Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՆՈՐ ՏԵՍՔՈՎ

Նոյեմբեր 22,2006 00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած միջոցներով հիմնանորոգված Հրանտ Շահինյանի անվան լրիվ նոր տեսք ստացած օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն օրերս դռները կրկին բացեց իր սաների առջեւ:

Ու դա համընկավ ժամանակակից օլիմպիական խաղերի մեր առաջին չեմպիոնի ամենամյա ավանդական երիտասարդական հուշամրցաշարի մեկնարկի հետ:

Շուրջ վեց ամիս տեւեցին սպորտային մարմնամարզության կադրերի պատրաստման այս խոշոր կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են «Նաիրի» շինարարական տրեստի աշխատակիցների ուժերով: Երեկ մարզադպրոցի տնօրեն Սարգիս Գալստյանը մրցաշարի մեկնարկի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց. «Այսօր իրականացավ Հրանտ Շահինյանի երազանքը. նրա անվան մարզադպրոցը ստացավ ժամանակակից միջազգային բոլոր չափորոշիչները բավարարող մարզահամալիր, որտեղ թե տղաների եւ թե աղջիկների մասնաշենքերում մեր առաջատար մարզիկներն ու աճող հերթափոխը պատշաճ պայմաններում մարզվելու խնդիրներ այլեւս չունի: Ամբողջ հիմնանորոգման համար տրամադրվել էր 181 միլիոն դրամ, որից ծախսվել է 175 միլիոնը՝ կապված հիմնանորոգման ընթացքում աշխատանքների ծավալի ձեւափոխման հետ: Շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարությանը, քանի որ միայն շենքային պայմանների բարելավումով մարզական ցուցանիշների բարձրացում հնարավոր չէր լինելու ակնկալել: Մենք նրանց դիմեցինք տղաների եւ աղջիկների համար ազատ վարժությունների ներքնակի համապատասխան ծածկ, երաժշտական կենտրոններ, օժանդակ այլ գույք եւ սարքավորումներ ունենալու խնդրանքով ու նրանք սիրով աջակցեցին: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ սպորտպետկոմի ղեկավարությանը, ովքեր ոչ միայն մայրաքաղաքում եւ հանրապետության տարածքում մարզական կարեւորագույն բազաները հիմնանորոգելու գաղափարի մտահղացողն ու կյանքի կոչելու գլխավոր նախաձեռնողն են, այլեւ դրանք անհրաժեշտ մարզագույքով ապահովողները: Այ, հիմա էլ սպորտի պետական կառույցը ոչ միայն օգնել է առաջին անհրաժեշտության գույք ունենալու, այլեւ՝ 2007 թվականի բյուջեով 55 միլիոն դրամ է հատկացրել՝ Գերմանիայից տղաների եւ աղջիկների սպորտային մարմնամարզության համար ամբողջական մարզագույք եւ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել