Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անվերջանալի վեճ՝ Պռոշյանում

Նոյեմբեր 22,2006 00:00

\"\"«Ամերիկացի քեռին» կեղծ լիազորագի՞ր է տվել

Արդեն 3 տարի է, ինչ շարունակվում է Պռոշյան 19 բնակելի տան հետ կապված դատական քաշքշուկը: Երեք տարի իրական սեփականատերերը չեն կարողանում ապացուցել, որ նշված տարածքն իր 2-րդ հարկով, հողամասով եւ կից կառույցներով պատկանում է իրենց: Ի հայտ եկած ԱՄՆ քաղաքացի Գ. Դնգիկյանի 1988թ. «լիազորագիրը» ավելի խճճեց սեփականության պատկանելության շուրջ ծավալված վեճը, որովհետեւ, ըստ այդ լիազորագրի, Գ. Դնգիկյանը «գործադիր, պետական, դատական մարմիններում հանդես գալու համար» հեռակա նշանակեց իր «իրավահաջորդին»՝ Գագիկ Խուդավերդյանին: Վերջինս հայտնի է նրանով, որ ոստիկանության նախկին աշխատակից է եւ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանի ամուսինը: Այս պահին գործը հանգրվանել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում:

«Առավոտը» տեղեկացրել է, որ դեռ 2003թ. օգոստոսի 22-ին նույն վերաքննիչ դատարանում լսվել էր սեփականատերերի՝ Էմմա եւ Վալենտինա Թելոյանների բողոքը: Դատարանը Թելոյաններին վերջնագիր էր ներկայացրել, պահանջելով քանդել Թելոյանի կողմից «տնօրինվող՝ կառուցված ինքնակամ շինություններն ամբողջությամբ», դադարեցնել նույն հասցեում գործող «Քարանձավ» հասարակական սննդի օբյեկտի գործունեությունը, անվավեր էր ճանաչել նաեւ 2002թ. սեփականության իրավունքի վկայականը՝ առուվաճառքի պայմանագրի մասով:

Գործի «շրջապտույտը» եւ վերադարձը վերաքննիչ դատարան՝ պայմանավորված է, մասնավորապես, նրանով, որ Թելոյանների փաստաբանները նոր ապացույցներ են հայտնաբերել: Նախ Դնգիկյանի «լիազորագիրը» կնքված է կլոր կնիքով: Թելոյանների փաստաբան Վարդան Սաֆարյանին արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունը գրավոր պատասխանել է, որ «Լոս Անջելեսից ստացված տվյալների համաձայն, հյուպատոսության կողմից փաստաթղթեր վավերացնելու համար խորը կնիք չի օգտագործվում»: Հյուպատոսական վարչությունն իր թիվ 1922 գրությամբ նաեւ հայտնել էր. «Կտակագրի համաձայնության պատճենների վրա, ուր առկա են ԱԳՆ հյուպատոսական վարչության կնիքները, դրանց իսկությունը խիստ կասկած է հարուցում, քանի որ եթե դրանք վավերացված լինեին Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից, ապա ԱԳՆ հյուպատոսության վարչության կնիքի անհրաժեշտությունը չէր լինի»: Մի սկանդալային բացահայտում էլ կար. «Լիազորագիրը հյուպատոսության կողմից ընդհանրապես վավերացված չէ»: Մի խոսքով, այս եւ մի շարք այլ ապացույցներով փաստաբանները ցույց են տալիս, որ հակառակ կողմը պարզապես փաստաթուղթ է կեղծել:

«Առավոտի» տրամադրության տակ գտնվող մեկ այլ փաստաթղթով էլ՝ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ Երեւանի ստորաբաժանման վտարման եւ բնակեցման գործերով բաժանմունքի պետ Ա.Պետրոսյանի գրությամբ հայտնվում է. «Գեւորգ Դնգիկյանը ՀՀ քաղաքացի չէ (ունի ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ- Ռ. Մ.) եւ Հողային օրենսգրքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում չի կարող հողի սեփականատեր հանդիսանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել