«Վիմպելկոմը» մարտին կներկայացնի իր նոր սակագնային առաջարկները
«ԱրմենՏել» ընկերության հետ 45-օրյա բանակցություններից հետո երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւս մեկ անգամ մերժեց ընկերության ներկայացրած սակագների բարձրացման հայտը՝ դրանք համարելով չհիմնավորված:
Ընկերությունը մտադիր էր ֆիքսված հեռախոսակապի բաժանորդային վարձը, որը ներկայումս 1100 դրամ է, բարձրացնել մինչեւ 3000 դրամ, անվճար 360 րոպե խոսելաժամանակը կրճատել ու դարձնել 280 րոպե, ընդ որում՝ 1000 րոպեից ավելի խոսելու դեպքում րոպեավարձը գանձել կրկնակի թանկ՝ 1 րոպեի համար 9 դրամ սակագնով: Հանձնաժողովը դեռ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում էր «ԱրմենՏելին» մերժել՝ գտնելով, որ սակագների բարձրացումն արդարացնելու համար ընկերության ներկայացրած ծախսերն ուռճացված են, բայց քանի որ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը որոշ առարկություններ ուներ, այս օրերի ընթացքում հանձնաժողովի մասնագետների հետ պետք է բանակցեին ու մի հայտարարի գային:
Սակայն ինչպես տեղեկացանք երեկվա նիստում, պարոն Ֆետսիսն արդեն հրաժեշտ է տվել «ԱրմենՏելին» եւ նրա պաշտոնը փոխանցվել է «Վիմպելկոմ» ընկերության ներկայացուցիչ Օլեգ Բլիզնյուկին, որի գլուխն ընկերության առուվաճառքի գործարքից շատ խառն է եղել, եւ նա, ըստ էության, հանձնաժողովի մասնագետների հետ սակագների բարձրացման թեմայով չի բանակցել ու որեւէ համաձայնության չի եկել: Դրա համար էլ պարոն Բլիզնյուկը մինչեւ մարտ ժամանակ խնդրեց, որ սակագները նորից ճշգրտեն ու նոր հայտ ներկայացնեն:
Մինչեւ նիստը սկսելը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց «Վիմպելկոմի» նորանշանակ գլխավոր տնօրենին՝ ցանկանալով նրան հաջողություններ «նման բարդ եւ պատասխանատու աշխատանքում»:
Ի տարբերություն պարոն Նազարյանի սրտաբաց ընդունելության, Օլեգ Բլիզնյուկին սառը դիմավորեցին սպառողների պաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք իրենց մշտական հարցերին «ԱրմենՏելից» չստացած պատասխանները փորձում էին մեկ օրում ստանալ Բլիզնյուկից: Վերջինս էլ ասելով, որ դեռ 9 օր է անցել, ինչ «ԱրմենՏելի» բաժնետոմսերը փոխանցվել են «Վիմպելկոմին», ընկերության ղեկավար կազմում մի շարք փոփոխություններ են լինում, որեւէ հարցի չպատասխանեց՝ խոստանալով, որ, այնուամենայնիվ, այն բոլոր պարտավորությունները, որոնք լիցենզիայով իրենք ստանձնել են, անպայման կկատարեն:
Թիվ 60 լիցենզիայով ամրագրված պարտավորություններից մեկը, օրինակ, այն է, որ ընկերությունը պետք է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը հասցնի թվային հեռախոսակապով ապահովել 800 գյուղական համայնքների, սակայն մինչ օրս համայնքների կեսն էլ հեռախոս չունի: Այս առնչությամբ «ԱրմենՏելի» քաղաքականության տնօրեն Հայկ Ֆարամազյանն «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք դեռ ժամանակ ունեն եւ կհասցնեն սահմանված ժամկետում տեղավորվել: Մեր հարցին, թե 1 օրում քանի՞ գյուղ պետք է հեռախոսիֆիկացնեք, նա պատասխանեց՝ «հնարավոր է 100, կարեւորն այն է, որ կհասցնենք»: