Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՌԻԹ՝ ԿՈՄԻՏԱՍԻՆ ՀԻՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 23,2006 00:00

Ինչպես էր Աղասի Խանջյանը համոզում Լավրենտի Բերիային, որ Կոմիտասի աճյունը կարելի է բերել Երեւան

«Սիմոն Զավարյան» կազմակերպությունը, Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ, նոյեմբերի 30-ին հրավիրում է ցերեկույթ՝ նվիրված Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմի 70-ամյակին:

Հետաքրքիր զուգադիպությամբ Չարենցի պոեմի ավարտը համընկնում է Կոմիտասի աճյունը հայրենիք տեղափոխելու հետ, որը նույնպես տեղի է ունեցել 70 տարի առաջ:

Անգամ ստալինյան տարիներին հայ պետական-քաղաքական գործիչները գիտակցել են մասունքների վերադարձման անհրաժեշտությունն ու անձնազոհաբար ձեռնարկել այդ աշխատանքները, անտեսելով վտանգը: Իսկ փարիզաբնակ Դանուշ Շահվերդյանը Կոմիտասի աճյունը տեղափոխել է հայրենիք՝ վտանգելով իր որդու, կնոջ եւ եղբայրների կյանքը:

Ինչպես «Առավոտին» հայտնեց «Սիմոն Զավարյան» կազմակերպության նախագահ Գագիկ Շահվերդյանը, նոյեմբերի 30-ին առաջին անգամ հայերեն կներկայացվի եզակի արխիվային փաստաթուղթ՝ Հայաստանի Կոմկուսի (այն ժամանակ կուսակցությունը կոչվում էր Կոմունիստական պարտիա (բոլշեւիկների)՝ ԿՊ(բ)) կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի հեռագիրը ստալինյան գլխավոր չեկիստ Լավրենտի Բերիային: Պարոն Շահվերդյանը համաձայնեց «Առավոտում» տպագրել հեռագիրը՝ կրճատումներով.

«ՀամԿՊ(բ)ԱԵԿ ընկեր Բերիային՝

22.10.1935թ. Փարիզում, երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց հայ կոմպոզիտոր Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյանը): Ֆրանսիայի հայկական գաղութի մեզ հետ մտերիմ հասարակական կազմակերպությունները եւ հիվանդ կոմպոզիտորի խնամակալության հասարակական կոմիտեն, ներգաղթի գործերով Փարիզում գտնվող Դանուշ Շահվերդյանի միջոցով, դիմել են մեզ խնդրանքով՝ թույլատրել տեղափոխել վախճանված կոմպոզիտորի աճյունը՝ Հայաստանում հուղարկավորելու նպատակով: Մեր պատասխանին սպասելով, կոմպոզիտորի վերջնական հուղարկավորումը Ֆրանսիայում չի կայացել:

Այսօր՝ 10.05.36թ. հաղորդագրություն է ստացվել, որ Մարսելից մեկնել է Ֆրանսիայից Հայաստան մշտական բնակության նպատակով ներգաղթող 1800 հայերով բեռնված շոգենավը (համաձայն ՀամԿՊ(բ)ԿԿ այդ հարցերով 1934 եւ 35 թթ. որոշումների):

Շոգենավով Հայաստան է ուղարկվում Կոմիտասի աճյունը, չնայած նավի մեկնման նախօրյակին մենք Էրիվանից ՀՕԿ-ի միջոցով հեռագրել էինք նաեւ՝ առայժմ հետաձգել այդ գործը: Շոգենավը Բաթումում կլինի մոտավորապես ս. թ. մայիսի 17-19-ին:

Ստեղծված իրադրությունում խնդրի լուծման միակ նպատակահարմար որոշումը հանդիսանում է թույլատրել կազմակերպել Կոմիտասի թաղումը Էրիվանում՝ Հայաստանի խորհրդային կոմպոզիտորների միության գծով:

Որոշում ընդունելիս խնդրում եմ հաշվի առնել նաեւ, որ Կոմիտասը երբեք դաշնակ կամ դաշնակներին հարող չի եղել: Նա հանդիսանում է մշակույթի ժողովրդական գործիչ եւ մեծ հեղինակություն է վայելում Հայաստանի սովետական ինտելիգենցիայի շրջանում:

Հայաստանի ԿՊ(բ)ԿԿ քարտուղար՝ Խանջյան»

Չնայած Կոմիտասի հուղարկավորությունը թույլատրվեց, վերոնշյալ հեռագրի պատճառով 1937թ. Դ. Շահվերդյանի ընտանիքը եւ եղբայրները ձերբակալվեցին ու գնդակահարվեցին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել