Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրայզայի նոր բացահայտումը

Նոյեմբեր 24,2006 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի առաջընթացի են հասել «այսպես կոչված՝ գրավյալ տարածքների վերադարձման եւ կարգավիճակի հարցի փոխկապակցվածության ընկալման» հարցում:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ամերիկացի միջնորդն այս մասին ասել է նոյեմբերի 16-ին Վիեննայում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Զրույցի սղագրությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով գրասենյակի կողմից տարածվել է նոյեմբերի 22-ին: «Առաջընթաց կա: Երբ ես հունիսին Վիեննայում էի, համանախագահները հայտարարեցին, որ մենք մտադիր ենք դադար վերցնել եւ սպասել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների արձագանքին՝ միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ: Մենք ասացինք նախագահներին. կարող եք բարելավել այդ սկզբունքները կամ էլ մերժել դրանք, բայց գնդակը ձեր դաշտում է: Մենք չենք ցանկանում, որ դուք միջնորդներին մեղադրեք առաջընթացի բացակայության համար: Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները երեք անգամ հանդիպել են: Քանի որ մեր առաջարկած հիմնական սկզբունքների բարելավման գործընթացը ձեռք բերեց բավարար տեմպ, մենք առաջարկեցինք կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում, որը, ըստ ամենայնի, կկայանա նոյեմբերի 28-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում: Այսպիսով, առաջընթաց կա»,- ասել է Մեթյու Բրայզան: Ամերիկացի միջնորդն ընդգծել է, որ առաջխաղացումը վերաբերում է «այսպես կոչված՝ գրավյալ տարածքների վերադարձման եւ կարգավիճակի հարցի փոխկապակցվածության» ընկալմանը: «Չեմ կարող մանրամասնել, սակայն կողմերը ստեղծագործ եւ կառուցողական կերպով են մտածել կարգավիճակի որոշման եւ տարածքների վերադարձման հարցերի շուրջ»,- բացահայտել է Մեթյու Բրայզան:

Երեկ իսկ ԵԱՀԿ ՄԽ ռուս եւ ֆրանսիացի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ըստ «Արմինֆոյի», դրանում, մասնավորապես, ասված է. «Նոյեմբերի 20-21-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն (գործում էր նաեւ ԱՄՆ համանախագահի անունից) եւ Յուրի Մերզլյակովն այցելեցին Երեւան եւ Բաքու: Անցկացվեցին հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳ նախարարների հետ: Բանակցությունների արդյունքում երկու նախագահներն ընդունեցին առաջիկա շաբաթում Մինսկում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում հանդիպում անցկացնելու վերաբերյալ համանախագահների առաջարկությունը: Երկու երկրների արտգործնախարարների եւ նախագահների հետ ներկայիս հանդիպումների լույսի ներքո համանախագահներն ակնկալում են, որ նախագահների՝ Մինսկում կայանալիք այդ հանդիպումը երկու կողմերին թույլ կտա նոր քայլ կատարել դեպի ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը, որին այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում հավանություն են տվել Մեծ ութնյակի ղեկավարները, եւ որոնք մինչ օրս մնում են բանակցությունների սեղանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել