Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՈՐԵՂԲԱՅՐԸ՝ ԶԱՐՄԻԿԻ ԴԵՄ

Նոյեմբեր 21,2006 00:00

ՀՈՐԵՂԲԱՅՐԸ՝ ԶԱՐՄԻԿԻ ԴԵՄ

\"\"Սադոյանական վեճ սեփականության համար

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Գոռ Հակոբյանի նախագահությամբ, քննության էր դրվել ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի հակընդդեմ հայցն իր հարազատ եղբորորդու՝ ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանի դեմ: ԱԺ պատգամավորը դատարանում ուներ իր ներկայացուցիչը՝ փաստաբան Վարդան Զուռնաչյանը, իսկ Ավետիսի ներկայացուցչին էլ՝ փաստաբան Աշոտ Ոսկանյանին դատարանին ներկայանալուց հետո այլեւս չտեսանք:

Թե պատգամավոր եւ թե դասախոս Սադոյանները դատարան են դիմել միեւնույն՝ պատվի եւ արժանապատվության հայցով: Բարեկամներից յուրաքանչյուրը գտնում էր, որ վիրավորվել է իր արժանապատվությունը եւ այդ փորձում էին հիմնավորել: Սակայն մասնավորապես, պատգամավոր Սադոյանն ասում էր, որ մտադրություն չի ունեցել եղբորորդու պատիվն արատավորել: «Մինչեւ վերջերս ունեցել եմ նորմալ հարաբերություններ: Չեմ փորձել լրատվամիջոցներով արատավորել, ստիպված եմ եղել հայցվորին (Ավետիսին) պատասխանել նրա՝ ԶԼՄ-ներով արված հայտարարությունների համար»,- երեկ ասաց Արշակ Սադոյանը:

Վերջինս վկայակոչեց «Իմ իրավունքը» թերթի հունիսի 14-ի հրապարակումը, երբ լրատվամիջոցը հարց էր տվել Ավետիսին, թե ճի՞շտ է, որ պատգամավորը ուզում է խլել մահացած եղբոր՝ Հաբելի որդու մասնաբաժինը: Պատգամավորը երեկ դատարանում ասաց, որ, ընդհակառակը, ինքն ու մյուս եղբայրը՝ Կարենը ուզում են Ավետիս Սադոյանին անհատույց տալ Այգեստան 7 փողոցի 18 հասցեի 2-դ հարկը: Նա նաեւ հայտնեց, թե առաջարկել են Ավետիսի ընտանիքին տալ 30 000 դոլարին համարժեք դրամ: Արշակ Սադոյանն իրեն իսկապես թույլ տվեց «միգուցե Ավետիսին պետք է 120 000 դոլար՝ արտասահման գնալու համար» արտահայտությունը, բայց դատարանում պնդում էր, որ դա ասել է «թեական» ձեւով, ինչը չէր կարող արատավորել հայցվորի պատիվը: Նա նաեւ ասաց, որ Ավետիսը բազմիցս պահանջել է իրենից 120 հազար դոլար. «Ինձնից այդ գումարը պոկելու պահանջը եղել է գրավոր: Ես չունեմ այդ հնարավորությունները, նա ստիպում է ինձ ամեն գնով գումարը ճարել»:

Դասախոս Սադոյանը պահանջեց այդ փաստաթղթերը, որով ինքը պատգամավոր հորեղբորից պահանջել է 120 հազար դոլար: Իր հերթին նա հայտարարեց, որ իր գործողությունները եւ արտահայտությունները համապատասխանում են իրականությանը: Ավետիսն ասաց, որ հորեղբայրը «մահացած եղբորորդի» (երբ ինքը ողջ է) արտահայտությամբ եւ բազմաթիվ այլ գործողություններով վիրավորել է իր արժանապատվությունը: Նա պնդեց, որ հորեղբայրը փորձում է ճնշում գործադրել իր ընտանիքի վրա: Նա ասաց, որ հուլիսի 28-ին, երբ ինքը կնոջ եւ մեկ տարեկան երեխայի հետ տուն էր վերադառնում, պատգամավոր հորեղբայրը հարձակվել է իր վրա, աղմուկ բարձրացրել: Իրենց հողամասի բաժանման այնպիսի տարբերակ է առաջարկում, որ, ըստ դասախոս Սադոյանի, ավելի շատ տարածք է վերցվում իրենցից:

Դասախոս Սադոյանը դատարանին էր ներկայացրել նաեւ Երեւանի քաղաքապետարան տրված պատգամավոր Սադոյանի հայտը, իր հոր մահվանից 12 օր հետո: Պատգամավորը հարցրեց, թե արդյոք Ավետիսի հե՞տ է համաձայնեցվել հրապարակումների վերնագրերը, մասնավորապես՝ «Ա. Սադոյանը խլում է եղբոր տան տարածքը», «Սադոյանի սխրանքը», ինչին Ավետիսը պատասխանեց, որ դա լրագրողների իրավունքն է:

Նյութի վերնագիրը կողմերից ոչ մեկի կողմից չի թելադրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել