Մեքենաների ներկրման բիզնեսով զբաղվողները հարկման դաշտից խուսափելու ձեւեր գտնում են
Վերջին տարիներին Հայաստանում ամենաարագ զարգացող բիզնեսներից մեկը արտերկրից էժան գներով մարդատար մեքենա բերելն ու թանկ գներով վաճառելն է: Բացի այն, որ Նուբարաշենի կեսը վերածվել է հսկայական ավտոշուկայի, մայրաքաղաքում էլ ամեն քայլափոխի «մինի» ավտովաճառքի կետեր են ստեղծված՝ Համալիրի տարածքում, «Մետրոպոլ» հյուրանոցի հարեւանությամբ, Հ. Քոչարի փողոցում եւ այլուր: Փողոցների երթեւեկությանը հետեւելիս էլ անզեն աչքով կարելի է նկատել, թե վերջին շրջանում որքան են շատացել մեքենաները, ընդ որում՝ ավելացել են ոչ թե ռուսական արտադրության, այլ արտասահմանյան մեքենաները:
Հայաստանում մարդատար մեքենաների ներկրման բիզնեսի՝ նման արագ զարգացումն ունի իր բացատրությունը. այս դաշտում տնտեսվարողների համար սողանցքի լայն հնարավորություն կա՝ հարկային դաշտ չմտնելու: Եվ եթե գործարարները որեւէ խորամանկության չդիմեին եւ մեքենաների բիզնեսով զբաղվեին օրինական ճանապարհով՝ բիզնեսը պարզապես կդատապարտվեր ձախողման, քանի որ սահմանված բոլոր հարկատեսակները մուծելով՝ շահույթը շատ փոքր կկազմեր: Իսկ ոչ օրինական ճանապարհով մեքենաների բիզնեսով զբաղվելով՝ գործարարներն օգտվում են, ինչպես ասում են՝ մեկին մեկ:
Վերջերս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մարդատար մեքենաների շուկայում ուսումնասիրություններ էր կատարել ու պարզել, որ ամբողջ 2005-ի ընթացքում ընդհանուր առմամբ տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստան է ներկրվել 552 արտասահմանյան նոր ավտոմեքենա: Ինչ խոսք, այս թիվը խիստ կասկածելի է, եւ հանձնաժողովի մասնագետների գնահատմամբ էլ ավտոմեքենաների ներկրման այդ տվյալն ակնհայտորեն չի արտացոլում շուկայի իրական պատկերը: Ներկրված ավտոմեքենաների թիվը գրանցվում է Մաքսային պետական կոմիտեում ու բացի այն, որ բիզնեսմենները հնարավոր է մեքենաները ներկրեն մաքսանենգ ճանապարհով, կողմնակի եկամուտներ ստանալու այլ ձեւեր էլ ունեն:
Մաքսային սահմանում տնտեսվարողները շատ հաճախ ներկրած մեքենաները մաքսազերծում եւ ձեւակերպում են իրենց կնոջ, քրոջ, զոքանչի, աներոջ կամ այլ բարեկամի անունով, քանի որ եթե մեկ ամսվա ընթացքում միեւնույն ֆիզիկական անձը անձնական օգտագործման անվան տակ իր անունով Հայաստան ներկրի 4-5 մեքենա, սա արդեն հարկային մարմինների ուշադրությունը կգրավի. մի բան է, երբ մարդն իր համար մեքենա է բերում, մեկ այլ բան՝ երբ նա բիզնես է անում ու հարկայինում որպես տնտեսվարող ոչ մի տեղ գրանցված չէ: Եթե գրանցվի որպես իքս ՍՊԸ, արդեն ստիպված պետք է լինի Հարկային պետական ծառայությանը վճարել եկամտահարկ, շահութահարկ, ավելացած արժեքի հարկ:
Առավել ձեռնտու է, երբ բիզնեսմենը մեքենա ներկրելուց առաջ «նաղդ» գնորդ գտնի եւ մաքսազերծումն ու գրանցման փաստաթղթերն անմիջապես գնորդի անունով ձեւակերպի: Այդ դեպքում տնտեսվարողը խուսափում է եւս մի քանի մանր-մունր ծախսերից (հիմնահավաստագիր, նոտարական ծախս եւ այլն): Իսկ եթե ներկրողը ձեւակերպի իր անունով, առուվաճառքի պայմանագրի դեպքում մոտ 100 դոլարի ավելորդ ծախս պետք է անի:
Պատկերացնելու համար, թե հարկային դաշտից դուրս մնացած տնտեսվարողներն ամսական որքան շահույթ են ունենում, հաշվարկենք, ասենք, 1996 թվականի «S» կլասի «Մերսեդեսի» ներկրման ծախսերը եւ ամեն ինչ պարզ կլինի: Այդ մակնիշի մեքենան արտերկրում 13-14 հազար դոլարով են ձեռք բերվում, մաքսազերծումը ներկրողի վրա արժենում է մոտ 5000 դոլար (կապված է շարժիչի հզորությունից), իսկ շուկայում այն վաճառվում է 20-25 հազար դոլար: Ստացվում է, որ 1 մեքենայի ներկրումից բիզնեսմենն օգտվում է առնվազն 2000 դոլար: Եթե ամսական նա, թեկուզ ոչ մաքսանենգ ճանապարհով, բարեկամների անունով Հայաստան բերի 4-5 մեքենա, 10 հազար դոլար գրպանը կդնի:
Ինչպես պարզեցինք, եթե հարկայինը կարողանա «ֆիզիկական անձ» ձեւացող տնտեսվարողին բռնացնել, ապա նրանից կգանձվի ավտոմեքենայի վաճառքի 50%-ը: Սա է այն պատիժը, որ սահմանված է նման կարգի «խորամանկության» համար: