Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՊԱՏԺՈՒՄ

Նոյեմբեր 21,2006 00:00

«Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ դիմել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ նրա վերջին հարցազրույցի հետեւյալ արտահայտության կապակցությամբ. «Այսօր, բացի բարեգործական եւ մշակութային բնույթի միջոցառումներից՝ «Բարգավաճ Հայաստանը» կամ էլ նրա հետ կապված անձինք չեն իրականացնում որեւէ գործունեություն, առավել եւս՝ քաղաքական»: Ռուբեն Թորոսյանը հիշեցնում է, որ Հայաստանի օրենսդրությունն արգելում է բարեգործական կազմակերպություններին իրականացնել քաղաքական գործունեություն, այդ թվում՝ կրել կուսակցության անվանում, ու հակառակը՝ կուսակցությունը չի կարող իրականացնել բարեգործական գործունեություն:

Նաեւ հիշեցնում է, որ կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրականացնում են արդարադատության նախարարությունն ու հարկային մարմինները. «Այսինքն, կառավարությունը, որը Դուք գլխավորում եք՝ լիիրավ պատասխանատվություն է կրում կուսակցությունների օրինական գործունեության ապահովման համար»: Ըստ Ռուբեն Թորոսյանի ստացվում է, որ «վարչապետը հրապարակայնորեն մեղադրում է կուսակցության անվան տակ հանդես եկող բարեգործական կազմակերպութան օրինախախտ գործունեությունը, սակայն չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները այդ գործունեության հետեւանքները վերացնելու ուղղությամբ, քանի որ իր գլխավորած կուսակցության անդամները նույնպես օրինախախտ գործունեություն են իրականացնում»: Եվ այս կապակցությամբ՝ վերստին առաջարկում է միջոցներ ձեռնարկել ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» եւ Ժողովրդական կուսակցությունների գործունեությունն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նման դիմում «Մարդու իրավունքներ-96»-ը հասցեագրել էր նաեւ արդարադատության նախարարությանը, որը նոյեմբերի 11-ին պատասխանել է. «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը վերահսկողություն չի իրականացնում կուսակցությունների գործունեության նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել