Պարզվեց երեկ «Ուրբաթ» ակումբում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի խոստովանությունից
Անդրադառնալով նախընտրական այս շրջանում իրականացվող «բարեգործությանը»՝ Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ բարեգործը դիմացինից ոչինչ չպետք է ակնկալի. «Նրանք, ովքեր բաժանում են տուկի թել կամ, ասենք, ինչ-որ բարիքներ, կամ ասֆալտապատում են բակեր, տանիքներ են վերանորոգում, վերելակներ եւ այլն՝ ըստ ամենայնի, ակնկալում են դրա դիմաց ձայներ: Արգելել դա հնարավոր չէ, որովհետեւ բարեգործությունը, լավություն անելը արգելել հնարավոր չի: Եվ արդեն մնում է մեր ժողովրդին՝ տա՞լ այն, ինչ իրենից ակնկալում են, թե՞ ոչ»:
Նաեւ նշեց, որ եթե պետությունը կարողանար հավաքել բոլոր հարկերն ու մաքսային վճարները՝ «ժողովուրդն այդ ֆեոդալների նվիրատվությունների կամ շպրտած ոսկորի կարիքը չէր ունենա, քանի որ պետությունը բյուջեն այնքան կավելացներ, որ կկարողանար ե՛ւ թոշակները բարձրացնել, ե՛ւ ռոճիկները»: Լրագրողների համառ խնդրանքներից հետո էլ պրն Հովհաննիսյանը հրաժարվեց այդ «ֆեոդալների» անունները տալ՝ մասնավորապես պատճառաբանելով, թե դա իր ոճը չէ, ու նաեւ՝ «Մեր պայքարը սկանդալային միջավայր չենք ուզում տեղափոխել»: Սակայն նաեւ նշեց, թե երկրի գլխավոր իշխանության առջեւ ասում են այդ անունները:
1998-ի աշնանը ՀՅԴ-ն այլեւս ընդդիմություն չէր՝ պաշտպանել էր Ռոբերտ Քոչարյանին, 2 նախարար ուներ կառավարությունում: Սակայն հենց Վահան Հովհաննիսյանը հռետորներից մեկն էր 1998-ի աշնանը կայացած այն հանրահավաքի, որտեղ ՀՅԴ-ն հնչեցրեց անուններ՝ նախկին իշխանության առանձին ներկայացուցիչների մեղադրելով չարաշահումների մեջ: «Առավոտի» հարցին՝ «Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որ այն ժամանակ չէիք խուսափում անուններ տալուց, իսկ հիմա նախընտրում եք դրանք հնչեցնել միայն իշխանական առանձնասենյակներում»՝ պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Փոխվեց մեր փորձը: Մենք հասկացանք, որ հրապարակայնորեն այդ անունները տալը եւ դա հասարակական քննարկման ոլորտ տանելը մեր երկրում դեռեւս օգուտ չի բերում: Բոլորի համար ակնհայտ էր, որ մենք սուտ չենք ասում. մի քիչ էս կողմ-մի քիչ էն կողմ՝ մեր նշած բոլոր անուններն իսկապես ինչ-որ հարցերում, կոռուպցիոն բնագավառի հանցագործություններում մեղք ունեին: Բայց նրանցից ոչ ոք չպատժվեց: Եվ մենք հասկացանք, որ մեր հասարակության, իշխանական մեր համակարգում ու մեր իրավագիտակցությամբ անուններ տալը չէ, որ օգուտ է բերում: Ուրիշ ճանապարհներ են պետք»:
Ուշագրավ է նաեւ նման փորձառություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցչի արձագանքը, երբ նրան հիշեցրին, որ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը օրերս հայտարարել է, թե Հանրապետականը Հայաստանում չի տեսնում այն քաղաքական ուժին, որին արժե փոխանցել իշխանությունը: «Դա, իհարկե, օպտիկական հարց է տեսնել-չտեսնելը, ես չեմ ուզում դրա մեջ խորասուզվել»,- ասաց պրն Հովհաննիսյանը:
Հ. Գ. ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ շուտով լույս կտեսնեն «ՀՅԴ-ն խորհրդարանում» եւ «ՀՅԴ-ն կառավարությունում» գրքույկները, ուր կուսակցությունը հանդես կգա իր գործունեության հաշվետվությամբ: