Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՃԽ-Ն ԶԵԿՈՒՅՑ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Նոյեմբեր 23,2006 00:00

Վրաստանի կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի երկրի եթնիկապես հայկական եւ ադրբեջանական տարածքներում հակամարտությունից խուսափելու համար:

Այսպիսի եզրակացության են եկել Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) փորձագետները: Խմբի վերջին՝ “Վրաստանի հայ եւ ազերի փոքրամասնությունները”զեկույցը ուսումնասիրում է այս երկու համայնքների դժգոհությունները: «Թեեւ վտանգ չկա, որ իրավիճակը կարող է Օսեթիայի եւ Աբխազիայի պես սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, լարվածությունը Սամցխե-Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիում, որտեղ նրանք հիմնականում ապրում են, ակնհայտ է: Վերջին երկու տարիներին անցկացվել են ցույցեր, կան տեղեկություններ ոստիկանական բռնության մասին, տեղի են ունեցել սպանություններ:

Վրաստանը մեծ առաջընթաց չի արձանագրել՝ իր բնակչության 12 տոկոս կազմող այս փոքրամասնություններին ինտեգրացնելու ուղղությամբ: Հայերը եւ ադրբեջանցիները լավ ներկայացված չեն հանրային կյանքի որեւէ բնագավառում, հատկապես՝ կառավարությունում, իսկ նրանց եւ Թբիլիսիի միջեւ երկխոսության պակասը էլ ավելի է սաստկացնում խտրականության եւ օտարացման ընկալումները: Տնտեսական խնդիրները, ներառյալ բարձր գործազրկությունն ու քայքայվող ենթակառուցվածքները, միայն բարդացնում են այդ իրավիճակը»,- ասված է զեկույցում:

«Թբիլիսին պետք է շատ ավելին անի, որ վստահություն կառուցի եւ խրախուսի փոքրամասնություններին՝ լուծելու իրենց խնդիրները պետական կառույցների եւ ոչ թե փողոցի միջոցով»,- հայտարարել է ՄՃԽ Կովկասյան բաժանմունքի տնօրեն Սաբին Ֆրայզերը: Խումբը կարծիք է հայտնել, որ «կառավարությունը պետք է ստեղծի փոքրամասնություններին վրացերենը՝ որպես երկրորդ լեզու դասավանդելու համապարփակ կրթական համակարգ: Սակայն մինչեւ նոր սերունդը կրթվի, փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն չպետք է լինի, հատկապես պետական պաշտոններին նշանակելիս: Պետությունը պետք է նաեւ կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ թույլատրի պետական գործավարության մեջ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը մեծ թվով փոքրամասնություններ ունեցող շրջաններում՝ համապատասխան ամբողջ Եվրոպայում գործող ստանդարտների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել