Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը հանդիպեց գրողներին

Նոյեմբեր 21,2006 00:00

Նա մխիթարեց, որ ՌԴ-ում ազգությամբ հայ սպանվողներն ադրբեջանցիներից ու վրացիներից ավելի քիչ են:

Երեկ հայ գրողների հետ հանդիպեց Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը հիշեցրեց, որ վերջերս Համահայկական գրական հիմնադրամին նա նվիրել էր $100 հազար։ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահը խոստացավ, որ 2007-ին եւս $50 հազար կտա գրողներին։ Արա Աբրահամյանը երեկ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին ծննդյան 60-ամյակի առթիվ հանձնեց «Արծաթե խաչ» հուշամեդալ։

Հանդիպման ժամանակ գրող Արամայիս Սահակյանը հետաքրքրվեց Ռուսաստանում կատարվող հայերի սպանություններով։ Ա. Աբրահամյանն ասաց. «Մենք Ռուսաստանի հետ պարտնյորներ ենք եւ քաղաքական ու տնտեսական որեւէ խնդիր չունենք։ Մինչդեռ Արեւմուտքում կա մթնոլորտ, որը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը հետ կանգնի Ռուսաստանից: Հայերին ՌԴ-ում սպանում են ոչ թե ազգային պատկանելության համար, այլ մազերի, մաշկի գույնի տարբերության համար»։ Ա. Աբրահամյանը փորձեց ներկաներին մխիթարել, ասելով, որ վրացիներից եւ ադրբեջանցիներից հետո հայերը վերջին տեղում են զոհերի թվով, մյուս ազգերի զոհերը 25 անգամ ավելի շատ են։ «Ցանկացած սպանությունից 5 րոպե անց իմանում ենք, թե որտեղ եւ ում են սպանել։ Վերջերս 4 հայի սպանություն է բացահայտվել, եւ մեղավորները կրել են արժանի պատիժ։ ՌԴ իշխանություններն էլ չեն խրախուսում այս հանցագործությունները եւ նրանց նախագահի կողմից մեծ ուշադրություն է դարձվում այդ հարցին։ Մենք էլ փորձում ենք հնարավորինս զգույշ լինել։ Երբեք ուշ ժամերի միջոցառումներ չենք կազմակերպում։ Օրինակ, Հիտլերի ծննդյան օրը հայերին նախազգուշացնում էինք, որ ուշ ժամի տնից դուրս չգան»,- նշեց նա։ Անդրադարձ եղավ նաեւ Մուրմանսկի հայերի միության նախագահ Արթուր Հարությունյանի սպանությանը։ «Առայժմ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել։ Գիտեմ, որ քննությունը դեռ շարունակվում է, եւ մանրամասները մեր ուշադրության կենտրոնում են։ Մշտապես կապ ենք պահում դատախազի հետ։ Կարծում եմ, Հարությունյանի սպանությունը կապված չէ նրա հայ լինելու հետ։ Արթուրը մեծ գործարար էր եւ գուցե ինչ֊ինչ շահերի բախման զոհ է դարձել»,- ասաց Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահը։ Ըստ նրա, Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ-ում հայերի սպանությունների առիթով շուրջ 500 միջոցառում է կազմակերպել. «25 լրագրողների հետ եմ հանդիպել եւ բարձրացրել այս հարցը ոչ միայն հայերի մասով, այլեւ զոհ դարձած այլազգիներին էլ անդրադառնալով։ Անընդհատ կազմակերպում ենք հանդիպումներ ՌԴ պաշտոնատար անձանց, բուհերի ուսանողների եւ այլոց հետ։ Մեր պայքարի միակ եւ ճիշտ ձեւը սա է։ Պարզ է, որ մենք չենք կարող պատերազմ հայտարարել»։

Նա նշեց, որ եւ վերոնշյալ սպանությունների կանխարգելման, եւ հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացումների հարցում իրենք ակնկալում են Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարության լուրջ աջակցությունը. «Լավ կլիներ, որ հայ լրագրողներն էլ արձագանքեին մեր ձեռնարկած միջոցառումներին, թե չէ՝ երբ փորձում ենք ինչ-որ ծրագրեր իրականացնել, ոչ մեկը չի անդրադառնում դրանց, ամեն ինչ թողել են մեզ վրա… Ախր մենք էլ ձեզ նման հայ ենք։ Բացի դրանից, ցանկացած հարցում նախ պաշտոնական Երեւանն իր խոսքը պիտի ասի, չնայած նրան, որ սպանվող հայերը հիմնականում ՌԴ քաղաքացիներ են»,- եզրափակեց Արա Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել