Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԸ ԿՐԱԿՈՒՄ Է ԱՎՏՈՄԱՏՈՎ՝ ՖՈՒՏԲՈԼ ՉԽԱՂԱՆՔ

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"Առաջարկում է «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող խմբի եւ ՀՀՇ-ի անդամ Կարապետ Ռուբինյանը:

– «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ստեղծման օրվանից առանձին ԶԼՄ-ներ պնդում են, թե այս կառույցի արմատները Մոսկվայում են: Պնդման օգտին հնչած միակ բացատրությունը նախաձեռնողների կողքին ռուսամետ Գառնիկ Մարգարյանի առկայությունն է: Ունե՞ք նման մեկնաբանությունների այլ բացատրություն:

– Մի քանի բացատրություններ կարող եմ բերել: Նախ՝ մենք հայտարարել ենք, որ Անհնազանդության շարժումը վերկուսակցական եւ ապագաղափարախոսական է: Գտնում ենք, որ ներկա պահին գաղափարախոսական որեւէ պայքար մղելն անիմաստ է, քանի որ դիմացդ ոչ թե ինչ-որ քաղաքական կամ գաղափարական ուժ է, այլ հանցախումբ: Դրանից ելնելով՝ ասում ենք, որ բոլորս պետք է մեր գաղափարական տարաձայնությունները մի կողմ դնենք եւ միավորվենք 2 խնդիրների շուրջ: Առաջինը՝ հանցախումբը պետք է հեռանա, երկրորդը՝ քաղաքացիական անհնազանդության ալիքի վրա, այսինքն՝ ժողովրդի աջակցությամբ, պետք է ապահովենք արտահերթ արդար նախագահական ընտրություններ: Այս սկզբունքներից ելնելով՝ փորձում ենք միավորել տարբեր գաղափարախոսություն կրողների ու հասարակության մեջ տարբեր իմիջ ունեցող մարդկանց: Նրանցից մեկը համարվում է ռուսամետ, մյուսը՝ ամերիկամետ, երրորդն էլ ընդհանրապես ոչմիբանամետ է: Ասենք, Հայրենիքի համար կռված տղաներ են, որոնց քիչ բան է հետաքրքրում, բացի նրանից, թե հողերը տալի՞ս են: Մենք բոլորի հետ էլ պատրաստ ենք աշխատել, քանի որ կարծում ենք, որ այդ 2 խնդիրներն այս պահին մեր ժողովրդի համար օրհասական են:

Երկրորդ պատճառն ինձ համար ենթադրությունների ոլորտում է: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանին շատ է անհանգստացնում գունավոր հեղափոխությունների շարանը: Եվ ինչքան հասկանում եմ, ՌԴ վերնախավում ինչ-որ վերլուծություններ են արվել, թե բավական է աջակցենք կրիմինալ իշխանություններին՝ դրանով այդ ժողովուրդներին մեր դեմ ենք հանում, ստեղծում հակառուսական տրամադրություններ: Բացի դրանից՝ այդ կրիմինալ իշխանությունները շատ թույլ են ու, նախ՝ ցանկացած պահի կարող են փոխել իրենց տիրոջը, եւ երկրորդը՝ ցանկացած պահի կարող են տապալվել, մանավանդ որ՝ ամերիկացիները շահագրգռված են դրանում: Եվ կարծում եմ, ՌԴ վերնախավի շրջանակներում ակտիվ խոսակցություններ կան, որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ կրիմինալ վերնախավից որեւէ մեկն այլեւս չի ունենալու աջակցություն: Նաեւ խոսակցություններ կան, որ պետք է որեւէ առողջ քաղաքական ուժի նպաստել գալ իշխանության: Այդ լուրերը հազար խողովակներով գալիս-հասնում են Հայաստան. երեւի դա էլ է տեղիք տալիս նման ենթադրությունների:

– Շարժումն արդեն կազմակերպել է մի քանի միջոցառումներ: Եվ ասենք, նախագահի նստավայրի առջեւ ցույցի ժամանակ լսեցի քաղաքացուհիներից մեկից մի հարց. «Էս հին ՀՀՇ-ականներն էստեղ ի՞նչ են անում»: Իրոք՝ սեփականությունից զրկված քաղաքացիները 2 տարի իրենց համար պայքարում էին, իսկ հիմա հավակնություն ունեք, որ նրանք հանդես են գալու ձեր շարժման՝ քաղաքացիական անհնազանդության դրոշի՞ ներքո:

– Շարժման առաջնահերթ խնդիրը ժողովրդի միջից վախը հանելն է, քանի որ բռնապետությանը միշտ ձեռնտու է ժողովրդին վախի եւ անհուսության մթնոլորտում պահելը՝ դրանով ապահովագրում են իրենց ապօրինի իշխանությունը: Ժողովրդին այդ հոգեվիճակից կարելի է հանել, երբ քո անձնական օրինակով ցույց ես տալիս, որ հրեշն այնքան էլ վտանգավոր չէ: Իսկ եթե նաեւ հասկացնում ես, որ հրեշն ընդհանրապես վտանգավոր չէ, երբ զրկված է ժողովրդից՝ որպես հենարան, այն ուղղակի փլվում է ավազե հսկայի պես: Հիմա՝ մեր այնտեղ հայտնվելը նախ զորակցություն էր այսքան տարիներ ապարդյուն պայքարող այդ մարդկանց: Կարծում եմ, որ Քոչարյանի համար ոչ մի խնդիր չկար, որ իր հովանավորյալ մեծահարուստներին, որոնց շահերից ելնելով էր կատարվում այդ ամբողջը՝ կանչեր եւ ասեր, որ ժողովրդի հուզմունքը չափն անցնում է, ամեն մեկին մի կտոր բան տվեք՝ թող լռեն: Հարց է ծագում՝ ինչո՞ւ նա չի անում դա:

– Պատասխանը հայտնի է՝ Քոչարյանը նման զիջումների չի գնում:

– Այո, իր անփառունակ իշխանավարման բոլոր տարիներին նա պահպանել է այդ սկզբունքը: Եթե նույնիսկ զիջումն իրենից ոչինչ չի պահանջում՝ անպայման փորձում է ցուցադրաբար կոտրել ժողովրդին, որ դաս լինի եւ մնան հնազանդության շրջանակներում: Անհնազանդության շարժման առաջնահերթ խնդիրներից մեկն այդ շրջանակները կոտրելն է:

– Ասֆալտին նկարելո՞վ եւ միջոցառումների ընթացքում երգելով ու նվագելո՞վ:

– Գոյություն ունի անհնազանդության շարժման՝ քաղաքական խաղաղ պայքարի տեսություն, եւ գրքերից մեկում շարադրվում է արտահայտման 158 տարբերակ: Պարզ է, որ դա էլ ամբողջական չէ: Այստեղ կարեւորն այն է, որ որոշել ես ցույց տալ քո անհամաձայնությունը վարչակարգի գոյությանը եւ չես հարմարվում, որ Հայաստանը պիտի լինի կրիմինալի երկիր, պիտի լինեն արտոնյալներ ու կեղծվեն ընտրությունները: Ամեն մեկն իր ձեւով կարող է դա արտահայտել: Կան շատ փափուկ ձեւեր: Ենթադրենք, որոշում է կայացվում, որ նախագահի նստավայրի մոտով անցնող յուրաքանչյուր մեքենա շչակ է միացնում: Դրա համար ընդամենը համարձակություն է պետք, քանի որ պետավտոտեսուչը կարող է համարանիշդ գրել ու տուգանք նշանակել: Դրանից մեղմն էլ կա, որ ընդհանրապես չի առաջացնում որեւէ պատասխանատվություն՝ լուսարձակը եւ վթարային թարթիչները միացրած ես անցնում Բաղրամյան փողոցի այդ հատվածը: Եվ նման փափուկ ու կոշտ ձեւերով ստեղծվում է մի մթնոլորտ երկրում, երբ հասարակությունը դառնում է անկառավարելի, այսինքն՝ հրաժարվում է համագործակցել վարչակարգի հետ:

– Իսկ ի՞նչն էր խանգարում այս ամենն իրականացնել արդեն իսկ եղած կառույցներում՝ ՀՀՇ-ում կամ «Այլընտրանքում»: Անպայման մի նոր կառույց ստեղծելը հավակնությունների արտահայտությո՞ւն չէ:

– «Այլընտրանքի» դեպքում (մեծագույն հարգանքով այն գործիչների հանդեպ, որոնք միավորվել են այս խմբում) տեսնում եմ մի խանգարող հանգամանք: Այնտեղ հրապարակվեց սկզբունք, թե ընդդիմադիր շարժումը մինչ այս հաջողության չի հասել այն պատճառով, որ չի միավորվել քաղաքական կուռ գաղափարախոսության շուրջ, եւ տարաձայնությունները թուլացրել են շարժումը: Սա ուղղակիորեն հակասում է մեր մոտեցմանը, թե կուռ գաղափարախոսության շուրջ միավորված ոչ մի խումբ չի հասնի հաջողության, քանի որ դու ֆուտբոլ ես խաղում, իսկ դիմացինդ կրակում է ավտոմատով: Գաղափարախոսական դաշտում պայքար չի՛ կարող լինել այս վարչակարգի հետ, որը գնում է ցանկացած հանցագործության՝ իր իշխանությունը պահպանելու համար:

Իսկ ՀՀՇ-ն, ցավոք, վերջին տարիներին մատնված է եղել անգործության: Հիմա սկսեցին թերթ հրապարակել՝ ես ողջունում եմ, դա ակտիվության նշան է: Տա Աստված, որ ՀՀՇ-ն վերադառնա քաղաքական թատերաբեմ. ես դա կողջունեմ, քանի որ նրանք իմ գաղափարակիցներն են: Բայց միեւնույն է՝ որեւէ կուսակցություն առանձին չի կարող ստանձնել հասարակության համախմբող դերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել