Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցանկության դեպքում մեքենային էլ «կխաբեն»

Նոյեմբեր 24,2006 00:00

Արդեն կասկածից վեր է, որ այս ուսումնական տարվա վերջում կներդրվի նոր քննական համակարգը՝ հայոց լեզու, գրականության առարկայից:

ԿԳ նախարարությունը Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հետ համատեղ արդեն տպագրության է պատրաստել այն ուղեցույցները, որոնք դեկտեմբերի սկզբին բուկլետների տեսքով կբաժանվեն բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, կիրազեկեն, թե ինչ մեխանիզմներ են գործելու միասնական եւ ավարտական քննություններում, ինչպես են ստուգվելու գրավորները, ինչ բովանդակություն են ունենալու թեստերը, ինչպես են գնահատվելու, մի խոսքով՝ տեխնիկական եւ բովանդակային բոլոր մանրամասները՝ սկսած քննական կենտրոն մուտք գործելուց: Հաջորդ շաբաթ այս ամենի մասին պաշտոնապես կհայտարարվի, իսկ մինչ այդ, առաջ անցնելով ասենք, որ թեստերի երկու՝ Ա եւ Բ տարբերակներն էլ կենթարկվեն ավտոմատ ստուգման, ինչը նշանակում է, որ համապատասխան փոփոխություններ կկրեն Բ տարբերակի այն բոլոր հարցերը, որոնք ենթադրում էին երկար պատասխաններ՝ գրել շարադրություն, արտահայտել վերաբերմունք, կարծիք եւ այլն: Այսինքն՝ կլինեն ճիշտ պատասխանի ընտրությամբ հարցեր, եւ ի տարբերություն Ա տարբերակի, որտեղ առաջարկվող տարբերակները 4-ն են, Բ տարբերակում դրանք կլինեն 5-ը:

Հայոց լեզու, գրականություն առարկայական հանձնաժողովի նախագահ Դավիթ Գյուրջինյանը երեկ մեզ հետ զրույցում համաձայն էր այն կարծիքին, որ թեստերի փոփոխությունից իրենց աշխատանքն ինչ-որ չափով ջուրն ընկավ, սակայն խմբի ղեկավարը կարծում է, որ այս պահին նման քայլի գնալը ճիշտ էր: «Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ, որ ընտրվեր ոսկե միջինը՝ լինեին նաեւ բաց հարցեր, ինչին, կարծում եմ, հետագայում կգնանք, սակայն այս պահին պետք էր, որ մարդկային միջամտություն չլիներ, մինչեւ որ մեր ժողովուրդն սկսի քննություններին այդքան մեծ կարեւորություն չտալ ու չփորձել ամեն գնով միավոր կորզել»,- ասում է Դ. Գյուրջինյանը: Նույնիսկ փորձարկումների ժամանակ խմբի ղեկավարը, որ նաեւ ստուգող հանձնաժողովի նախագահն էր, ստուգողների կողմից սուբյեկտիվություն է նկատել, ինչն էլ նրան բերել է այն համոզման, որ մեր ազգը դեռեւս պատրաստ չէ մարդկային միջամտությամբ ազնիվ քննություններ անցկացնելուն: Միեւնույն ժամանակ, պրն Գյուրջինյանը չի բացառում, որ մեքենայի գործողություններին միջամտելու փորձեր էլ կլինեն՝ դարձյալ այն պատճառով, որ չափազանց ծանր ենք տանում ընդունելության քննությունները:

Իսկ ի՞նչ առաջարկներ են ներկայացրել քննությունների վերջին փորձարկումից հետո դպրոցների տնօրենները, դիտորդները՝ ԿԳՆ-ին, որոնք հետո հաշվի կառնվեն քննությունների ընթացակարգը լրամշակելիս: ԳԹԿ լրատվականից մեր խնդրանքով առաջարկությունների շարքից առանձնացրին մի քանիսը: Տնօրեններից մեկը, օրինակ, առաջարկել է տուգանք սահմանել քննական կետի ղեկավարի ու կազմակերպչի համար, ով ընթացակարգային խախտում թույլ կտա: Բացի այդ, առաջարկվում է կազմակերպիչներին ընտրել նախապես հայտարարված մրցույթի արդյունքում եւ նրանց համար սահմանել աշխատավարձ: Նաեւ՝ հեռուստահաղորդումների, թոք-շոուների միջոցով պարբերաբար քննարկումներ ծավալել քննական մեխանիզմների շուրջ: Դիտորդ ուսուցիչներից մեկը նույնիսկ առաջարկել է, որպեսզի մուտքի մոտ հերթապահ ընտրելիս հաշվի առնվի նրա հայկական կրթությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը եւ անգամ՝ սուր տեսողությունը (՞):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել