Ռամկավարները հայտարարում են
Որ դուրս են գալիս Համաշխարհային հայկական կոնգրեսից եւ կապ չունեն «Ազգի» հետ
Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ իր կազմակերպությունը մասնակցելու է 2007-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նաեւ, որ հունվարին տեղի կունենա ՌՀՄ-ի համագումարը, որտեղ կորոշվի այն ուժը, որի հետ կմասնակցեն ընտրություններին: Նախորդ ընտրություններին Արա Աբրահամյանի ընտրությունը կանգ էր առել Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության վրա, որի հասցեին հետո հանդես եկավ քննադատությամբ: Թերեւս՝ նաեւ այս ամենն առիթ դարձավ, որ ՀՌԱԿ հանրապետական վարչությունը երեկ հանդես գա հայտարարությամբ: Այստեղ հիշեցրել են, որ իրենք Արա Աբրահամյանի ղեկավարած մեկ այլ կառույցի՝ 2003-ի հոկտեմբերին ստեղծված Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր կազմակերպություններից են, եւ չնայած դեմ էին, որ համահայկական կառույցի գրանցումը իրականացնելու էր Ռուսաստանի արդարադատության նախարարությունը՝ այնուամենայնիվ, համազգային կուտակված հարցերը լուծելու առաջնահերթությունը համարեցին ավելի կարեւոր։ «Այն, ինչ տեղի ունեցավ հետագայում՝ անկազմակերպվածություն, անգործություն, կապի իսպառ բացակայում, աշխատանքային գրաֆիկի եւ ոլորտների պատասխանատուների ցուցակի բացակայություն՝ հիասթափեցնող գործընթացներ էին։ Դրան զուգահեռ՝ մամուլից տեղեկություններ էինք ստանում Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարի այցելությունների եւ հայտարարությունների մասին։ Ամենեւին չհանդուրժելով այս գործելաոճը՝ ՀՌԱԿ ղեկավարությունը բազմիցս դիմել է Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարությանը տարեկան կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելու կապակցությամբ, սակայն մինչ օրս չի ստացվել որեւիցե պատասխան»,- ասված է հայտարարության մեջ։ Եվ հաշվի առնելով Կոնգրեսի ղեկավարության ներկա գործելաոճը, որը ձգվում է շուրջ 3 տարի՝ ՀՌԱԿ-ը հայտարարում է Կոնգրեսի հիմնադիր կազմից դուրս գալու մասին. «ՀՌԱԿ հանրապետական վարչությունը հայտարարում է, որ այսուհետ չի կրում որեւէ պատասխանատվություն Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության համար»:
Իր հերթին էլ՝ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունն էլ է երեկ հաղորդագրություն տարածել դարձյալ պատասխանատվությունից ձերբազատվելու մասին: Այս անգամ խոսքն «Ազգի» մասին է, որի հիմնական բաժնետերն Արա Աբրահամյանի եղբայրը՝ Սերյոժան է: Ըստ ՌԱԿ-ի՝ «Ազգ» օրաթերթը ժամանակ մը առաջ Ռամկավար Ազատական Կուսակցութեան կամքին հակառակ եւ առանց որեւէ հաւանութեան, փոխանցուեր էր այլ սեփականատիրոջ: Դժբախտաբար, սխալ այդ կարգադրութիւնը ուղղելու համար տարուած բազմաթիւ աշխատանքները տակաւին չեն յանգած դրական արդիւնքներու: Հետեւաբար կը ստիպուինք պաշտօնապէս յայտարարել թէ իր ներկայ վիճակով «Ազգ» օրաթերթը եւ իր բովանդակութիւնը բացարձակապէս ոչ մէկ առնչութիւն ունին ՌԱԿ հետ»:
Մեր խնդրանքով մեկնաբանելով այս հաղորդագրությունը՝ «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ասաց. «Առնվազն 10 տարով ուշացել է այդ հայտարարությունը՝ եթե հատկապես նկատի ունենանք այն հանգամանքը, որ 1996-ին այդ նույն վարչությունը փորձեց փոփոխություններ մտցնել թերթի ղեկավար եւ հիմնադիր կազմում եւ 13 օրով փակեցին այս թերթը»:
Շնորհավորում ենք «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: