Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քվեարկեք միայն ձեր առջեւ գտնվող կոճակներով»

Նոյեմբեր 22,2006 00:00

\"\"Պատգամավորներին երեկ կոչ արեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ խոստանալով այլ դեպքում միշտ չկայացած հայտարարել քվեարկությունը:

Մինչ ԱԺ նախագահը կվերադառնար արտերկրից՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տարբեր թերթերին իր դժգոհությունն էր հայտնում այն կապակցությամբ, որ Տիգրան Թորոսյանը չկայացած համարեց «Հասարակության եւ պետության շահերի համար սեփականության օտարման մասին» օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու առաջին փորձը՝ նշելով, թե իր համար ընդունելի չէ նման հանդուրժողականությունը. «Չարժե ընդդիմությանն այդքան տեղ տալ»:

Երեկ ասուլիսում «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս քննադատությանը՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Հանդուրժողականությունն ընդհանրապես իմ գործունեության բաղադրիչներից մեկն է, որը շատ կարեւոր է, եւ որը, ցավոք, շատ հաճախ չէ, որ կարող ենք տեսնել մեր խորհրդարանում կամ քաղաքական ասպարեզում: Երբե՛ք հանդուրժողականությունը չի դարձել օրենք խախտելու հիմք, եւ ոչ էլ հակառակը՝ անհանդուրժողականությունն օրենք խախտելու հիմք: Իսկ «ԱԺ կանոնակարգը» օրենք է, եւ յուրաքանչյուրը պարտավոր է հարգել օրենքը, առաջին հերթին՝ ԱԺ նախագահը: Վստահ եմ, որ ԱԺ-ում ընդունվող օրենքները որեւէ կասկած չպիտի առաջացնեն՝ մասնավորապես կանոնակարգի խախտման հետ կապված: Ինձ համար ակնհայտ էր, որ այն տարբերությունները, որոնք ընդդիմությունից մեր գործընկերները ցույց տվեցին քվեարկության՝ լուսատախտակի վրա առկա արդյունքների եւ դահլիճում եղած իրավիճակի հետ կապված, ցույց էին տալիս, որ անհրաժեշտ թվով՝ 66 եւ ավելի պատգամավորներ չեն քվեարկել այդ նախագիծն ընդունելու համար: Կարծում եմ, որ նման հարցերում՝ քվեարկության արդյունքների հետ կապված, պատասխանատվություն է կրում նիստը վարողը: Եվ «ինձ համար ընդունելի չէ» եւ այլ հարցադրումներն ինձ համար ընդունելի չեն: Որեւէ մեկն օրենքից դուրս ընդունելի-անընդունելի հարցադրումներ չպիտի ներկայացնի: Ամեն ինչ ճիշտ է արված: Եվ ամեն ինչ հետագայում արվելու է նույն ձեւով, քանի ես նիստեր կվարեմ»:

Հիշեցրինք, թե «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանն այս քվեարկության կապակցությամբ դիմել էր գլխավոր դատախազին՝ «ԱԺ նախագահի ենթադրյալ պաշտոնեական անփութության համար» հաղորդմամբ, նշելով, թե Տիգրան Թորոսյանը պաշտոնապես արձանագրելով կատարված կոպիտ խախտումները՝ որեւէ միջոց չձեռնարկեց կարգազանց պատգամավորների հանդեպ, այսինքն՝ չկատարեց կանոնակարգով սահմանված իր պարտականությունները: ԱԺ նախագահն ի պատասխան խորհուրդ տվեց լավ կարդալ կանոնակարգը. «Այն, ինչի մասին ասում է պարոն Թորոսյանը՝ պարտադիր չի կիրառման համար: Բացի այդ, ցավոք, որեւէ մեկը մատնացույց չի արել, թե ով էր քվեարկում ուրիշի փոխարեն: Բնականաբար, նիստը վարողը չի կարող 128 պատգամավորների քվեարկությանը ակնդետ հետեւել եւ տեսնել՝ ով ուրիշի փոխարեն քվեարկեց: Այդ պատճառով է, որ հաճախ, երբ մեր գործընկերներն անհամաձայնություն են հայտնում լուսատախտակի պատկերի եւ ԱԺ դահլիճում առկա իրավիճակի հետ կապված՝ ես խնդրում եմ ցույց տալ տարբերությունները: Դա շատ ավելի հեշտ է անել դահլիճում գտնվող պատգամավորների համար, քան նիստը վարողի: Այնպես որ՝ կարծում եմ, որ ուղղակի անհիմն է նման հարցադրումը: Ընդհանրապես, վստահ եմ, որ որեւէ մեկը չի կարող նշել որեւէ դեպք, երբ ես կանոնակարգը խախտել եմ. դա բացառվա՛ծ է»:

Տիգրան Թորոսյանը խոստացավ, որ ցանկացած դեպքում, երբ պատգամավորները մատնացույց կանեն նման տարբերություններ՝ քվեարկությունը չեղյալ կհամարվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել