Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կալանավորը թոշակառուից լավ է ապրում

Նոյեմբեր 22,2006 00:00

ՀՀ կառավարությունը գտնում է, որ թոշակառուին 11 հազար դրամը լիովին բավարար է մարդավայել ապրելու համար:

Բյուրականի 82-ամյա բնակիչ Աշխեն Մկրտչյանը վերջին երեք ամիսներին միայն հացով եւ ձավարով է սնվում: Նա իր երեք ամիսների կենսաթոշակի մի մասը տնտեսել է, որպեսզի ձմռան համար վառելիք գնի: Նա երկու խմ փայտ է գնել, որը, ըստ նրա, կբավականացնի ընդամենը երկու ամիս եւ դեռ 15 հազար դրամ էլ պարտք է մնացել, որի վճարման համար ստիպված կլինի առաջիկա ամիսներին ստանալիք թոշակից եւս տնտեսումներ անել:

Աշխեն տատը միայնակ թոշակառու է: Միակ որդու մահից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, այժմ նա մի կերպ է տեղաշարժվում եւ գոյությունը հարեւանների օգնությամբ է պահում: Մեկ տարի առաջ կառավարությունը Աշխեն Մկրտչյանին աղքատության նպաստից զրկել է, ինչ է թե կնոջ թոշակը 1000 դրամով ավելացել է: Նա ստանում է ընդամենը 11 հազար դրամ թոշակ: «Ասում են՝ թոշակդ քեզ լրիվ բավարար է, մարդը 11 հազար դրամով ինչպե՞ս կարող է ապրել, դրանով ի՞նչ անեմ, լույսի, հեռախոսի վա՞րձ վճարեմ, թե՞ հաց առնեմ ուտեմ, որ սովամահ չլինեմ»,- հայրենի կառավարությանը հարցնում է Ա. Մկրտչյանը: Աշխեն տատի խոսքերով, պետությունից որեւէ սպասելիք չունի, հույսը հարեւաններն են. «Ո՞ւմ է պետք իմ ապրելը, էս հասակիս սոված-ծարավ օրեր եմ անցկացնում, ուրիշի ձեռքին եմ նայում, թե մի բան եփեն՝ ինձ էլ բաժին հանեն»:

Առողջապահության նախարարության կազմած սննդացանկի համաձայն, մեկ ամսվա ընթացքում մեկ անձը պետք է սննդի համար ծախսի 33 հազար 154 դրամ: Այսինքն՝ մեկ օրվա հաշվարկով այն կազմում է մոտ 1100 դրամ: Սա մարդու մեկ օրվա սննդի նվազագույն զամբյուղն է: Մինչդեռ Աշխեն տատին բաժին է հասնում օրական 367 դրամ: Ընդ որում, իր թոշակից նա նաեւ վճարում է լույսի, հեռախոսի, ջրի վարձավճարները: Նկատենք, որ նույնիսկ մեր երկրի կալանավորներին, որոնց կոմունալ-կենցաղային ծախսերը հոգում է պետությունը, բաժին է ընկնում օրական 510 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել