Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ՇԱՄՊԱՅՆ ՉԵՆ ԽՄԻ

Նոյեմբեր 24,2006 00:00

\"\"2007-ի բյուջեն որոշ նախարարների սրտով չի լինի

Անցյալ տարի, երբ Ազգային ժողովը հաստատեց 2006-ի պետական բյուջեն, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատգամավորներին, վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին հրավիրեց շամպայն խմելու եւ նոր բյուջեն տոնելու: Առայժմ թեեւ հայտնի չէ՝ ԱԺ նոր նախագահ Տիգրան Թորոսյանը 2007-ի բյուջեն հաստատվելուց հետո շամպայն կհյուրասիրի՞, թե՞ ոչ, բայց մի բան միանշանակ պարզ է՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ու գիտության ոլորտի ներկայացուցիչներն այդ առիթով շամպայն խմելու «սիրտ չեն ունենա»: Բնապահպանության նախարարն ընթացիկ տարվա ընթացքում անընդհատ դժգոհում էր, որ իր ղեկավարած գերատեսչության համար նախատեսված գումարները շատ քիչ են ու երբ չարած գործերից խոսք էր գնում՝ երեսով էր տալիս բյուջեի սղությունը: Պարոն Այվազյանը վերջերս «Առավոտի» հետ զրույցում հավատացած էր, որ գոնե 2007-ի բյուջեն իր հույսերը կարդարացնի, նա ծրագրեր էր մշակել, որ մյուս տարվա հատկացումներով առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու արգելոցների պահպանությանը, սակայն չնայած տնտեսության, հարկային եկամուտների եւ բյուջեի ծավալների աճին, 2007-ի նախագծով բնապահպանության նախարարությանը տրամադրվելիք գումարները նախորդ տարվա համեմատ նույնիսկ 2 միլիարդ դրամով էլ չեն ավելացել: 2006-ին նախարարությանը տրամադրվել էր 5 մլրդ 790 մլն դրամ, այս տարի՝ 7 մլրդ 154 մլն: Ինչ վերաբերում է արգելոցների պահպանման հետ կապված նախարարի այն պլաններին, որ ձիեր, մեքենաներ ու նոր անվտանգության սարքավորումներ պետք է ձեռք բերեն ավելացած գումարներով՝ նախագծով բնության հատուկ պահպանվող տարածքների համար ընդհանուր առմամբ նախատեսվել է գրեթե այնքան, որքան նախորդ տարի՝ 519.5 մլն դրամ, այսինքն՝ ավելացում, ըստ էության, չկա:

Գիտնականներն ու գիտության ոլորտի պատասխանատուներն էլ ԱԺ-ում քննարկվող նախագծից լուրջ սպասելիքներ չունեն: Չնայած մեր իշխանությունները գիտությունը հայտարարել են տնտեսության զարգացման հիմնական ճյուղ ու որոշել զարկ տալ ինովացիոն (գիտության վրա հիմնված) տնտեսությանը, բայց 2007-ի բյուջեի նախագծով գիտությանը որոշել են հատկացնել գրեթե նույն խղճուկ գումարը, ինչ նախորդ տարի է հատկացվել: 2006-ին կրթությանն ու գիտությանը միասին նախատեսվել էր մոտ 82.5 մլրդ դրամ, որից գիտությանը բաժին էր ընկնում ընդամենը 5 մլրդ 190 մլն-ը:

Իսկ այս տարվա նախագծով նույն ոլորտների համար 92.5 մլրդ դրամ է նախատեսված, այսինքն՝ 10 միլիարդով ավելի, բայց գիտության համար հատկացվող գումարներն ավելացել են ընդամենը կես մլն դրամով՝ կազմելով 5 մլրդ 712 մլն դրամ: Հիշեցնենք, որ երբ հաստատվեց 2006-ի բյուջեն, գիտնականներն ու ակադեմիկոսները բողոքի մեծ ալիք բարձրացրին՝ դժգոհելով, որ հատկացվող գումարը բավարար չէ գիտության բնագավառի աշխատողների միջին աշխատավարձերի փաստացի բարձրացման համար, մանավանդ որ, դրանք ավելի ցածր են, քան բժիշկների եւ ուսուցիչների աշխատավարձերը:

Չնայած մեր կառավարության ներկայացուցիչներն առիթ-անառիթ Հայաստանում զբոսաշրջության զարգացումից են խոսում, բայց այդ ճյուղի զարգացման համար տրամադրվող գումարները 2006-ի համեմատ մի բան էլ կրճատվել են՝ մոտ 55 մլն-ով. ընթացիկ տարում 305 մլն 400 հազար էր հատկացվել, իսկ այս տարի նախատեսվել է շատ համեստ գումար՝ 250 մլն դրամ: Սա կարելի է բացատրել միայն նրանով, որ ՀՀ կառավարությունը զբոսաշրջությունը մեր երկրում արդեն համարում է զարգացած: Զբոսաշրջության զարգացման հիմնական խթան են հանդիսանում ենթակառուցվածքները, բայց նոր բյուջեի նախագծով տրանսպորտի եւ կապի նախարարությանը հատկացվող գումարներն էլ, ըստ էության, հարց չեն լուծի, քանի որ հանրապետության միջմարզային եւ միջազգային շատ ճանապարհներ դեռ վերանորոգման կարիք ունեն, իսկ նախարարության բյուջեն ընդամենը 1 մլրդ դրամով է ավելացել՝ դառնալով 21 մլրդ 240 մլն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն նախորդ տարվա 55 մլրդ 869 մլն-ի համեմատ ավելացել է՝ դառնալով 64 մլրդ 35 մլն, բայց կենսաթոշակայինին բյուջեի ավելացումներից քիչ բաժին է հասել՝ ընդամենը 900 մլն-ով ավելի, քան նախորդ տարի:

Աղբահանության, թափոնների վերամշակման եւ փողոցների մաքրման համար անցյալ տարի ավելի շատ գումար էր նախատեսվել, քան այս տարի: 2006-ին՝ 31 մլն-ից ավելի էր, իսկ այս տարի 20 մլն-ի էլ չի հասնում: Հաշվի առնելով, թե մաքրության եւ աղբահանության առումով ներկայումս ինչ անմխիթար վիճակում են մեր փողոցները, կարելի է պատկերացնել, թե հաջորդ տարի ինչ փնթի հանրապետությունում ենք ապրելու:

Առողջապահության նախարարությունը ոչ ընթացիկ, ոչ էլ հաջորդ տարի դժգոհելու տեղ չունի, որովհետեւ, եթե 2006-ին նրա բյուջեն մոտ 40 մլրդ էր, ապա հաջորդ տարի մոտ 8 մլրդ-ով կավելանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել