Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋ ՈՒԺԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՐԴԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 21,2006 00:00

\"\"Գտնում է «Այլընտրանք» նախաձեռնության եւ ՀՀՇ վարչության անդամ Սամվել Գեւորգյանը

– ՀՀՇ մի շարք անդամներ հանդես են եկել պնդումներով, որոնցից ակնհայտ է «Այլընտրանքի» նկատմամբ առնվազն վերապահ վերաբերմունքը: Ըստ այդմ՝ ե՛ւ ՀՀՇ-ի, ե՛ւ «Այլընտրանքի» հիմնադիր անդամ ձեր կարգավիճակների միջեւ չկա՞ հակասություն:

– Արդեն հստակ եմ համոզված, որ մեր ընդդիմության շուրջ 90 տոկոսը չի զգում ժամանակն ու իրականությունը:

Ինքս «Այլընտրանք»-ին միացել եմ փաստաթղթերը պատրաստ լինելուց հետո, հիմնադիր անդամ չեմ: ՀՀՇ-ում փորձեցի աշխատել արտաքին հարաբերությունների եւ միջկուսակցական կապերի հանձնախմբում, կազմակերպել ժողովրդի հետ հանդիպումներ, շփումներ: Մի տեսակ՝ չստացվեց, տարբեր պատճառներով: Եվ մտածեցի, որ եթե ՀՀՇ-ից դուրս ինչ-որ խումբ փորձում է գործունեություն ծավալել արդյունքի հասնելու համար՝ կարելի է դա օգտագործել, ու ստորագրեցի «Այլընտրանքի» հայտարարությունը: Ես տեսա, որ «Այլընտրանքն» ընտրում է մի ճանապարհ, որտեղ բացառվում է, որ հավակնությունները խանգարեն իրական գործունեությանը: Հիմա փորձում ենք գնալ այն ճանապարհով, որն ուղիղ տանում է այս հանցագործ համակարգի վերարտադրությանը խոչընդոտելուն: Կողմնակից եմ մինչ ընտրությունները քաղաքական լուրջ դաշտ ստեղծելուն: Եվ կարծում եմ, որ եթե «Այլընտրանքն» ընթանա ճիշտ ճանապարհով՝ սա պիտի լինի նրա հիմնական գործելակերպը:

– Արդյոք «Այլընտրանքում» այժմ համախմբված գործիչները հիմք տալի՞ս են վստահության համար, որ այն առկա համակարգին կարող է լինել իրական այլընտրանք: Գուցե նման համոզվածություն լիներ, որ սա իրոք քաղաքական լուրջ միավորում է, եթե նախապես ծրագրվածի պես՝ «Այլընտրանքին» մաս կազմեին նաեւ «Հանրապետությունը» եւ աջ դաշտի այլ ազդեցիկ ուժեր:

– Ոչ, չեմ կարծում, թե այս կազմն է նման այլընտրանք: Բայց կարծում եմ, որ եթե ճիշտ աշխատենք, ապա նորանոր համակիրներ ձեռք բերելու ճանապարհով՝ «Այլընտրանքը» կդառնա այդ ուժը: Մեր փաստաթղթերն ու գաղափարներն այնպիսին են, որ, կարծում եմ՝ ժողովրդավար ու աջ բոլոր ուժերը պիտի ընդունեն դրանք, եթե չխանգարեն հավակնությունները եւ եթե չգերիշխի առաջինը լինելու մոլուցքը, որ մեր ընդդիմությանը խանգարել է անընդհատ: Բայց նրանց կոչ եմ անում համագործակցել այդ գաղափարների եւ գործողությունների շուրջ, եւ ոչ թե մտնել «Այլընտրանքի» մեջ:

– Այնուամենայնիվ, մի առիթով Վիգեն Խաչատրյանը հայտարարեց. «Ինչպես իշխանությունները վարկաբեկեցին իշխանություն հասկացությունը, ընդդիմությունը՝ ընդդիմություն հասկացությունը, այնպես էլ հիմա ինչ-որ մարդիկ փորձում են արժեզրկել «այլընտրանք» հասկացությունը»:

– Այնպիսի մարդիկ են խոսում վարկաբեկման մասին, որոնք իրենց կենսագրության եւ քաղաքական գործունեության մեջ անընդհատ են վարկաբեկել ինչ-որ բաներ եւ անընդհատ գնացել են այստեղից-այնտեղ: Սա նշանակում է, որ նրանց մեջ չկա Հայրենիքը եւ ազնիվ նպատակը:

– Ձեր նշած պատճառնե՞րը՝ հավակնություններ, առաջինը լինելու մոլուցք, դեր խաղացին, որ ՀՀՇ վարչության նախագահը հայտարարեց, թե «Այլընտրանքի» ստեղծումը բերելու է նրան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը նախագահական ընտրությունների ժամանակ կդառնա անհնարին, քանի որ նրա քաղաքական թիմը պետք է միասնականանա, ոչ թե բաժանվի:

– Կարծում եմ, որ սա խիստ հապշտապ արձագանք էր՝ առանց լուրջ վերլուծությունների: Մանավանդ որ՝ Արարատ Զուրաբյանը նման հայտարարություն արել էր առանց ՀՀՇ վարչության նիստում քննարկման: Ուղղակի առաջին «ռեակցիա»-ն էր, եւ գուցե եթե նա երկրորդ անգամ խոսեր՝ վստահ եմ, որ այդ մոտեցումը չէր ունենա ու նման խանդով չէր մոտենա: Բնական է, որ նա մտածում է, թե ինչո՞ւ ՀՀՇ վարչության անդամները չեն աշխատում կուսակցությունում: Ես էլ ասում եմ՝ որովհետեւ ՀՀՇ-ն դեռեւս չի վերագտել իր հրապարակային գործելակերպը: Եվ եթե «Այլընտրանքը» սկսի կողքից լուրջ գործել՝ գուցե սա օգնի ոչ միայն ՀՀՇ-ին, այլ նաեւ «Հանրապետությանն» ու մյուս աջ ուժերին:

– Հիշեցնեմ, որ Արարատ Զուրաբյանը երկրորդ անգամ խոսելու առիթն էլ ունեցավ եւ էլի պնդեց, թե երբ կա կուսակցություն՝ ուրիշ միավոր ստեղծելը սխալ է. «Բաբկեն Արարքցյանը թող գար ընտրվեր ՀՀՇ վարչության նախագահ եւ ոչ թե 18 հոգու առաջնորդեր, այլ ամբողջ կուսակցությանը»: Ռացիոնալ հատիկ չկա՞ այս պնդումներում:

– Կարծում եմ՝ կա: Բայց դա կարող էր վերաբերել ամենասկզբի գործելակերպին: Սակայն անընդհատ անցյալին նայելով՝ առաջ չենք գնա: Բոլորս էլ ինչ-որ մարտավարական սխալներ թույլ ենք տալիս մեր գործունեության մեջ: Ուրեմն՝ պետք է հստակ ձեւակերպել նպատակը եւ դրան հասնելու ուղիղ ճանապարհը: Կարծում եմ, որ ճիշտ ճանապարհը հիմա ոչ թե իրար քննադատելն է, այլ այս գաղափարների շուրջ համատեղ գործունեություն ծավալելը:

– Այժմ մի քանի աջ բեւեռներ են ձեւավորվում աջ դաշտում՝ «Այլընտրանքը», Ալեքսանդր Արզումանյանի «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը, մյուս կողմից էլ՝ ՀՀՇ-ն է հայտարարել «Հանրապետության» հետ իր բանակցությունների մասին: Հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի՝ այս բոլոր խմբավորումները հանդես գան համատեղ:

– Կարծում եմ, նորից հին հիվանդության՝ անձնակենտրոն մտածողության հետեւանք է անպայման սեփական խումբը ստեղծելու ցանկությունը: Պետք է հստակ նայել իրականության աչքերին՝ դա կարող է տանել ոչնչի, կործանման: Եվ հարկ է նաեւ պարզ պատասխանել՝ ի՞նչ կա «Այլընտրանքի» փաստաթղթերում, որ ընդունելի չէ ՀՀՇ-ի, «Հանրապետության», «Քաղաքացիական անհնազանդության» կամ մնացած աջ ուժերի համար: Նման բան չկա, կարծում եմ: Գուցե կան մարտավարական խնդիրներ, որոնք կարելի է լուծել՝ միավորվելու դեպքում, փոքրիկ զիջումներ անել: Սակայն երբ հանդես ենք գալիս առանձին՝ ժողովուրդը մտածում է, որ եթե նույն գաղափարներն են դավանում եւ ճանապարհը նույնն են տեսնում՝ ինչո՞ւ են առանձին-առանձին գալիս ու նույն բաներն ասում: Ե՛վ հոգեբանորեն, ե՛ւ արդյունքների իմաստով ճիշտ կլինի միավորվել ու միասին գնալ ժողովրդի մոտ, որը մեր ձեռքը կրակն է ընկել: Պետք է սթափվել, նպատակը հստակ ձեւակերպել, որը շատ պարզ է՝ բոլոր ուժերով անել այնպես, որ չվերարտադրվի այս համակարգը, որը կործանման է տանում երկիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել