Լրահոս
Օրվա լրահոսը

Տհաճ են ԼՂՀ-ՀՀ փողային հարցերի քննարկումները

Նոյեմբեր 23,2006 00:00

Ասում է Հայաստանի Մաքսային վարչության 1992-1997-ի ղեկավար
Երջանիկ Աբգարյանը

Մեր երեկվա հրապարակումից հետո, որում անդրադարձել էինք ԼՂՀ ներմուծվող ապրանքների՝ Հայաստանում մաքսազերծվելու կապակցությամբ առկա խնդիրներին՝ Երջանիկ Աբգարյանը հարկ համարեց որոշ պարզաբանումներ տալ, որոնք վերաբերում են Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանագծին նախկինում գործող մաքսակետին: «1993-ին կամ 1994-ին Լիսագորի մոտ տեղադրվեց ստուգողական-անցումային կետ, որն առավել դասալքությունը կանխելու նպատակ ուներ, բայց դրա հետ միասին՝ նաեւ հսկողություն էր իրականացնում, թե ինչ ապրանքներ են մտնում-դուրս գալիս ԼՂՀ,- պատմեց պրն Աբգարյանը:- Հրադադարից հետո այն փաստորեն վերածվեց մաքսակետի: Պատերազմական գործողությունների ավարտից հետո ԼՂՀ-ն սկսեց չափազանց ակտիվորեն զարգանալ: Եվ ստեղծվեցին որոշակի ընկերություններ, որոնք կնքում էին բավական մեծ առեւտրական գործարքներ: Այդ պայմաններում՝ ղարաբաղյան գործոնն օգտագործվում էր մի քիչ ուրիշ նպատակներով. ԼՂՀ անունով ապրանքներ էին մտցնում Հայաստանի տարածք, սակայն իրականում դրանց մեծ մասը Ղարաբաղ չէր մտնում եւ իրացվում էր ՀՀ-ում: Առաջացավ տնտեսական բավական շոշափելի վնասների խնդիր: Մասնավորապես՝ Ղարաբաղ էր ներմուծվում այնպիսի քանակությամբ ծխախոտ, որը միանգամից կհերիքեր ԼՂՀ-ն 1 տարով ծխախոտով ապահովելու համար: Ընդ որում՝ դա կարող էր լինել 1-2 ամիսը մեկ»: Մեր զրուցակիցն անուններ չտվեց, սակայն հայտնի է, որ ծխախոտի ներմուծմամբ զբաղվում էր ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: «Առաջացան խնդիրներ, որոնք Հայաստանն իբրեւ պետություն չէր կարող հանդուրժել,- ասաց Մաքսային վարչության նախկին ղեկավարը:- Այդ իսկ պատճառով ես 1995-ին դիմեցի ԼՂՀ կառավարությանը, որ Արցախի մաքսային վարչությունը դառնա ՀՀ մաքսային վարչության տարածաշրջանային մաքսատուն: Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստան գալուց հետո, ԼՂՀ մաքսատունը հանեց ՀՀ մաքսային վարչության կազմից»:

Երջանիկ Աբգարյանը նաեւ նշեց. «Ընդհանրապես, բոլոր հարցերը լուծելիս մենք ԼՂՀ շահերն էինք գերակա դարձնում եւ ոչ թե ձգտում էինք Ղարաբաղից Հայաստանի համար գումարներ հաջողեցնել: Այդ վերաձեւակերպումը հօգուտ ԼՂՀ-ի էր: Հիմա լրիվ փոխվել է իրավիճակը: Եվ այստեղ մի շատ կարեւոր հարց կա. հաշվի առնելով մեր շուկայի նեղ լինելը՝ Հայաստանից, իբրեւ մաքսային տարածքի, ղարաբաղյան փոքր շուկան առանձնացնելը տնտեսապես, մեղմ ասած, նպատակահարմար չէ: ԼՂՀ-ն չի կարող ունենալ արտաքին առեւտրական շրջանառություններ, ինչքան էլ մենք քաղաքական նպատակներով պնդումներ կատարենք՝ անկախ հանրապետություն եւ այլն»:

Իսկ բողոքների կապակցությամբ էլ, որ ապրանքները Հայաստանում մաքսազերծվելով՝ այստեղ են թողնվում ԼՂՀ բյուջեին հասանելիք գումարները՝ պրն Աբգարյանն ասաց. «Ընդհանրապես՝ տհաճ է, երբ ԼՂՀ-Հայաստան փողային հարաբերությունները դառնում են հրապարակային քննարկման առարկա: Բայց ղարաբաղցիների մեղքն էլ կա, որ իրենց բեռները մաքսազերծվում են ՀՀ-ում: Իրենք վերացրել են իրենց մաքսատունը եւ բնականաբար՝ ինչ-որ մաքսատանը դրանք պետք է ձեւակերպվեին: Ուստի, կարծում եմ, ճիշտ կլինի, որ նույնիսկ Ստեփանակերտի մաքսատունը, եթե վերացրել են, նորից վերականգնեն: Իսկ եթե չեն վերացրել ու այնտեղ չի մաքսազերծվում՝ սա արդեն օրենքի խախտում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել