Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԼԵՑԻՆ

Նոյեմբեր 22,2006 00:00

\"\"Իրացման գոտու բնակիչների բողոքի ալիքը գնալով թեժանում է

Երեկ, երբ ՀՀ նախագահը հանդիպում էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիենի հետ, պետության կարիքների համար վտարված մի խումբ քաղաքացիներ նախագահական պալատի առաջ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով, որ նախագահն անձամբ հանդիպի վտարվածների հետ եւ պատասխան տա «տնաքանդ օրինագծի» համար:

Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Բուզանդի, Ֆիրդուսիի, Նորքի եւ Դալմայի այգիների նախկին տերերը միաբերան բղավում էին. «Քոչարյան, եթե տղամարդ ես, դուրս արի», «Քոչարյան, վամպի՛ր», «Քոչարյա՛ն, դավաճա՛ն», «Քոչարյա՛ն, հեռացի՛ր»: Ցուցարարներն այս անգամ վճռական էին տրամադրված եւ սպառնում էին քաղաքացիական անհնազանդության ալիք բարձրացնել, եթե նախագահը «Պետության կարիքների համար օտարվող տարածքների մասին» օրինագիծը չվերանայի: Նրանք ցուցահրապարակ էին հանել մի երկար ավել, որը խորհրդանշում էր ՀՀ իշխանություններին ավլելու եւ երկիրը նրանցից ազատելու գաղափարը: Ցուցարարներին աջակցելու էին եկել նաեւ նորաստեղծ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման անդամները, որոնց առաջնորդում էր նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Որքան էլ պետական կարիքների զոհերը բղավում էին, սրտաճմլիկ խոսքեր ասում իրենց թափառական կարգավիճակի մասին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խիղճը չէր շարժվում: Ոչ նա, ոչ էլ նախագահականից որեւէ մեկը դուրս չեկան եւ ցուցարարներին չլսեցին: Փոխարենը նախագահականի շենքը, հավաքված ամբոխից պաշտպանելու համար, շղթայվել էր ոստիկաններով, որոնց շարքերը՝ մարդկանց բորբոքված կրքերին զուգահեռ, գնալով ավելանում էին: Ոստիկանները հավաքվածներին հորդորում էին չմոտենալ «նախագահականի ճաղերին» եւ իրենց ցույցը մայթի մյուս կողմում անել: Այս հանգամանքն էլ ավելի էր վրդովեցնում ցույցի մասնակիցներին. «Փոխանակ նախագահը դուրս գա ու լսի իր ժողովրդին, զորք է հանել մեր դեմ»: Նրանց այնքան էր վիրավորել Ռ. Քոչարյանի նման արհամարհական վերաբերմունքը, որ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ անընդմեջ բախում էր տեղի ունենում:

«Մենք մեր սեփական հայրենիքում թափառականներ ենք դարձել»,- ասում էին նրանք: Լալայանց փողոցի բնակիչ Շողիկ Գեղամյանը տեսնելով, որ իրենց ոչ ոք չի ընդունում եւ չի լսում, իր բողոքը մեծ պաստառի վրա էր ձեւակերպել. «Պարոն նախագահ, դուք խլեցիք իմ տունը, իմ ունեցվածքը, ես փողոցում եմ հայտնվել»: Նույն փողոցի բնակիչ, հաշմանդամ, 5 երեխաների մայր Մարիամ Գիշայանն էլ սպառնաց վրեժխնդիր լինել, եթե նախագահն իրենց հարցը չլուծի. «Կգնանք ու Թուրքիայի կառավարությունից քաղաքացիություն կխնդրենք»:

«Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանի խոսքերով էլ. «Հայաստանում ոտնահարվում են մարդկանց իրավունքները: Եթե օրենքը չվերանայեն՝ պահանջելու ենք նախագահի հրաժարականը, դիմելու ենք միջազգային բազմաթիվ ատյանների»:

«Հայոց մայրեր» շարժման անդամ Սուսաննա Հարությունյանը ժողովրդին կոչ արեց չընկրկել եւ ավելի վճռական լինել. «Ժողովուրդը պետք է բարձրացնի անհնազանդության դրոշն՝ ընդդեմ ապօրինի օրինագծի ու իշխանությունների: Սա մի օրենք է, որ ստեղծվել է դաշնակների եւ հանրապետականների կողմից: Եթե նրանք Էրդողանի մոտ հայրենասիրությունից ու եղեռնի ճանաչումից են խոսում, այդ դեպքում՝ այստեղ ի՞նչ են անում: Ամեն մի պատգամավորի մեքենա երեք բնակարանի արժեք ունի: Մեր ուզածն այն է, որ ժողովուրդն իր հայրենիքում ազատ ու հանգիստ ապրի: Մենք դեմ ենք ե՛ւ օրինագծին, ե՛ւ իշխանություններին: Եթե մեր երկրի նախագահը չի կարողանում այս հարցը լուծել, թող գնա, ուրիշը գա լուծի: Ժողովրդին իրենց բնակարանների համար մի հավաբնի փոխհատուցում էլ չեն տվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել