Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՂ Է ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՔԱՆ ՎԵՐՑՆՈՒՄ

Նոյեմբեր 22,2006 00:00

\"\"Այսպես են համոզված Ղարաբաղում

ԼՂՀ հռչակումից հետո՝ մոտ 7 տարի Հայաստանի եւ Արցախի միջեւ գործում էր սահմանային մաքսային ծառայություն: Բայց 1998-ին, երբ Հայաստանը սկսեց ղեկավարել ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերացվեց այս մաքսակետը: Թերեւս այս որոշումը տրամաբանական էր քաղաքական տեսանկյունից՝ միավորման ձգտող պետությունները չպետք է ունենան իրարից տարանջատող կետեր: Սակայն բավական վիճահարույց է նման քայլի տնտեսական նպատակահարմարությունը՝ առնվազն ԼՂՀ շահերի առումով:

Պարզաբանենք, որ մաքսակետի վերացումից հետո Հայաստան-ԼՂՀ սահմանային գոտում շարունակեցին գործել հաշվառման կետերը, որոնք գրանցում են, թե Ղարաբաղ ինչ տեսակի եւ որքան ապրանք է ներմուծվում: Սա արվում է ԼՂՀ հարկային մարմինների հետագա վերահսկողության համար: Սակայն Ղարաբաղ մուտք գործող բոլոր ապրանքներն արդեն իսկ մաքսազերծված են լինում Հայաստանում եւ այստեղ են թողնվում ԼՂՀ բյուջեին հասանելիք մեծ գումարներ: ԼՂՀ կառավարության հաշվարկներով՝ Հայաստանի բյուջեին անցնող մաքսային վճարները տարեկան հասնում են մոտ 5 մլրդ դրամի: Ուստի ղարաբաղցի պաշտոնյաները տարբեր առիթներով զրույցների ընթացքում նշել են, որ Հայաստանի պետբյուջեով ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկի առնվազն մի զգալի մասը կազմում են հենց այն գումարները, որոնք ի սկզբանե պիտի լինեին Ղարաբաղինը:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մեր զրույցի ընթացքում հայտնեց, որ միջպետական վարկով Ղարաբաղին է հատկացվում Հայաստանի բյուջեի 4,4 տոկոսը: Նա հաստատեց, թե վաղուց քննարկվում է այն տեսակետը, որ Հայաստանից ԼՂՀ-ին տրամադրվող վարկի մեծ մասը հենց Ղարաբաղ ներմուծվող ապրանքների՝ ՀՀ-ում մաքսազերծման յուրօրինակ փոխհատուցումն է. «Չեմ կարող ասել, թե հաշվարկը կա՞, թե՞ չկա: Բայց եթե որեւէ այլ երկիր իր պետական մուտքերն ապահովում է նաեւ մաքսային ճանապարհով, իսկ Ղարաբաղը չունի այդ հնարավորությունը՝ կարծում եմ, որ դա լիարժեք փոխհատուցում է այն միջպետական վարկը, որ մենք տալիս ենք ԼՂՀ-ին»:

Նշենք, որ Հայաստանի միջպետական վարկով սպասարկվում է ԼՂՀ բյուջեի շուրջ 65 տոկոսը: Եվ Ղարաբաղում հարկ են համարում հստակեցնել, որ միջպետական վարկի գումարները 100 տոկոսով Հայաստանի եւ նրա պետբյուջեի միջոցներից չէ, որ տրամադրվում են: ԼՂՀ պաշտոնյաներից մեկը մեր զրույցի ընթացքում անգամ պնդեց, որ իրականում իրենք ավելի շատ գումարներ են թողնում Հայաստանում՝ ապրանքների մաքսազերծման միջոցով, քան իրենց տրամադրվում է ՀՀ պետբյուջեով: Կան ավելի համեստ պնդումներ, թե ԼՂՀ-ին հասանելիք գումարները կազմում են տրամադրված վարկի շուրջ 27-33 տոկոսը:

ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ ժպտաց՝ երբ դեռ անգամ չէինք ավարտել հարցը, թե արդյոք իրո՞ք կարծում են, որ իրենց տրամադրվող գումարներն ավելի քիչ են, քան իրենք են «տրամադրում» Հայաստանին: Սակայն դիվանագիտական ոլորտում նրա նախկին աշխատանքի փորձը թերեւս ստիպեց ձեռնպահ մնալ կտրուկ գնահատականներից: «Կան տարբեր հաշվարկներ: Տարբեր տնտեսագետներից ու փորձագետներից լսել եմ տարբեր թվեր: Մի դեպքում՝ դա կապված է Ղարաբաղ տարվող ապրանքների մաքսազերծման շատ ավելի մեծ թվի հետ, մյուս դեպքում՝ ավելի քիչ է ներկայացվում: Չեմ կարող ասել, թե իրոք այդ գումարն ավելի շա՞տ է, քան մեզ տրվում է, թե՞ քիչ: Բայց կարծում եմ, որ այն կարիք ունի ճշգրտման,- ասաց ԼՂՀ խորհրդարանի խոսնակը:- Ամեն դեպքում՝ ավելի մեծ պահանջ ունենալն ավելի ճիշտ է, քանի որ այսօր ԼՂՀ-ն տնտեսական զարգացման առումով իսկապես կարիք ունի ավելի շատ ներդրումների՝ սա վերաբերում է թե՛ արտաքին ներդրումներին, թե՛ միջպետական վարկին»:

Դժվար թե Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկեն ավելացնել ԼՂՀ-ին միջպետական վարկով տրվող գումարի չափը: Որպես կանոն՝ նրանցից յուրաքանչյուրն աշխատում է բյուջեից առավել շատ գումարներ կորզել իր ընտրատարածքի խնդիրները լուծելու համար, եւ 2007-ի բյուջեի իմաստով այս մղումները հաստատ ավելի ցայտուն արտահայտված կլինեն՝ նախընտրական տարի է:

Մինչդեռ ԼՂՀ-ում արդեն մի քանի տարի է՝ այլ առաջարկ ունեն՝ ֆինանսատնտեսական հստակություն հաստատել Հայաստանի եւ Արցախի միջեւ: Խոսքը բնավ մաքսային ծառայությունը վերականգնելու եւ տարանջատվելու մասին չէ, մանավանդ որ՝ մտավախություն կա, թե վարչարարական խնդիրներն ավելի շատ կլինեն, քան էական օգուտը: Հպարտ ղարաբաղցիների արժանապատվությունը վիրավորված չի լինի, եւ իրենց բավարարված կզգան, եթե գոնե արձանագրվի փաստը, որ իրենց վերադարձվում են իրենց իսկ հասանելիք գումարները, եւ ասենք՝ առանձին տողով նշվի, թե միջպետական վարկի որքան մասնաբաժինն են կազմում Հայաստանի սահմանին թողնվող ԼՂՀ գումարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել