Լրահոս
Օրվա լրահոսը

Քոլեջը տեր չունի՞

Նոյեմբեր 21,2006 00:00

\"\"Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման 80-ամյա քոլեջը քարուքանդ վիճակում է \"\"

Մինչ ԿԳ նախարարությունը զանազան միջազգային ծրագրերի օգնությամբ փորձում է բարձրացնել միջին մասնագիտական կրթության մակարդակն ու հասարակության \"\"հետաքրքրությունը դրա նկատմամբ, այս քոլեջը գնալով քայքայվում է: Ո՞վ է պատասխանատու դրա համար: Քոլեջի նախկին տնօրեն Էդուարդ Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քոլեջը պատկանում է «Հայկոոպին»: Եվ միայն այդքանը: Քոլեջի 200 ուսանողներն այժմ պարապմունքներն անցկացնում են շինության ընդամենը 4 հարկերում: Կառույցի մի հատվածում շինարարություն է սկսված, սակայն պարզ չէ՝ ում կողմից:

«Հայկոոպի» նախագահի օգնական Ջուլիետա Ղարիբյանից տեղեկացանք, որ իրենք քոլեջի շենքի հետ այժմ ոչ մի կապ չունեն. «Ժամանակին, քոլեջի ուսումնական մասնաշենքերից բացի, մեզ էր պատկանում նաեւ հարակից 7 հարկանի հանրակացարանը, որը մի քանի տարի առաջ շատ ցածր գնով վաճառել ենք Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նա էլ իր հերթին բնակարանների 90 տոկոսն անհատույց բաժանել է տեղի փախստականներին, իսկ 10 տոկոսը՝ հատկացրել «Հայկոոպի» աշխատակիցներին: Հիմա էլ այդ հանրակացարանի մուտքին ամրացված է «Արշալույս եւ Պայծառ Աբրահամյաններ» ցուցանակը: Կարծում եմ՝ դրանք նրա ծնողների անուններն են»:

Իրավատնտեսագիտական քոլեջի շենքի հսկիչների եւ պահակի տեղեկացմամբ, այդ շենքի մի մասը վարձակալել է «Ժողովրդավարություն եւ աշխատանք» (ԺԱԿ) կուսակցությունը: Նրանք նույնիսկ մեզ զգուշացրին, որ լուսանկարել կարող ենք միայն ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանի «դաբրոյով»: Սակայն այս տեղեկությունները կուսակցությունում ժխտեցին: ԺԱԿ-ի լրատվության պատասխանատու Տիգրան Սիմոյանն ասաց, որ ԺԱԿ-ը ոչ մի առնչություն չունի այդ շենքի հետ, առավել եւս՝ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը:

Քոլեջում մեզ ասացին, որ պարզաբանումներ կարող ենք ստանալ միայն քոլեջի կադրերի բաժնի վարիչ Ռիտա Գուլամբարյանից: Վերջինիս հետ զրույցի ժամանակ այնպիսի տպավորություն ստացանք, թե գործ ունենք ներքին գործերի որեւէ աշխատակցի հետ. նա նախ փորձում էր պարզել, թե ով է կիսավեր շինությունը նկարել եւ թե մինչ իրեն զանգելը է՞լ ումից ենք տեղեկություններ հավաքել: Բնականաբար, նրա հետաքրքրասիրությունը չբավարարեցինք, եւ տիկինը անմիջապես կախեց լսափողը: Երբ երկրորդ անգամ զանգահարեցինք, նա մեզ տեղեկացրեց, որ քոլեջի տնօրեն Ալեքսանդր Խեչումյանը որոշել է իր երեք տարվա արձակուրդն օգտագործել հիմա, եւ աշխատանքի կվերադառնա միայն երեք ամսից, իսկ ինքը, ճիշտ է, փոխարինում է տնօրենին, բայց չի կարող պատասխանել հարցերին, որովհետեւ զբաղվում է միայն «քոլեջի գոյատեւման հարցերով»:

Քոլեջի «տիրոջը» փորձեցինք գտնել ԿԳ նախարարության միջոցով: Միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանն ասաց, որ այս քոլեջը այժմ կիսամասնավոր, կիսապետական կարգավիճակում է եւ ՀՀ ոչ մի գերատեսչության չի պատկանում:

Ի դեպ, պրն Պիպոյանն էլ հավանական համարեց, որ քոլեջը «Հայկոոպին» է պատկանում: Նա ավելացրեց, որ տեղյակ է քոլեջի 2 մասնաշենքերից մեկում իրականացվող շինարարության մասին, սակայն ինքն էլ չգիտի, թե ում կողմից են իրականացվում աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել