Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՅՑԸ

Նոյեմբեր 27,2006 00:00

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մարտի 8-ի ուշ գիշերին անհայտ անձինք ապօրինաբար ներս են խուժել «Ժառանգության» փակված եւ կնքված գրասենյակ եւ, կոտրելով պաշտպանական ծածկագրերը, մուտք գործել կուսակցության բազային համակարգիչ:

Հայաստանի իրավապահ մարմինները, ընդունելով հանդերձ իրենց իսկ կատարած փորձագիտությամբ ապացուցված հանցագործության փաստը, բոլոր հարթություններում հրաժարվել են քրեական գործ հարուցել՝ չտալով իրենց հանցավոր անգործության ոչ մի բացատրություն եւ, փաստորեն, պաշտոնապես կոծկելով իշխանակարգի կողմից պատվիրված հերթական հանցագործ բռնարարքը»:

Այս ամենի ամենաթարմ ու վառ վկայությունը համարելով՝ կուսակցությունը տեղեկացնում է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան, որով կուսակցությանը տեղեկացվել է, թե նոյեմբերի 16-ին նշված փաստերի առնչությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել:

«Ելնելով վերոնշյալից՝ «Ժառանգություն» կուսակցությունը հաստատում է՝ Հայաստանի իշխանաբուրգը, որը վերարտադրվելու փորձ է անում, երկրում ձեւավորել է հակաօրինական իրավիճակ՝ իր իսկ պատկերով: Իրավական հաստատությունները, մասնավորապես՝ դատարանները եւ դատախազությունը, դարձել են մերօրյա իշխանների անձնական օգտագործման կցորդը եւ օրենքը մեկնաբանում ու կիրառում են նրանց քմահաճույքով ու ցուցումներով»,- հայտարարել է «Ժառանգությունը»:

Կուսակցությունը նաեւ հավաստիացնում է, որ շարունակելու է պայքարել օրինականության հաստատման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել