Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանությունները փոքրերի հետ կապված չեն»

Նոյեմբեր 23,2006 00:00

\"\"Ասում է «Հակաստվեր» հասարակական կազմակերպության նախագահ Վագա Ամիրխանյանը

– «Կոռուպցիա» բառն այսօր ամենամոդայիկն է եւ ամենաշատ շահարկվողը: Ինչպիսի՞ն է, ի վերջո, դրա հասարակական ընկալումը:

– Մինչեւ 2003թ. թերթերում գրեթե չէիր տեսնի կոռուպցիա բառը: Թեման մամուլում չէր խրախուսվում, հ/կ-ներում էլ մոդայիկ չէր: 2003-ին Հայաստանի իշխանությունները ընդունեցին հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը եւ կոռուպցիայի մասին սկսեցին բոլորը խոսել՝ եւ շատ: Ինչ վերաբերում է բուն «պայքարին», ապա ծրագիրը սահմանեց ժամանակացույց՝ ինչ միջոցառումների շրջանակում է այն կիրառվելու, ինչպես մենք՝ հասարակական կազմակերպություններս, պետք է աջակցենք ծրագրի բարելավմանը: Այս առումով որոշ հ/կ-ների, այդ թվում՝ «Հակաստվերը», ընդգրկեցին աշխատանքային խմբեր: Սակայն վերջին անգամ ինձ կանչեցին այս տարվա փետրվարին՝ զանգեցին, զգուշացրին, որ պատրաստ լինենք մոտակա ժամանակներում վերսկսել խմբերի աշխատանքը: Մենք պատրաստ էինք, բայց առայսօր ոչ մի զանգ դեռ չի եղել: Ժամանակին առաջարկություններ տվել էինք եւ վերջ:

– Իրականում ի՞նչ է կատարվում:

– Իրականում կոռուպցիան այն երեւույթը չէ, որ ռեպրեսիվ մեթոդներով արմատախիլ արվի: Ծրագիրն ընդունելուց անմիջապես հետո հայտարարվեց, որ կրթության եւ առողջապահության ոլորտներն ամենակոռումպացվածն են եւ սկսեցին «պայքարել»: Դա ես ձեւական քայլ եմ համարում: «Հակաստվերի» դիրքորոշումը սա էր. պետք է պատճառների դեմ պայքարել: Հիմնական դեղամիջոցներն են. դատական իշխանության իրական անկախությունը, կապիտալի եւ իշխանության սերտաճման կանխումը, հարկային եւ մաքսային ոչ օրինական արտոնությունների վերացումը, միջին խավի ձեւավորումը, վերջապես՝ կոնկրետ խմբերի աշխատավարձերի կտրուկ բարձրացումը: Կտրուկ բարձրացումը ենթադրում է նաեւ պատասխանատվության կտրուկ բարձրացում:

«Առավոտը» վերջերս հրաշալի ներկայացրեց ակադեմիայում դրամաշնորհներ ստանալու պատմությունը: Համոզված եմ, որ այնտեղ կոռուպցիոն ռիսկեր կան: Նվիրատվության գումարները փաստորեն կերել են: Ի՞նչ արվեց, սակայն: Կամ հիշենք Արտաշես Թումանյանի օրինակը: Այլ երկրներում այդ տրամաչափի չինովնիկի նկատմամբ իրավական լուծում կգտնվեր: Չեմ ասում՝ բռնեն, կախեն: Մարդիկ պետք է իմանան խոշոր կոռուպցիոն գործերի մասին: Եվ քանի որ շատ փաստեր թաքցվում են, մարդիկ իրենց հավատն են կորցնում:

– Հարկերի առումով ի՞նչ կարող եք ասել:

– «Հակաստվերը» հարցումներ էր արել բիզնեսի մարդկանց շրջանում: Մենք ուզում էինք իմանալ, թե արդյո՞ք ՀԴՄ-ներ ներդրված են ամենուր: Օրինակ, տոնավաճառներում չկան ՀԴՄ-ներ, այլ կերպ ասած, տոնավաճառներում պտտվող փողերը շրջանցում են բյուջեն: Հակառակ դրան, յուրաքանչյուր վաճառող իր տեղի համար ամսական խոշոր գումար է տալիս տոնավաճառի տիրոջը: Բայց այդ տերը որքա՞ն հարկ է վճարում բյուջե, եթե, իհարկե, ընդհանրապես վճարում է……Ստույգ պատկերը չգիտենք:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խոշոր բիզնեսը սերտաճած է իշխանության հետ եւ դա բնորոշ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՊՀ շատ երկրների համար: Այսպիսով, «խաղի» կանոնները շուկայում նույնը չեն «խոշորների» եւ «փոքրերի» համար: Մեզանում դեռեւս չկա իսկապես ազատ շուկա: Եվ դա էլ խոչընդոտում է միջին խավի ձեւավորմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել