Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբեր 23,2006 00:00

\"\"Հաշմանդամ հայ երեխաներին տիրություն են անում միայն միջազգային կառույցները \"\"

Տավուշի մարզում կան ընտանիքներ, որտեղ ծնվել են մտավոր, իմացական, լսողական, տեսողական, շարժողական խանգարումներով երեխաներ եւ նրանց մասին տեղյակ չեն անգամ հարեւաններն ու բարեկամները: Հասարակական կարծիքը, որպես կանոն, վատ է տրամադրված նման ընտանիքների հանդեպ: Հաշմանդամներ կան, որոնցից շատերը դեռ «հայտնաբերված» չեն եւ ծնողները միայն հոգեբանական երկար աշխատանքներից հետո են համաձայնվում, որ իրենց 18-ամյա որդին, օրինակ, տառաճանաչ դառնա եւ հաճախի հաշմանդամ երեխաների կենտրոն:

\"\"«Առավոտի»՝ Իջեւան-Դիլիջան մեկօրյա այցը, որը կազմակերպել էր PR ասոցիացիան, կոչված էր լուսաբանելու այդ՝ «զուգահեռ» իրականությունը: Այստեղ մարդիկ խուսափում են ձայնագրիչ սարքից, որովհետեւ վախենում են ավելորդ հետապնդումներից: Դիլիջանի «Հույսի կամուրջ» կազմակերպության տեղական մասնաճյուղում իրենց երեխաներին բերած մայրերը չէին հավատում, թե կգտնվի մեկը, որը, օրինակ, կօգնի իրենց, որպեսզի ձեռք բերեն ընդամենը թվային լսող սարքի 30 դոլար արժողության մարտկոցները: Նրանց երեխաները վերջին անգամ բուժզննման են ենթարկվել 3 եւ ավելի տարի առաջ: Ջեմմա Առաքելյանի ընտանիքը 5 անձից է: Աղջիկն ուսանող է, բանակում մեկ տղա ունի, մի երեխան էլ մանկուց հաշմանդամ է: Այս ընտանիքում ամուսինն է աշխատում, նրա 30 հազար դրամ արժանապատիվ աշխատավարձն էլ հնարավորություն չի տալիս, որպեսզի երեխային «անվճար» բուժզննման տանեն: «Հույսի կամուրջ» կենտրոն հաճախող այցելուները 150 են, 50 հաշմանդամ երեխա կա:

Հաշմանդամ երեխաների մայրերից շատերը խանութներում ունեն ցուցակներ՝ «սննդի պարտքեր»: Չեն աշխատում: Միակ կազմակերպությունը, որի մասին լսել էին Դիլիջանում՝ «շամիրամներն» էին, որոնց հանդիպել էին «Նիկոլի թվի» ընտրություններից մեկի ժամանակ: Երեկ կենտրոնում, «Առավոտի» այցելության օրը, հասուն տարիքի հաշմանդամները հոգեբանի մասնակցությամբ քննարկում էին «մերժված իրավունքներ» թեման: Նյութական արժեքներ չստեղծող այս անկարողներին որոշ ընտանիքներում սպասվում է դաժան փորձություն. նրանք իրավունք չունեն հեռուստացույց միացնել, քանի որ իրե՛նք չեն գնել: Իսկ դպրոցներում, ինչպես ասում էին երեխաները, ուսուցիչները խտրականություն են դնում իրենց ու այն աշակերտների միջեւ, ովքեր լավ են հագնվում եւ ակտիվորեն են մասնակցում ներդպրոցական դրամահավաքին:

Իջեւանի թիվ 5 ներառական դպրոցում, ուր սովորում է 900 աշակերտ, հաշմանդամ 2-ական երեխաներ կային, օրինակ, կրտսեր եւ ավագ դասարաններում: Նրանց վերաբերվում էին հավասարի նման: Տեսողական խնդիրներ ունեցող Հրանտի ձեռագիրը ոչնչով չէր զիջում մյուսներին, գեղեցիկ էր: Իսկ մտավոր թերզարգացած Ռաֆիկը դասերից հետո շտապում է «Հույսի կամուրջ» կազմակերպություն՝ լրացնելու բացը: Այս կենտրոնը զբաղեցնում է նախկին մանկապարտեզի շենքը, որը 2003 թվականին անհատույց 99 տարով նրանց է տրամադրել քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Կազմակերպություն է գալիս 300 այցելու, 85-ը՝ հաշմանդամ: Միջազգային կազմակերպության աջակցության շնորհիվ աշխատանք ունի 11 մասնագետ, խաղասենյակներն ու առողջարանական սենյակները հագեցած են վերականգնողական նշանակության սարքավորումներով, խաղալիքներով: Շենքից դուրս խաղահրապարակ կամ պարտեզ չկա: Տավուշի մարզպետի տեղակալ Լ. Սարգսյանը «Առավոտի» այն հարցին, թե մարզպետարանը, տեղի գործարարները, հասարակական, բարեգործական կազմակերպությունները օգնո՞ւմ են այս միակ կենտրոնին, ասաց, թե մարզի զարգացման ծրագրում, հավանաբար, մի 2 մլն դրամ գումար կհատկացնեն, մոտ 5000 դոլար, ինչը, սակայն, մեր դիտարկմամբ չի լուծի մանկական աջակցության կենտրոնի գոնե ջեռուցման հարցը: Իսկ մեր հաջորդ հարցին, թե մարզում հաշմանդամների հարցերով զբաղվող ինչ կազմակերպություններ կան, փոխմարզպետը պատասխանեց, թե ինֆորմացիային «չի տիրապետում, թե քանի կազմակերպություն կա մարզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել