Հարցազրույց օպերային հայտնի երգիչ Բարսեղ Թումանյանի հետ
– Օրերս եք վերադարձել Բեռլինից, որտեղ ֆիլհարմոնիկ համերգասրահի երկու լեփլեցուն դահլիճներում միաժամանակ ընթանում էին ձեր եւ «Բեռլին-ֆիլհարմոնիկի» համերգները: Ստացվում է այնպես, որ արտերկրում ավելի շատ եք ելույթ ունենում՝ 4-5 համերգ, այստեղ ընդամենը 1-2-ը: Հասկանալի է, որ տարիներ շարունակ օպերայում չենք տեսնում ձեզ՝ համապատասխան ներկայացումներ չլինելու պատճառով: Այս առիթով ինչպե՞ս կարդարանաք ձեր արվեստի երկրպագուների առջեւ:
– Համամիտ եմ ձեզ հետ: Ստացվել է այնպես, որ դրսում ավելի շատ եմ բեմ դուրս գալիս, քան այստեղ: Տարբեր առիթներով միշտ ասել եմ հայ ունկնդրի ֆենոմենի մասին: Աշխարհում մերոնք ամենախիստն են: Եթե ցանկացած հայ արվեստագետ այստեղ դիմանա հայ հանդիսատեսի փորձությանը, արտերկրում, հավատացնում եմ, խնդիր չի ունենա: Ինչպես ցանկացած արվեստագետ, ես էլ ունեմ իմ սկզբունքները: Դերերգեր կան, որոնցում ես պարզապես անելիք չունեմ: Իսկ երբ կբեմադրվի, օրինակ, «Դավիթ Բեկը», «Արշակ Երկրորդը» կամ արեւմտահայ իմ նախընտրելի օպերաներից, իհարկե, ինձ կհանդիպեք բեմում: Չեմ արդարանում, բայց կարծում եմ, որ երեւանյան մեկ-երկու մենահամերգները, որ ունենում եմ, բավարարում են ինձ եւ ունկնդրիս:
– Ասում են՝ համագործակցել եք միջազգային հիմնադրամների հետ եւ հաջորդ տարի պատրաստվում եք գործունեություն ծավալել հեղինակավոր «Ռենեսանսի» հետ…
– Ես միշտ էլ զբաղվել եմ կազմակերպչական աշխատանքներով՝ մշակույթի ոլորտում: Օրինակ, ձեր նշած «Ռենեսանս» ֆոնդը չի սահմանափակվում միայն համերգներ կազմակերպելով: Նրա գործունեությունն աննկարագրելի ծավալուն է՝ սկսած երաժիշտներին թոշակներ տրամադրելուց՝ մինչեւ հովանավորչական մեծ ծրագրեր: Հայաստանում էլ աշխատում եմ պիտանի լինել: Պարապում եմ ցանկացած վոկալիստի հետ, որը պետք է մրցույթների մասնակցի: Հնարավոր է՝ բացեմ իմ դպրոցը, որը չի լինի զուտ եկամտի աղբյուր: Նշեմ, սակայն, որ նման դպրոցները ամենեւին էլ «Աստղերի ֆաբրիկա» չեն: Մյուս կողմից էլ, ինքս դեռ գործող երգիչ եմ եւ ժամանակ չունեմ զրոյից վոկալիստ պատրաստելու համար:
– Այսօր օպերային արվեստը քաղաքակիրթ եվրոպաներում կարծես այլեւս մոդայիկ չէ: Ըստ ձեզ, ո՞րն է դրա պատճառը:
– Այո, ասօր Եվրոպայում օպերան մի տեսակ հետին պլան է մղվել: Օրինակ, գերմանացիներն արդեն չեն կարողանում հանգիստ նստել ու երեք ժամ օպերային ներկայացում դիտել: Ինչո՞ւ, որովհետեւ աշխարհում լուրջ մշակույթի հանդեպ տարվող քաղաքականությունն է փոխվել: Օրինակ, ուր էլ գնաս՝ հանդիպում ես «սեքս սիմվոլ» արտահայտությանը: Չեմ հասկանում՝ ուրիշ համարժեք բառ չկա՞, ասենք՝ հմայիչ, գայթակղիչ… Աշխարհը այլեւս որոշել է թեթեւ ապրել: Այդքան խոսում են պրոդյուսերական կենտրոնների մասին, որոնք կարեւոր են արվեստագետի կայացումն ու գործունեությունը խթանելու համար, ո՞ւր են դրանք Հայաստանում: Ի՞նչ անեն անհատ արվեստագետները: Ստիպված են անհատական կապերի միջոցով երեւալ, դուրս գալ այս կամ այն բեմ, եւ վերջ: Լուրջ վերաբերմունք է պետք: Կրկնում եմ՝ քաղաքականություն: Արվեստը այսօր տուժում է նաեւ միջազգային ճգնաժամերի (պատերազմներ, հարձակումներ եւ այլն) պատճառով: Նշեմ, որ ցանկացած երկրի արվեստ նախ կախված է իր երկրի նախագահից: Տարիներ շարունակ ասվում է անցումային փուլում ենք՝ դա էլ կանցնի: Ժամանակ կգա, որ Թուրքիան էլ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ղարաբաղի հարցն էլ կլուծվի: Ամեն ինչ ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի, հարկավոր չէ դրանից ողբերգություն սարքել, որովհետեւ այդ ամենը իր կնիքն է թողնում արվեստի վրա:
– Ասում են՝ Լաս Վեգասում բնակվող ձեր որդին՝ Դավիթը, ընտրել է փոփ արվեստը, իսկ մոսկվաբնակ Ռոբերտը՝ դասականը: Ինչպե՞ս եք նայում նրանց ընտրությանը:
– Երկու որդիներիս ընտրությունն էլ ողջունում եմ: Ինչ վերաբերում է Դավիթին, որ ընտրել է դասական փոփը, դեռ որոնումների մեջ է: Փոփ արվեստում էլ մակարդակ է հարկավոր, քանի որ այն ավելի բարդ է, քան օպերան ու պահանջում է լավ պատրաստվածություն: Ի դեպ, ինքս էլ երգչի իմ կարիերան սկսել եմ ռոքից՝ Պոլիտեխնիկի «Հայասա» խմբում: