Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ»՝ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Նոյեմբեր 23,2006 00:00

\"\"Քանաքեռ-Զեյթուն համայնքում ազատ տեղ չի մնացել շինարարության համար՝ հասել են մայթերին \"\"

Հանրապետության եւ մայրաքաղաքի բնակչության նման՝ Երեւանի կանաչ տարածքներն էլ գնալով քչանում ու քչանում են։ Այս առնչությամբ քաղաքային իշխանություններն արդարանում են, որ քաղաքը անշարժ էակ չէ. այն զարգանում, փոխվում է։ Դա նշանակում է, որ զարգանում եւ փոխվում է քաղաքի տնտեսությունը, դրանով պայմանավորված՝ նաեւ քաղաքաշինությունը։ Սակայն այս գործընթացը պետք է խստագույնս վերահսկվի, որպեսզի շրջակա միջավայրին չհասցվի այն վնասը, ինչն այսօր մեր երկրում է արվում։ Վերջերս Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դավիթ Անհաղթի փողոցում, Ֆրանսիական համալսարանի անմիջապես հարեւանությամբ, մի քանի հաստաբուն ծառեր են հատվել՝ տեղում սպասարկման օբյեկտ կառուցելու համար: Թաղամասի բնակիչների խոսքերով, բացի այն, որ կառուցապատողն իր օբյեկտի հաշվին ծառեր է հատել, այն կառուցում է քաղաքաշինական կոպիտ խախտումներով՝ անմիջապես մայթի վրա՝ մարդկանց գրեթե անցուդարձի տեղ չթողելով:

«Փողոցի այդ հատվածը մարդաշատ է, եւ մարդիկ մայթով անցնելու փոխարեն ստիպված են կամ փողոցով, կամ էլ դիմացի մայթով քայլել, քանի որ կառուցապատողը շատ նեղ արանք է թողել: Հատկապես գիշերը խիստ վտանգավոր է այդ արանքով անցնելը:

Չես հասկանում, մեր քաղաքի համար պատասխանատուները ի՞նչ օրենքով են առաջնորդվում, որ մայթում օբյեկտ կառուցելու համար նման անթույլատրելի որոշումներ են տալիս: Կամ ինչպես են թույլ տալիս, որ կառուցապատման համար առողջ ծառերը հատվեն»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին տարածքի մի խումբ բնակիչներ: Երբ շինարարության վայրում էինք, աշխատող բանվորները վստահեցրին, որ օբյեկտի տեղում ոչ մի ծառ էլ չի եղել, պարզապես՝ «Ընդամենը մի քանի թուփ էր: Մենք տնկել էինք, մենք էլ հանեցինք: Այս օբյեկտը նոր չէ, այստեղ նախկինում տաղավար է եղել, հիմա մարդն ուզում է իր օբյեկտը մեծացնի, ընդարձակի, ո՞ւմ ինչ գործն է»:

Այն, որ կառուցապատողն իր բիզնեսն ընդարձակելու համար առնվազն մի քանի մեծ ծառեր հատել էր, պարզ էր դառնում հենց միայն նրանից, որ մայթի երկայնքով տնկված ծառերի շարքից հենց այդ շինարարության հատվածում էին ծառերը բացակայում: Բացի այդ, հենց շինհրապարակում ծառերից մեկի արմատախառն բունը դեռ մնում էր: Ինչպես պարզվեց՝ շինարարության հեղինակը Ռադիոն Չալյանն է: Այս առնչությամբ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն «Առավոտին» ասաց, որ քաղաքապետարանի Ճարտարապետության եւ հողի վերահսկողության վարչության մասնագետներն օրերս այցելել են նշյալ հասցե եւ պարզել, որ չնայած կառուցապատողն այդ հատվածում շինարարություն անելու թույլտվություն ունի, սակայն կառուցապատումը խախտումներով է իրականացնում. «Ներկա պահին շինարարությունը դադարեցված է: Կառուցապատման ֆունկցիան պետք է փոփոխվի եւ փոփոխություններից հետո միայն օբյեկտը կկառուցվի»: Պարոն Դանիելյանը եւս պնդում էր, որ այդ տարածքում ծառեր չեն եղել: Մինչդեռ բնակիչները մեզ հետ զրույցում նույնիսկ հատված ծառերի տեղերն էին հատ-հատ մատնանշում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել