Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բերքն առատ է, բայց գյուղացին լացո՞ւմ է

Նոյեմբեր 23,2006 00:00

Գյուղնախարարության պաշտոնյան գտնում է, որ բողոքելը գյուղացու հոգեբանությունն է

Օրերս գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը մի սենսացիոն հայտարարություն է արել, ասելով, որ «բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ այս տարի Հայաստանը բանջարեղենի բարձր բերքատվություն է ունեցել»: Այս խոսքերից կարելի է ենթադրել, թե նախարարության պաշտոնյան այս տարվա երաշտից, ապա առատ տեղումներից ու կարկտահարությունից ընդհանրապես տեղյակ չէ, որովհետեւ, բացի Արարատի մարզից, որի նկատմամբ քիչ թե շատ բնությունը բարեհաճ է գտնվել, հանրապետության մյուս մարզերում գյուղացիները նույնիսկ սերմի ծախսը չեն հանել: Երեկ այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում պարոն Պետրոսյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է հատկապես լոլիկին ու վարունգին եւ որ, իսկապես, վերամշակող ձեռնարկությունները նախորդ տարվա համեմատ այս տարի բանջարեղենի կրկնակի բերք են մթերել: Մինչդեռ հունիսի 26-ին Շիրակի մարզում տեղացած կարկուտը, գյուղացիների ներկայացմամբ, վնասել էր բանջարաբոստանային ցանքատարածությունները: Այս մասին Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանն էլ «Առավոտին» տված հարցազրույցում հաստատել էր, որ մարզի 23 համայնք տուժել է, որ գյուղացիները խուճապի մեջ են: Մարզպետարանը նույնիսկ վնասների չափն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով էր կազմել, որի ուսումնասիրությամբ՝ 3 հազար հեկտար ցանքատարածության կեսը լուրջ վնասներ է կրել, իսկ 200 հեկտարում կարկուտից ողջ բերքը ոչնչացել էր: Միայն Այգաբաց գյուղում բանջարեղենի կորուստը 70 տոկոսից ավելի է եղել: Երբ այս մասին հիշեցրինք պարոն Պետրոսյանին, նա նկատեց. «Իրոք, չեմ կարող ասել, որ Շիրակում ամեն ինչ իդեալական է եղել, այո, վարունգի ապրանքային տեսքը մի քիչ ընկել էր, բայց դա չի անդրադարձել բերքատվության վրա»:

Շիրակը միակ մարզը չէ, որ վարունգի, լոլիկի, կարտոֆիլի նորմալ բերք չի ստացել: Արագածոտնի փոխմարզպետ Սարգիս Սահակյանը, ի հեճուկս գյուղնախարարության պաշտոնյայի պնդումների, մեզ հետ զրույցում դժգոհում էր, որ իրենց մարզում այս տարի եղած բերքը կարկտահարվել է. «Խաղող ու ծիրան չի եղել, մոտ 1.5 մլրդ դրամի վնաս ենք ունեցել»: Մարզի գյուղվարչության պետի տեղակալ Լյովա Մնացականյանի ներկայացմամբ՝ կարտոֆիլն էլ քիչ է եղել՝ ընդամենը 40 հազար տոննա: Բանջարեղենի բերքատվությունից դժգոհ էին նաեւ Լոռու մարզում:

Սակայն պարոն Պետրոսյանը մարզպետարանների եւ գյուղացու ներկայացրած վնասներին այնքան էլ չի հավատում. «Ես հավատացած եմ, որ եթե մյուս տարի դուք գյուղացուն իր վիճակից հարցնեք, պիտի ասի՝ անցյալ տարի ավելի լավ էր, քան այս տարի. դա գյուղացու հոգեբանությունն է»,- այս կարծիքին է նախարարության պաշտոնյան: Ըստ նրա, այս տարի եզակի տարի էր, որովհետեւ գյուղացու շահութաբերությունը սկսել է բարձրանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել