Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Նոյեմբեր 24,2006 00:00

\"\"Այն փորձելու է ստեղծել Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Միքայել Ղուկասյանը

Ներկայացնենք մեր զրուցակցին. 1991-ի մայիսից աշխատում էր Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեում: «Ես վերջին ղեկավար սպաներից էի, որին հաստատել էր ՍՍՀՄ ԿԳԲ-ն»,- ասում է Միքայել Ղուկասյանը: Սկզբում աշխատեց որպես ՊԱԿ-ի ղեկավարի տեղակալ՝ կադրերի գծով: Իսկ հետո, երբ արդեն ԱԱՊՎ վերանվանված կառույցը ղեկավարեց Վալերի Պողոսյանը՝ դարձավ առաջին տեղակալ ու կոորդինացնում էր օպերատիվ աշխատանքը, այսինքն՝ հետախուզությունը եւ հակահետախուզությունը, նաեւ գլխավորում էր հետախուզության վարչությունը:

«Այդ ժամանակ պահպանվել էր անվստահության մթնոլորտը դեպի այս կառույցը, որ հիմնականում արտահայտվում էր այսպես՝ բացարձակապես ոչ մի խնդիր չէր դրվում ԱԱՊՎ առջեւ,- պատմեց պրն Ղուկասյանը:- Եվ մենք նույնիսկ ինքներս էինք մտածում, թե ինչով ու ինչպես պիտի զբաղվենք: Բացի այդ՝ երեւի այն ժամանակ մենք էլ էինք տառապում ռոմանտիզմով, ու մեզ իսկապես թվում էր, որ ազգային անվտանգության համակարգը պետք է ծառայի պետությանն ու ազգին, այլ ոչ թե որոշակի մի կուսակցության կամ պետական վերնախավին»: Պատկերացումների այս հակասությամբ է պատճառաբանում, որ 1992-ի վերջին դուրս եկավ այդ համակարգից եւ աշխատանքի անցավ պաշտպանության նախարարությունում՝ որպես հետախուզության վարչության պետ: Այդ ժամանակ նախարարը Վազգեն Մանուկյանն էր, որի հակասությունները նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանրահայտ էին. «Այնուամենայնիվ, նախարարը որոշ ժամանակ արդյունավետ աշխատելու հնարավորություն ունեցավ: Եվ կարծում եմ, որ համընկնում են բանակի կայացման եւ նրա պաշտոնավարման ժամկետները, նաեւ մեր ռազմական հաղթանակները՝ որպես հետեւանք այն կառույցների, որոնք Վազգեն Մանուկյանը հաջողեց ստեղծել շատ կարճ ժամանակում: Իսկ երբ փոքր-ինչ հանդարտվեց վիճակը՝ առաջացան խնդիրներ, որոնց լուծումը Վազգեն Մանուկյանի հեռանալն էր այդ պաշտոնից: Կանխատեսելով այդ հանգուցալուծումը՝ ես նրանից մի քիչ շուտ գնացի»:

Որոշ ժամանակ Միքայել Ղուկասյանը Հայաստանում զբաղվեց բիզնեսով, իսկ 1995-ից տեղափոխվեց Ռուսաստան: Սակայն արդեն 4 տարի է, ինչ վերադարձել է Երեւան եւ այստեղ կազմակերպել արտադրություն:

Այժմ նա մտադիր է ստեղծել մի հասարակական կազմակերպություն, որի անվանման աշխատանքային տարբերակներն են՝ «Միջազգային եւ անվտանգության հարցերով խորհուրդ» կամ «Իրական քաղաքականության երեւանյան ակումբ»: Ըստ պրն Ղուկասյանի՝ «Նմանատիպ կառույցներ կան բոլոր փոքրիշատե նորմալ երկրներում: Ռուսաստանում այն կոչվում է «Արտաքին պաշտպանական քաղաքականության խորհուրդ», իսկ ԱՄՆ-ում՝ «Միջազգային հարաբերությունների խորհուրդ»: Վերջինս հզորագույն լոբբիստական կազմակերպություն է, որը գործնականում որոշում է ԱՄՆ քաղաքականությունը: ՀՀ-ում էլ պիտի ստեղծվի նման կառույց՝ չգործող Ազգային անվտանգության խորհրդի փոխարեն»:

Կազմակերպության հիմնական խնդիրներն այսպես ներկայացրեց. «Դրանք բխում են առկա հիմնական հիմնահարցից՝ այսօր Հայաստանում չկա այնպիսի կուսակցություն, որի ներուժը բավարար լինի դիմակայել ե՛ւ ներկա, ե՛ւ գալիք խնդիրներին, որոնք, համոզված եմ, շատ ավելի բարդ ու վտանգավոր են լինելու Հայաստանի համար: Այս առումով՝ համարում եմ, որ այսօր պետք է ստեղծվի մի համակարգ, որն իր մեջ կներառի ոչ միայն իշխանական, այլ նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին: Ի վերջո, մինչեւ 1998-ն իշխանություն եղածների մեջ կան մարդիկ, որոնք թեկուզ ի պաշտոնե ունեին լուրջ կապեր արտասահմանում, լուրջ մշակումներ ու ծրագրեր՝ այս ամենը կապիտալ է, որը չի կարելի կորցնել: Սակայն եկավ մեկ այլ իշխանություն, եւ այդ ամենը կարծես կորսվեց իրական քաղաքականության համար: Նույնը կկատարվի վաղը: Մենք (պրն Ղուկասյանը պարզաբանեց, որ այդ «մենք»-ը Հայաստանում եւ Ռուսաստանում իր ընկերներն են, որոնց մեջ չկան հայտնի դեմքեր.- Ա. Ի.) փորձում ենք այնպիսի մի կառույց ստեղծել, որը կհամախմբի»:

Նկատեցինք, թե ինքը թերեւս կտրվել է հայկական իրականությունից, քանի որ ենթադրում է, որ մի կառույցում կարելի է միավորել ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներին՝ անտեսելով նրանց միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը եւ փոխադարձ վիրավորանքների հսկայական բեռը: Միքայել Ղուկասյանը չհամաձայնեց. «Իրականում այդպես չէ: Քանի որ ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական դաշտում կան բազմաթիվ քաղաքակիրթ մարդիկ, որոնք երբեւէ վիրավորանքներ չեն հասցեագրել միմյանց: Կամ՝ Ձեր նշած խնդիրները, չգիտես ինչու, վերանում են, երբ նրանք իրար հետ միասին ներկա են լինում որեւէ դեսպանատան ֆուրշեթի: Ուստի չեմ տեսնում որեւէ խնդիր, որ ՀՀԿ մի քանի ներկայացուցիչներ անմիջական մթնոլորտում հանդիպեն ՀՀՇ-ի, ԱԺՄ-ի կամ «Ժառանգության» անդամներին եւ քննարկեն ընդհանուր հարցեր»: Այս գաղափարը նման է այն նախաձեռնությանը, որն արդեն մի քանի տարի է՝ փորձում է իրականացնել Արշակ Սադոյանը. այն է՝ ստեղծել «Քաղաքական էլիտար ակումբ», ուր կհավաքվեն նախկին ու գործող իշխանավորները եւ կխորհրդակցեն մի գավաթ սուրճի շուրջ:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ ՀՀԿ-ն, ՀՀՇ-ն կամ մյուսներն իրար հետ շփվելու համար կարիք ունեն հենց իր միջնորդական առաքելությանը՝ Միքայել Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Ես համոզված չեմ, որ այդ առաքելությունն ավարտվելու է հաջողությամբ: Ուղղակի փորձելու եմ դա անել: Չնայած՝ հաշվի առնելով, որ շատերին գիտեմ, մի քիչ վատ եմ պատկերացնում, թե ինչ հիմնավորումով պիտի հրաժարվեն: Սակայն չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե իմ հիմնական նպատակը հենց այդ է, որ նրանք հանդիպեն ու խոսեն: Եթե այդ հանդիպումներից ու զրույցներից հետո չի փոխվելու ոչինչ՝ դա կդառնա անիմաստ ու անհետաքրքիր զբաղմունք: Համարում եմ, որ այսօր Հայաստանում շատ կարեւոր է ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան լուծել այն խնդիրները, որոնք վաղը հաստատ ծառանալու են մեր առջեւ: Նկատի ունեմ Ղարաբաղի խնդիրը եւ կոռուպցիայի կարեւորագույն հիմնահարցը որոնք ինքն իրեն չեն վերանալու: Հստակեցման կարիք ունի նաեւ արտաքին բացարձակ անորոշ արտաքին քաղաքականությունը: Եվ համոզված եմ, որ առանց ընդդիմության՝ չի լուծվելու ոչ մի խնդիր: Կան հարցեր, որոնց շուրջ ընդդիմադիրներն իրենց տեսակետները չեն կարող հայտնել հրապարակավ՝ դրա համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ պայմաններ: Այդ կառույցում կփորձենք ստեղծել ու քննարկել մեխանիզմներ, կառաջարկենք իշխանություններին իրագործել դրանք, եւ հետո նոր՝ եթե նրանք չհամաձայնեն, կփորձենք պայքարի միջոցով իրականացնել այդ մեխանիզմները»:

Իսկ հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր այս կառույցը կարող է դառնալ Հայաստանի հազարավոր կազմակերպություններից եւս մեկը՝ Միքայել Ղուկասյանը պատասխանեց, թե սա պայմանավորված է նաեւ կազմակերպական լավ կամ վատ մակարդակով. «Ու նաեւ նրանով, թե գործնական իմաստով՝ որքա՞ն կարեւոր խնդիրներ ենք պատրաստվում լուծել: Ուստի չեմ կարծում, թե սա կդառնա N+1-երորդ կազմակերպությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել