Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԻԿԱՅԻ» ՎԱՌԵԼԻՔԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ

Նոյեմբեր 21,2006 00:00

\"\"Օդանավակայանին ավիավառելիք մատակարարող միակ ընկերությունը պարբերաբար խախտում է մատակարարման պայմանագիրը:

Սա արդեն վեցերորդ օրն է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանում ավիավառելիքը շարունակում է դեֆիցիտ մնալ: Այս օրերի ընթացքում արդեն տասնյակից ավելի չվերթեր են հետաձգվել: Ավիաընկերությունները ստիպված են իրենց օդանավերը լիցքավորել սահմանափակ քանակությամբ կամ միջանկյալ չվերթ կատարել ավիավառելիքի մեծ պահեստ ունեցող օդանավակայաններ, հիմնականում՝ Սոչի:

Ավիավառելիքի ճգնաժամն արդեն հարուցել է ավիաընկերությունների խիստ դժգոհությունը: Նրանք, ինչպես եւ ազգային փոխադրող «Արմավիան», դեֆիցիտի պատճառով լուրջ վնասներ են կրել: Հիշեցնենք, որ օդանավակայանին ավիավառելիքի միակ մատակարարը «Միկա լիմիթեդ» ընկերությունն է, որն այդ դաշտում մենաշնորհային դիրքերում է, քանի որ որեւէ այլ ընկերություն օդանավակայանի հետ ավիավառելիքի ներկրման պայմանագիր չունի: Ինչպես տեղեկացրել էինք «Առավոտի» նախորդ համարում, «Միկան» վերջին անգամ վառելիք բերել է նոյեմբերի 2-ին, այն էլ՝ ընդամենը 2.5 հազար տոննա: Մինչեւ նոյեմբերի 15-ը պետք է մատակարարեր եւս երեք հազար տոննա, որը մինչ օրս չի բերել: Հաշվի առնելով, որ մեկ օրում օդանավակայանը նվազագույնը ծախսում է 120-140 տոննա վառելիք, «Միկա» ընկերության ներկրած 2.5 հազար տոննայի մեծ մասն արդեն սպառվել է, եւ ավիաընկերությունները հայտնվել են խուճապի մեջ:

Նկատենք, որ սա արդեն որերորդ դեպքն է, երբ մատակարարն ուշացնում է վառելիքի ներկրումը: Վերջին անգամ նման ճգնաժամ եղել է այս տարվա հուլիսին. թռիչքների կազմակերպման ամենապիկ սեզոնին Հայաստանում իրականացվող չվերթերի ժամանակացույցը լրիվ շեղվել էր, որի արդյունքում ընկերությունները հսկայական վնասներ ունեցան: Անցյալ տարվա հոկտեմբերին նույնպես օդանավակայանում ավիակերոսինի մեծ դեֆիցիտ էր: Վառելիքի հետ կապված խնդիրները մեր երկրում արդեն խրոնիկ բնույթ են կրում. երկու տարի առաջ էլ, երբ նորից մեր օդանավակայանում վառելիքի ճգնաժամ էր, հայաստանյան ավիաընկերությունների օդանավերը ստիպված սկսեցին լիցքավորվել Վրաստանում, ու այն գումարները, որոնք պետք է ծախսվեին մեր երկրում, Վրաստանի տնտեսության մեջ ներդրվեցին:

«Միկան» պայմանավորվածություն ունի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ, եւ ամեն անգամ, երբ վառելիքի մատակարարումն ուշանում է, փաստորեն, ընկերությունը խախտում է պայմանավորվածությունը: Այս առնչությամբ մենք երեկ Քաղավիացիայի վարչությունից հետաքրքրվեցինք, թե «Զվարթնոցը» որեւէ լծակ ունի՞ պատժելու մատակարարին: «Դա զուտ «Միկայի» եւ «Զվարթնոցի» խնդիրն է, մենք առայժմ միջամտելու կարիք չենք զգում, բայց օդանավակայանը, անշուշտ, լծակներ ունի եւ կարող է տույժեր-տուգանքներ կիրառել «Միկայի» նկատմամբ, թեեւ դժվար է ասել՝ «Զվարթնոցը» կկիրառի՞ որեւէ պատժամիջոց, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց վարչության հանրային կապերի պատասխանատու Գայանե Դավթյանը:

Չնայած «Միկայի» կողմից արդեն պայմանավորվածության խախտման բազմաթիվ դեպքեր են եղել, բայց, ինչպես պարզեցինք, օդանավակայանը երբեւէ մատակարարի նկատմամբ որեւէ պատժամիջոց չի կիրառել:

«Միկա» ընկերության մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանի պարզաբանմամբ՝ ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը նոր ասելիք չունի, նա վառելիքի խնդրի հետ կապված արդեն խոսել է՝ օրերս տեղի ունեցած Երեւան-Մինսկ-Երեւան չվերթի բացման ժամանակ: Իսկ Բաղդասարովն այդ ժամանակ ասել էր, որ ինքը դեռ նոյեմբերի 6-ին է մի խմբաքանակ բերել, եւ ըստ նրա, հավանաբար օդանավակայանն ուզում է պարզապես պահուստ հավաքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել