի պայմաններում, որը, ինչպես նշվեց, բացակայում է: Հետեւաբար, վտանգավոր ռիսկեր եմ կանխատեսում, որ ազատական քաղաքական ուժերը, կենսունակ հակակշիռ սոցիալ-դեմոկրատական քաղաքական ուժի բացակայության պայմաններում, վերածվեն փողով ղեկավարող սանձարձակ խմբիշխանության: Եվ սա խստիվ կվտանգի ազատական ժողովրդավարության կայացումը Հայաստանում, որը անհրաժեշտ է լիարժեք շուկայական տնտեսության կայացման համար, քանզի շուկայական տնտեսությունը պահանջում է հաշվետվության եւ հակակշռության համակարգ, օրենքի շրջանակներ եւ թափանցիկություն՝ բաց շուկայում ազնիվ մրցակցության համար:
– Պրն Ներսիսյանց, Դուք բազմաթիվ երկրներում ունեցել եք տնտեսական զարգացման բազմամյա միջազգային փորձ, եւ արդեն տասնվեց տարի շարունակ նպաստում եք Հայաստանի տնտեսության բարեփոխումներին: Արդյոք ի՞նչ գաղափարախոսության եք հանգել:
– Պատանեկան տարիներից սկսած եւ իմ ողջ կարիերայի ընթացքում եղել եմ ազատական ժողովրդավարության եւ տնտեսության կողմնակից, սակայն խուսափել եմ կոշտ եւ անմիտ կապվածությունից գաղափարախոսական ծայրահեղություններից, եւ միշտ փորձել եմ առաջնորդվել աշխարհի հաջողած փորձերով: Գաղափարախոսությունը տեսնում եմ ոչ թե ինքնանպատակ երեւույթ, այլ երկիրն ու ազգը զարգացնելու միջոց: Ի վերջո, գլխավոր նպատակը ոչ թե այս կամ այն գաղափարախոսության հաղթանակն է, այլ հանրապետության զարգացումը մրցունակ քաղաքական ուժերի արդյունքում: