Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԵԴԱՐՁ Է ԱՅՍՕՐ

Նոյեմբեր 23,2006 00:00

\"\"Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը 35 տարեկան է

Ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը պատանիների ու երիտասարդների շրջանում արմատավորելու, հավաքական թիմերի համար որակյալ հերթափոխ եւ ապագա մարզիչ-մանկավարժներ աճեցնելու նպատակով մայրաքաղաքի թիվ 10 գիշերօթիկ դպրոցին 1971 թվականին տրվեց մարզական ուղղվածություն եւ կրթօջախը վերանվանվեց Երեւանի մարզական թեքումով թիվ 10 գիշերօթիկ դպրոց: Կայացման ճանապարհի սկիզբն այնքան էլ հարթ չէր: Հինգ տարվա ընթացքում երեք տնօրեն փոխվեց, մինչեւ 1976-ին կրթօջախի ղեկը վստահվեց Էդուարդ Գրիգորյանին: Նա գիշերօթիկը ղեկավարեց ընդամենը 12 տարի, բայց այդ ընթացքում արձանագրվեցին մարզական առաջին լուրջ նվաճումները: Դպրոցի շրջանավարտներից ծանրորդ Հոգսեն (Օգսեն) Միրզոյանը Սեուլում նվաճեց օլիմպիական «ոսկի», ջրացատկորդուհի Սիրվարդ Էմիրզյանը Մոսկվայում արժանացավ «արծաթի», ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը եւ ծանրորդ Արսեն Մելիքյանը տարբեր տարիների դարձան օլիմպիական բրոնզե մեդալակիր:

1988 թվականից սկսած՝ կրթօջախը ղեկավարում է Դերենիկ Գաբրիելյանը: Վերհիշելով դպրոցի անցած ուղին՝ նա պատմում է. «Լուսահոգի Էդուարդ Գրիգորյանի հետ աշխատելն ինձ շատ բան սովորեցրեց թե աշխատանքների կազմակերպման, թե մարդկային փոխհարաբերությունների եւ թե առկա դժվարությունները հաղթահարելու առումով: Նույն 88-ին սկսվեց արցախյան պատերազմը, երկրի շրջափակումը, հետո եղավ ահավոր երկրաշարժը, դրան հաջորդեց ԽՍՀՄ փլուզումը: Սպորտով զբաղվելու մասին, ասես, ոչ ոք չէր մտածում: Բայց մեր կոլեկտիվն այդ դաժան տարիներին պատվով տարավ բոլոր փորձությունները: Դպրոցի սաներով համալրված կամավորական ջոկատները, որոնք հիմնականում հավաքագրում էր Անկախ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին նախագահ, քաղաքական ու տնտեսական գործիչ Վահան Զատիկյանը, ամենաակտիվ մասնակցությունն ունեցան Արցախի ազատագրմանը: Իսկ այստեղ մնացածներս զբաղված էինք Սումգայիթի ու Բաքվի փախստականներին, այնուհետեւ՝ երկրաշարժից հետո անօթեւան մնացած մեր հայրենակիցներին, հիմնականում՝ Գյումրիի պատանի մարզիկներին դպրոցի տանիքի ներքո հյուրընկալելով: Մեզ մոտ բնակվում էր հարեւան հանրապետությունից փախած 60 ընտանիք: Դպրոցը դարձել էր նրանց տունը: Այդ ընթացքում ծնվեցին երեխաներ, ովքեր նույնպես դարձան մեր սաները, մտերմացան սպորտի հետ: Այդ տարիներին մեր մարզիչներն ու մանկավարժներն անասելի շնորհակալ գործ կատարեցին նրանց ոչ միայն սթրեսներից դուրս բերելու, այլեւ սպորտի հետ կապերը չխզելու նպատակով: Երեխաները շարունակում էին մարզվել, իսկ մրցումների մեկնում էին Գյումրիի դրոշներով: Հիշո՞ւմ եք այն տարիները. լույս չկար, ջեռուցում չկար, սնունդ չկար: Վահան Զատիկյանի շնորհիվ հացի գործարաններից առաջին մեքենաները դպրոց էին գալիս: Երբ նրան հարցնում էին, թե ինչո՞ւ է այդպես վարվում, պատասխանում էր. «Բոլորին էլ իրենց բաժինը կհասնի: Բայց ես չեմ ուզում, որ պատերազմի դաշտում հաղթած ազգի մարզիկները գորգի վրա կամ ռինգում պարտվեն նույն հակառակորդին»: Այնուհետեւ, երբ խորհրդային զորքերը զբաղեցրել էին հիմնականում մարզական օբյեկտները, մեր կոլեկտիվը, հավանաբար, միակը եղավ, որ այն տարիներին մեկ բռունցք դարձած պայքարեց իր տարածքների համար, ու դրանք շարունակեցին ծառայել սպորտին»:

Խնդրեցինք պատմել նաեւ գիշերօթիկի բուն՝ մարզական գործունեության մասին: «Մեր առաքելությունը եղել եւ մնում է հավաքական թիմերի համար կադրեր եւ միջնակարգ կրթությամբ մասնագետներ պատրաստելը,- ասաց Դ. Գաբրիելյանը:- Հիմնադրման տարում մեզ մոտ արմատավորված էր ընդամենը երեք մարզաձեւ: Հիմա դրանց թիվը հասել է 13-ի: Կարծում եմ, մեր գործը վատ չենք անում: Չնայած դժվարություններին, մեր շրջանավարտներից ըմբիշ Արմեն Նազարյանը մինչեւ հիմա էլ մնում է Անկախ Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոնը: Իր գոյության ընթացքում կրթօջախը, որը հիմա կոչվում է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, ընդհանուր առմամբ տվել է օլիմպիական խաղերի, տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների 55 ոսկե, 29 արծաթե եւ 31 բրոնզե մեդալակիր: Մեր շրջանավարտներից 20-ը կրում են հանրապետության վաստակավոր մարզչի, 5-ը՝ սպորտի վաստակավոր վարպետի, 42-ը՝ միջազգային կարգի սպորտի վարպետի եւ 420-ը՝ սպորտի վարպետի կոչում: Եվ սրանք սոսկ չոր թվեր չեն, այլ կոլեկտիվի աշխատանքի արդյունք ու գնահատական: Այսուհետեւ արդյունքներն ավելի պատկառելի կլինեն, քանի որ իրականացել է մեր բոլորի տարիների երազանքը. քոլեջի բոլոր մարզադահլիճները հիմնանորոգվել ու հասցվել են միջազգային չափանիշների, իսկ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի նաեւ նույնպես հիմնանորոգված ննջարանային համալիրը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել