Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԱՀԵՍՏԻ ՀԱՄԲԱԼԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴ»

Նոյեմբեր 24,2006 00:00

Սա ընդամենը մեկն է այն անձնական վիրավորանքներից, որոնք ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հասցեագրեց Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին:

Հիշեցնենք, որ երբ ՀՌԱԿ-ը հայտարարեց Կոնգրեսից դուրս գալու մասին՝ Արա Աբրահամյանը մի շարք վիրավորանքներ լրատվամիջոցներով ուղղեց ե՛ւ ՀՌԱԿ-ին, ե՛ւ նրա ատենապետին: «Ինչ վերաբերում է այդ փողոցային, խուլիգանական արտահայտություններին՝ իմ եւ կուսակցության հասցեին, դա երեւի գալիս է այն ծանր մանկությունից, որ ինքն անցել է: Այդ կիսանկուղային տարածքում մեծանալը, հետո պահեստի բանվո՜ր, բա՜ն: Երեւի այդ մտածողությունն է իր մոտ գերիշխող»,- երեկ ասաց Հարություն Առաքելյանը: Նաեւ զարմացավ. «Նրա ծնողները շատ լավ մարդիկ են. էդ բառադին ո՞ւմ է քաշել՝ չեմ հասկանում»:

Նրա որակումներն «Առավոտը» չէր մեջբերի հեղինակային նյութում, սակայն այս ամենն ասվել է ասուլիսում: «Ինքն ինձ շատ-շատ է ջղայնացրել, ահավո՛ր, կյանքում ես այդպես ջղայնացած չեմ եղել: Ես իրեն հետապնդելու եմ, սփյուռքում, բոլոր տեղերում: Թող փորձի մեկ ազգային, համազգային ծրագիր իրականացնել: Էն ո՞նց ա, ճանճը մտնում է տուն՝ փայտն առած ուզում ես սատկացնել, չէ՞, ուրեմն՝ նման մի գործելաոճ իրա հանդեպ մենք կիրառելու ենք»,- ասաց Հարություն Առաքելյանը: Լրագրողներից մեկը նրան փոխանցեց Արա Աբրահամյանի ասածը, թե այս աժիոտաժը ՀՌԱԿ-ը բարձրացրել է նրա համար, քանի որ զրկվել է իր ոսկե հովանավորից: «Այս 3 տարի եթե այդ ոսկե հորթիկը ասի, որ մեզ ինչ-որ բանով ֆինանսավորել է ու մենք հիմա զրկվել ենք՝ նա ուրեմն հերթական սուտն ասած կլինի»,- ի պատասխան ասաց պրն Առաքելյանը: Ըստ նրա՝ 2003-ի ԱԺ-ի ընտրությանն էլ Աբրահամյանը չի օգնել ՀՌԱԿ-ին: Հարություն Առաքելյանը պնդեց, որ մեծ աղմուկ հանած համակարգիչների բաժանումից շահեց ոչ թե ՀՌԱԿ-ը, այլ Հայաստանի կրթական համակարգը. «Կթու կովը եթե կար, ինչո՞ւ չկթեինք»:

ՀՌԱԿ ատենապետը հայտնեց, որ Արա Աբրահամյանի վարքագիծը բարկացրել է նաեւ Սփյուռքի ռամկավարներին, որոնք բողոքում են, թե «ո՞նց չեն իմացել, որ նման տգետը ղեկավարում է մի ամբողջ համահայկական կոնգրես»: Եվ համոզմունք հայտնեց. «Կարծում եմ, որ Ռուսաստանի գաղտնի ծառայությունը Արա Աբրահամյանին «2» է նշանակել կոնգրեսի վատ աշխատանքի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել