Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼՆ» ԱՐԴԵՆ «ՅՈՒՂ Է ՎԱՌՈՒՄ»

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"Կասեր Ռոբերտ Քոչարյանը, եթե ներկա լիներ «հակակրիմինալ» շարժման երեկվա նիստին, որտեղ լսումների թեմաների վերաբերյալ փաթեթով առաջարկներ ստացվեցին:

Հակակրիմինալ շարժումը երեկ կայաց ած իր հերթական ու հախուռն ընթացած նիստում փորձում էր որոշել շարժման առաջիկա քննարկելիք հարցերը՝ ըստ առաջնահերթությունների: Կային մի քանի առաջարկներ, որոնցից մեկի հեղինակը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էր: Նա «հակակրիմինալին» էր ներկայացրել մի հայտարարության նախագիծ, որը կառուցված էր իր ամենասիրած թեմայի՝ «ԿԳԲ-ի գործակալներին բացահայտելուն» ու նրանց անունները հրապարակելու անհրաժեշտության վրա: Կրիմինալի դեմ պայքարի համատեքստում իր նախաձեռնությունը քննարկելու անհրաժեշտությունը ԱԻՄ նախագահն այսպես փաստարկեց. «ՀՀ Քրեական օրենսգրքով գաղտնի գործակալների՝ այլ պետությունների լրտեսների ու հայրենիքի դավաճանների համար ծանր պատիժ է նախատեսված, բայց կա նաեւ մեկ այլ դրույթ, որով պետության համար վտանգ ներկայացնող այդ մարդիկ պատժից ազատվում են, եթե կամավոր խոստովանում են իրենց հանցավոր կապը: Առաջարկում եմ, որ բոլոր գործակալները՝ սկսած Անդրանիկ Մարգարյանից, հանդես գան խոստովանական հայտարարությամբ: Ներում ստանալուց հետո պետությունը պետք է որոշի նրանց 5 տարի ժամանակով արգելել աշխատել պետական համակարգում»,- իր առաջարկի էությունը պարզաբանեց ԱԻՄ-ի նախագահն ու հավելեց՝ «ով չխոստովանի՝ պետք է դատվի համապատասխան օրենքով»: Հայրիկյանի առաջարկած հայտարարության տեքստում նաեւ այսպիսի տողեր կային՝ «առավել մեծ վտանգ են ներկայացնում պետական համակարգ ներթափանցած գաղտնի գործակալները: Նրանք զբաղեցնելով պետական բարձր դիրքեր՝ իրենց որոշումներով ծառայում են այն գործակալական ցանցին, որից կազմակերպական եւ բարոյահոգեբանական կախվածության մեջ են գտնվում»: Քննարկմանը ներկաներից ոչ ոք ԱԻՄ նախագահի նախաձեռնությանը սկզբունքորեն դեմ չէր, բայց ուներ որոշակի վերապահումներ, ուստի՝ որոշվեց հայտարարության բովանդակությանը ծանոթանալու ժամանակ տալ ու հաջորդ նիստում դրա շուրջ քննարկումներ անել: «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանն էլ իր դարդերը հիշեց ու առաջարկեց քննարկել նաեւ քաղաքական դաշտում ներդրված գործակալների հարցը, բարեգործություն անող քաղաքական կազմակերպությունների ու դրանց առաջնորդների գործունեությունը, որոնք արդեն այսօր են սկսել ընտրակաշառք բաժանելու ու ընտրությունները կեղծելու պրոցեսը: «Առաջարկում եմ մի լսում էլ նվիրել քաղաքական դաշտում ուժային կառույցների ու կրիմինալի դերին: Սրանք ընտրությունների ժամանակ համագործակցված են գործում, բռնություններ են կիրառում հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, հետո էլ բռնում՝ տանում են բաժին: Սա պետք է ֆիքսել, որ երբ մենք գնանք Բաղրամյանով անցնելու, չասեն, թե ինչի ենք գնում»,- հայտարարեց Ա. Կարապետյանը:

«Ազգային միաբանությունը» ներկայացնող Գագիկ Թադեւոսյանի առաջարկության իմաստն էլ այս էր՝ «հակակրիմինալում» ստեղծել մասնագիտացված խումբ, որը հետեւողականորեն կզբաղվի իրենց ու նաեւ մամուլի կողմից մատնանշված քրեական տարրերի կոնկրետ անուններ ու հանցագործություններ մատնանշած փաստերի առնչությամբ իրավապահներից պաշտոնական պատասխաններ կորզելով: Նա էլի մի առաջարկ արեց՝ ուսումնասիրել այն քաղաքական ուժերի ու գործիչների գործունեությունը, որոնք բարեգործության անվան տակ այսօր ընտրակաշառք են բաժանում երկրով մեկ. «Եկեք ուսումնասիրենք՝ էդ մարդը, որ բարեգործություն է անում, անում է իր գրպանի՞, թե՞ պետության հաշվին ու իր հարկային պարտավորությունները լիարժեքորեն կատարո՞ւմ է, թե՞ ոչ»: Նա նաեւ առաջարկեց լսումներ կազմակերպել «Լրատվության դերը կրիմինալի դեմ պայքարում» թեմայով:

Առաջարկ արեց նաեւ նիստը վարող ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա ողջունեց ընդդիմադիր տարբեր միավորումների՝ «Քաղաքացիական շարժման», «Քաղաքացիական անհնազանդության շարժման», նաեւ «Այլընտրանքի»՝ ռեժիմին հակադրվելու նախաձեռնությունները ու առաջարկեց «հակակրիմինալին» համագործակցել այդ միավորումների հետ: «Իշխանությունը մոբիլիզացնում է իր ուժերը, ընդդիմությունը միամիտ կլինի, եթե չմիավորվի»,- հայտարարեց Հովհ. Հովհաննիսյանը: Առաջարկը, կարծես, Պ. Հայրիկյանի սրտով չէր: Նա կասկածի տակ առավ միավորվելու նպատակահարմարությունը, որովհետեւ, ըստ նրա, այդ շարժումներում ներգրավված մարդիկ իրենք մինչեւ օրս չեն միավորվել կարեւոր հարցի՝ կրիմինալի դեմ պայքարի շուրջ: «Չստացվի, որ մենք փուչիկ ուռճացնող ենք»,- պարզաբանեց Պ. Հայրիկյանը:

«Հակակրիմինալի» հաջորդ քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել