Լրահոս
Օրվա լրահոսը

Մազմանյանն այլ իմաստով է մանկապիղծ ասել

Նոյեմբեր 22,2006 00:00

Երեկ ռեժիսոր Արմեն Մազմանյանը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ «Մտավորականությունն ընդդեմ ազգային հոգեկերտվածքի աղճատման» թեմայով:

«Կարծում եմ, որ մեր հանրության ազգային նկարագրի մեջ պակասում է իրական ազգային քաղաքական սրությունը: Անգամ ամենաազգային կուսակցությունները չեն ուզում նկատել այդ ճշմարտությունը, որովհետեւ Եվրոպան ըտենց ա ուզում: Անգամ աշխարհի պոպարտի, պոռնոարտի, շոու-բիզնեսի կենտրոն հրեական ազգը եթե փորձի տկլոր, ցեպերով աղջկերք եթերից քցի ազգի երեխաների վրա, բանկրոտի կենթարկվի եւ հեռուստաալիքը կփակվի: Սա է իսկական ազգային անվտանգության տիպական լուծումը»,- ասաց ռեժիսորը: Նա նշեց, որ ամենադեմոկրատ Ամերիկայում անգամ չստուգված, մեթոդաբանների կողմից չընդունված հաղորդումները եթերով չեն հեռարձակվում: «Պետությունը մտածում է, որ երեխաներն իրենց հոգեկերտվածքի մեջ պղծում եւ խեղաթյուրում չունենան»,- ասաց Ա. Մազմանյանը: Նա գովեստով առանձնացրեց «Հայրենիք» եւ «ԱրմենԱկոբ» հեռուստաալիքները, ինչը չարեց «ԱԼՄ»-ի դեպքում. «Այս ալիքները գոնե, լավ թե վատ, միտված են երեխաներին հեքիաթ պատմելու եւ ոչ թե հիմար, իմացաբանական խաղերով տարվելու: Որովհետեւ, երբ ասում են՝ չիմացար Թումանյանն ով է, ոչինչ, էլի կնվիրենք տելեվիզոր, սա արդեն հոգեկերտվածքի խախտման ուղղակի օրինակ է… Ո՞ր չափորոշիչներով են եթեր տրամադրում, որտե՞ղ է պետության պահանջը՝ չայլասերել ազգը»:

Ա. Մազմանյանը դժգոհ է նաեւ անհարկի հեռարձակվող գովազդներից. «Մենք դատապարտված ենք երկարատեւ գովազդ տեսնել, որ հետո որեւէ ֆիլմ դիտենք, իմանալու, թե վերջապես կինոյի տղեն ինչ եղավ»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք միայն ռեժիսորի՞ն է վերապահված այդ խնդիրները լուծել: «Ես համոզված եմ, որ այդքան բոբիկ ու մերկ չի մեր ոգեղեն արգանդը, որ պարզվի, թե ազգի փալանը մնաց խեղճուկրակ Մազմանյանի ուսերին: Ես այդքան մեծ կարծիք չունեմ իմ մասին: Իսկ եթե մտավորականներն ընդունում են «ԱԼՄ»-ի հրավերները՝ դա իրենց ազատության խնդիրն է»,- պատասխանեց Մազմանյանը:

Նա հայտնեց, որ վերջերս լուրեր են պտտվում, թե ինքը ինչ-որ տեղից (նկատի ունի դատին իր չներկայանալը) փախել է: «Սկսած 1980թ. փետրվարից, ես ամենավատ տեղերից անգամ չեմ փախել: Իսկ ինչ վերաբերում է ինձ դատի տված Տիգրան Կարապետիչի նետած մարտահրավերին, չեմ ուզում դատական շոուով զբաղվել… Պարզապես դատը կձգձգեմ այնքան ժամանակ, մինչեւ պատրաստ լինեմ իսկական դատական պրոցեսի… Այո, Կարապետիչի հասցեին մանկապղծություն ասել եմ, բայց այլ իմաստով: Ես պնդում եմ, որ հայ երեխայի հոգեկերտվածքը նման ձեւով պղծվում է: ԱԼՄ-ում երգելիս երեխան կրթական, ազգային եւ մտավոր խեղաթյուրում է ապրում»: Բանախոսը նշեց, որ «դատարանը պետք է հասկանա, որ ինքը պարզապես պաշտպանվել է երեք տարի տեւած վայրահաչոցներից» եւ իր ընկերների փոխարեն էլ է պատասխան տվել. «Սա ինքնապաշտպանություն է: Ես նախապես դատարան չեմ դիմել, որովհետեւ գործ տվող չեմ: Պահանջելու եմ, որ դատվի Տիգրան Կարապետյանը, որովհետեւ ինքն է առաջինը ինձ վիրավորանքներ հասցրել եւ ստացել է դրան համարժեք պատասխան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել