Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԵՍՏԵՐՆ ԶԳԱՍՏԱՑՐԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Նոյեմբեր 22,2006 00:00

\"\"ԿԳՆ Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնն (ԳԹԿ) արդեն մարզային կրթության վարչություններին է ուղարկել հայոց լեզու, գրականություն եւ քիմիա առարկաների քննությունների փորձարկման արդյունքները՝ թվային տեսքով: Այսինքն՝ դպրոցներին չեն հասել իրենց աշակերտների գրավորները, այլ միայն՝ դրանց գնահատականները:

Վերջերս մեզ հետ զրույցում էլ ԳԹԿ տնօրենն ասաց, որ գրավորները հարմար չեն գտնում հրապարակել, քանի որ իրենց նպատակն այն չէր, որ տեսնեին, թե ով ինչպես է գրել, այլ այն, թե ընդհանուր առմամբ ինչ արդյունքներ կգրանցվեն՝ որոշելու համար թեստերի բարդությունը եւ թե ինչպես կանցնի կազմակերպչական գործընթացը: Հասկանալի է, որ պարզապես ԳԹԿ-ն չի ուզում ջրի երես հանել թեստերի բովանդակային թերությունները: Բայց արդյունքում ստացվեց այնպես, որ հայոց լեզու, գրականություն առարկայի թեստերի Բ մակարդակն իրեն չի արդարացնում թե բովանդակային, թե ոչ ավտոմատացված ստուգման մեթոդների առումով, դա ակնհայտ է, որովհետեւ այս օրերի քննարկումները ցույց են տալիս, որ Բ մակարդակում հիմնարար փոփոխություններ են նախատեսվում:

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձարկումների արդյունքում մի եզրակացության են եկել՝ կազմակերպչական առումով որեւէ լուրջ խնդիր չկա, չկան նաեւ թեստերի հետ կապված բովանդակային դժգոհություններ՝ այս կամ այն դպրոցի տնօրենի կամ առանձին մասնագետների կողմից: «Ի տարբերություն նախկին թեստերի, որոնցից դժգոհությունները շատ էին, այս հարցաշարերում չկան նույնիսկ երկիմաստություններ»,- կարծում է պրն Վաթյանը: Առաջիկայում հենց որոշվի, որ 100 տոկոսով քննական նոր համակարգը ներդրվում է, կրթության վարչությունը, Օ. Վաթյանի հավաստմամբ, մինի-փորձարկումներ կանցկացնի բոլոր դպրոցներում՝ ԳԹԿ-ից վերցրած մոտ 200 հարցաթերթերով, որպեսզի բոլոր երեխաները ծանոթանան կազմակերպչական գործընթացին ու քննության օրը անակնկալներ չլինեն:

Թիվ 43 դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր դպրոցի պարագայում ինքն ավելի վատ արդյունքներ էր սպասում: Այս դպրոցում անբավարար է ստացել միայն 2 երեխա, եւ մի քանի հոգի՝ 8 եւ 9 միավորներ (հիշեցնենք, որ գրավորները գնահատվում են 10 միավորանոց սանդղակով): Իսկ բացարձակ գերազանց գրավոր, պարզվում է, չի եղել մեր հարցված ոչ մի դպրոցում: Թիվ 34 դպրոցի տնօրեն Լաուրա Սահակյանը կարծում է, որ այս համակարգով դպրոցը մի մեծ բեռից է ազատվում՝ բացակայությունների ու աշակերտների անլուրջ վերաբերմունքի բեռից: Նա արձանագրում է, որ իր դպրոցի աշակերտների 47 տոկոսը ավարտական՝ Ա մակարդակից ստացել է լավ եւ գերազանց գնահատական:

Նշենք, որ թեստերի Ա մակարդակը բաղկացած է 50 հարցից, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1 միավոր, իսկ Բ մակարդակն ընդհանուր առմամբ 40 միավոր է պարունակում: Արդյունքում՝ 2 տարբերակների միավորները տոկոսային հարաբերությամբ համապատասխանեցվում են 10 միավորանոց սանդղակին: Ըստ այդմ, թիվ 27 դպրոցում առավելագույն միավորը գրանցվել է 73 միավորը: Այստեղ 52 10-րդցիներից 29 հոգին 50 տոկոսից բարձր միավոր է հավաքել: Տնօրեն Անահիտ Բախշյանի կարծիքով, թեստերի բովանդակությունն ընդհանուր առմամբ աշակերտներին անհասանելի չէ, մնում է՝ ամեն ինչ ազնիվ կազմակերպել: Տնօրենի դիտարկմամբ, համակարգի ներդրումը ակնհայտորեն փոխել է աշակերտների վերաբերմունքը դպրոցի հանդեպ. կտրուկ նվազել է բարձր դասարանցիների բացակայությունների թիվը, զգաստացել են նաեւ ուսուցիչները:

Թիվ 66 դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի, գրականության մասնագետ Սուսաննա Մարգարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ թեստերի բովանդակությանը: Ըստ նրա, նախ հստակություն չկար գնահատման մեջ: Օրինակ՝ հարցերից մեկը պահանջում է վերաբերմունք արտահայտել տվյալ ասացվածքի նկատմամբ. «Բայց վերաբերմունքը գնահատել հնարավոր չէ, յուրաքանչյուր մարդ կարող է այդ ասացվածքն ընկալել յուրովի՝ իր դաստիարակությունից, շրջապատի վերաբերմունքից ելնելով, չէ՞ որ մենք հիմա ազատ մտածողություն ենք պահանջում երեխաներից, ի՞նչ չափանիշներով կարելի է դա գնահատել…»,- ասում է Ս. Մարգարյանը: Նույնը վերաբերում է նաեւ շարադրության կետին: Ըստ մասնագետի, տրված նախաբանն այնքան ամփոփ է ու կոնկրետ, որ 140-150 բառի սահմաններում հնարավոր չէ ե՛ւ մոտ մնալ թեմային, ե՛ւ ինչ-որ ստանդարտներով այնպիսի տեքստ գրել, որ ստուգողը սահմանված չափանիշներով գնահատի: Բացի այդ, Ա եւ Բ տարբերակներում կան նույնաբնույթ հարցեր՝ հոմանիշներին վերաբերող, որոնք միայն մի փոքր բարդության աստիճանով են տարբերվում իրարից, եւ, ըստ մասնագետի, միասնական տարբերակ գրողից անիմաստ է 2-ն էլ պահանջել:

Այս բոլոր դիտողությունները, ինչպես նաեւ կազմակերպչական որոշ նկատառումներ տնօրեններն ուղարկել են նախարարություն: Շատ մոտ ապագայում ԿԳՆ-ն պետք է վերջապես հստակություն մտցնի բոլոր կասկածելի հարցերում, որովհետեւ հաշված օրեր են մնացել դեկտեմբերին, եւ եկող տարվա դիմորդներն այդ ամիս արդեն պետք է վերջնականապես իմանան, թե ինչ է իրենց սպասվում տարեվերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել