Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԷԼԻՏԱՐԸ» ԿՈՄԻՏԱՍՈՒՄ

Նոյեմբեր 24,2006 00:00

\"\"Բնակիչների առողջության եւ ունեցվածքի հաշվին

Երեւանում շատ արագ տեմպերով են աճում էլիտար կոչվող բազմահարկ շենքերն ու այդպիսիք կառուցող ընկերությունները: Ոմանք հեգնում են, թե էլիտար շենք սարքելը պարզապես դարձել է «պրիստիժի» հարց: Դժվար է ասել՝ «Լիբեր» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Արաբյանի համար Կոմիտաս 5 հասցեում 12 հարկանի շենք կառուցելը «պրիստի՞ժ» է, թե՞ եկամտաբեր բիզնես, բայց ակնհայտ է, որ այդ շենքը կառուցելու թույլտվություն ստանալու համար նրանից բավական ջանքեր են պահանջվել՝ Երեւանի քաղաքապետարանի հետ լեզու գտնել, տարածքի վարձակալության գինը գցել, տարածքի մոտակա օբյեկտների տերերի հետ լեզու գտնել այդ օբյեկտներից հրաժարվելու համար եւ այլն: Մերկապարանոց հայտարարություններ չանելու համար մանրամասնենք: 2005թ. մարտի 29-ին, համաձայն Երեւանի քաղաքապետարանի 08.02.2005թ. թիվ 184-Ա որոշման, Արաբկիրի թաղապետը Երեւանի քաղաքապետի անունից քաղաքապետի նույն թվականի նոյեմբերի 25-ի հ. 2616-Ա որոշման հիման վրա հողի վարձակալության պայմանագիր է կնքել Ռ. Արաբյանի հետ առ այն, որ վերջինս Կոմիտասի 5 հասցեում 10 տարի ժամկետով վարձակալում է 1000 քմ մակերեսով տարածք՝ 438.191 դոլարով՝ բազմահարկ շենք կառուցելու նպատակով: Ընդ որում, տարածքը «Լիբերին» տրվել է առանց մրցույթի՝ ուղիղ վաճառքի ձեւով: Բացի այդ, հայտնի է, որ հողի կադաստրային արժեքը որոշվում է ըստ տարածքի գոտիականության: Կոմիտաս 5 հասցեն, որտեղ «Լիբերը» տարածք է վարձակալել, համարվում է 3-րդ գոտի, բայց արի ու տես, որ կնքված պայմանագրում այդ հասցեն ներառվել է 4-րդ գոտում, որտեղ հողի կադաստրային արժեքն ավելի էժան է, քան 3-րդ գոտում:

Թաղապետարանի եւ վարձակալի միջեւ կնքված պայմանագրում նշված է՝ «պարտավորեցնել «Լիբեր» ՍՊԸ-ին վաճառված թիվ 3 ենթակայանի փոխարեն ՓԲԸ-ին թողնված 477.0 քմ հողամասում 200քմ վրա կառուցել մեկհարկանի 2 ենթակայան»: Ավելի պոպուլյար լեզվով ասած, «Լիբերն» իր շենքը պետք է կառուցի այն տարածքի վրա, որտեղ գտնվում է տրամվայ-տրոլեյբուսներին սպասարկող ենթակայանը: Նախատեսվում է ենթակայանը տեղափոխել ու նոր ենթակայան կառուցել բազմահարկ շենքից մի քիչ հեռու ու ավելի մոտիկ՝ արդեն վաղուց գոյություն ունեցող բնակելի շենքերին: Իհարկե, ենթակայանն ավելի պակաս հզորությամբ կգործի, բայց խնդիրն այդ չէ: Բանն այն է, որ ենթակայանի տեղափոխումն ու կառուցումն այդ նոր տեղում արդեն քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտում է, որովհետեւ մասնագետների ասելով, այն ոչ միայն խանգարելու է բնակելի շենքերում ապրողներին, այլեւ կարող է քայքայել նրանց առողջությունը: «Բնակիչներից շատերը դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը: Դա վտանգավոր է, որովհետեւ այդ ենթակայանը, որն ընդհանրապես շահագործման ժամանակ պայթյունով է աշխատում, ունենալու է 2000 կվ ամպեր եւ ստեղծելու է էլեկտրական ու ձայնային ահռելի մագնիսական դաշտ, ինչը վնաս է մարդկանց առողջությանը: Ավելին, քաղաքաշինական նորմերի համաձայն, նման կառույցը պետք է լինի բնակելիներից շուրջ 9-11 մետր հեռավորության վրա: Տվյալ դեպքում նոր ենթակայանը հենց բնակելիների քթի տակ է կառուցվելու»,- պարզաբանեց բողոքավոր բնակիչներից մեկը:

Սա, իհարկե, խնդրի մի կողմն է: Կան էլի խնդիրներ, որոնք կապված են սույն պայմանագրից չբխող կամ դրան անգամ հակասող մանրամասների հետ: Այսպես, պայմանագրում «հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները» ձեւակերպման տողում հստակ նշված է, որ «Լիբեր» ՍՊԸ-ն պարտավոր է չխոչընդոտել հարակից տարածքում առկա ավտոտնակների անարգել ելք ու մուտքը»: Բայց իրականությունն այսօր այն է, որ ՍՊԸ-ի ներկայացուցիչները հիմա սկսել են բանակցություններ վարել իրենց վարձակալած տարածքին հարող հատվածում մի քանի ավտոտնակների տերերի հետ՝ դրանք իրենցով անելու համար: Ավտոտնակների տերերը չեն համաձայնում այն պայմաններին, որոնք առաջարկում է ՍՊԸ-ն: Նրանց ասելով, «Լիբերը» չնչին գներով ուզում է իրենց ավտոտնակներն առնել ու տարածքն իրացնել: Բանն այն է, որ դրանք ՍՊԸ-ին շատ պետք են, որովհետեւ կառուցվելիք շենքի ապագա բնակիչներն առանց այդ տարածքի ո՛չ ավտոմեքենաների կայանատեղի են ունենալու, ո՛չ կարողանալու են ավտոմեքենա մոտեցնել շենքին: Բացի այս, «Լիբերի» տերերը միաժամանակ նույն նպատակով բանակցում են նաեւ իրենց հատկացված տարածքի դիմաց գործող երեք-չորս առեւտրի կետերի սեփականատերերի հետ: Ինչպես ավտոտնակների, այնպես էլ այդ օբյեկտների տերերը, սակայն, չեն համաձայնվում վաճառել իրենց սեփականությունը, թեեւ նրանց վրա լուրջ ճնշումներ կան:

Ի դեպ, նոր ենթակայանի նախագիծն արված է օրինախախտումով, որովհետեւ այդ նախագծի սահմաններում է ընդգրկվել սեփականաշնորհված ավտոտնակների զբաղեցրած տարածքը: Գործող օրենսդրությամբ՝ քանի դեռ սեփականատերերի հետ հարցը լուծված չէ ու տարածքն էլ իրացված չէ, դրա վրա որեւէ նախագիծ չի կարող լինել: Դա՝ օրենքով: Իսկ ո՞վ է հիմա օրենքով աշխատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել