Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ԳՈՒՅՆԵՐԸ ԽՏԱՑՐԵԼ Է

Նոյեմբեր 21,2006 00:00

\"\"Երեկ Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, որի ղեկավարն է Վահագն Չախալյանը, միանգամից երկու հայտարարություն է տարածել:

Հայտարարություններիից մեկով դիմել է ՀՀ գործադիր ու օրենսդիր իշխանություններին, հայաստանյան իրավապահ մարմիններին՝ պահանջելով անհապաղ կարճել «Վահագն Չախալյանի դեմ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու անհիմն մեղադրանքով հարուցված գործը»՝ համարելով, որ «Ջավախքի ազգային գործչի դեմ քաղաքական հալածանքն անպատվաբեր է եւ անհանդուրժելի: Այն մեծապես քայքայում է ջավախահայության հավատն ու վստահությունը Հայրենի երկրի իշխանությունների հանդեպ»:

Ապա «Միասնական Ջավախքը» Վ. Չախալյանի խնդրից անցում կատարելով ավելի «գլոբալ» հարցերի, «արտահայտելով Ջավախքի ողջ բնակչության միահամուռ կամքը՝ պահանջում է վերանայել ՀՀ պետական սահմանի հատման եւ մաքսային ստուգումների անցկացման խստացված ռեժիմ պարտադրելու քաղաքականությունը», նաեւ «խստագույնս պահանջում է վերջ դնել մաքսային անցակետում տիրող կաշառակերության եւ կեղեքումների մթնոլորտին», միաժամանակ «դատապարտում է Ջավախքը ՀՀ-ից արհեստականորեն մեկուսացնելու եւ օտարացնելու մաքսային կոռումպացված մարմինների նկրտումները»՝ չմանրամասնելով, թե կաշառակերներն ու կեղեքողները հա՞յ, թե՞ վրացի մաքսավորներն են, Ջավախքը Հայաստանից «արհեստականորեն մեկուսացնողները» Հայաստանի՞, թե՞ Վրաստանի իշխանություններն են:

Կազմակերպությունը նաեւ կոչ է արել ՀՀ օրենսդիրներին՝ «սեղմ ժամկետում պատրաստել եւ հաստատել Ջավախքի բնակչության համար ՀՀ պետական սահմանը հատելու եւ մաքսային ռեժիմի պարզեցված կարգի վերաբերյալ գործող օրենքի բարեփոխված տարբերակը»:

Մեկ այլ հայտարարությամբ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը տեղեկացրել է, որ երեկ «հայ-վրացական միջպետական սահմանի ջավախքյան հատվածում թբիլիսյան իշխանությունների հրահանգով տեղակայվել է 100-ի հասնող ոստիկանության հատուկ նշանակության ինքնաձիգներով զինված ջոկատ՝ ցույցի մասնակիցների ցուցադրական ստուգումն իրականացնելու նպատակով»: «Դաշինքը դատապարտում է վրացական իշխանությունների՝ ջավախահայությանը հրազենի կիրառման սպառնալիքի եւ զանգվածային դատական հետապնդումների միջոցով ահաբեկելու անհեռանկար քաղաքականությունը եւ զգուշացնում հնարավոր բացասական հետեւանքների մասին»,- ասված է հայտարարության մեջ, որից կարելի է տպավորություն ստանալ, թե Ջավախքում լարված մթնոլորտ է ու վրաց իշխանությունները ջավախահայերին սաստելու համար զինված ջոկատ են դուրս բերել նրանց դեմ:

Մենք փորձեցինք «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանից իմանալ, թե ինչո՞ւ են ջավախահայերը Բավրայի անցակետի մոտ ցույց անում, արդյոք իրավիճակն այնտեղ իրո՞ք լարված է, որովհետեւ հայտարարությունից հասկանալի չէր, թե ցույցն ինչով է պայմանավորված: Շ. Թորոսյանի հետ մեր զրույցից պարզվեց, որ «Միասնական Ջավախքը» այս անգամ գույները մի քիչ խտացրել է՝ Վ. Չախալյանի դեմ ՀՀ-ում հարուցված գործը որակելով իբրեւ «ջավախահայության իրավունքների եւ երկրամասի հայապահպանության համար մղվող պայքար»: Ինչպես Շ. Թորոսյանն ասաց, իր տեղեկություններով, մատնանշված ցույցին մասնակցած մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, բողոքել են Վ. Չախալյանի նկատմամբ ՀՀ-ում իրականացվող դատական հետապնդման դեմ: Անդրադառնալով վերոհիշյալ հայտարարություններին՝ պարոն Թորոսյանն ասաց, թե «ամեն մի կազմակերպություն ինքն է որոշում իր անելիքն ու մարտավարությունը, ցանկացած կազմակերպություն կարող է ցանկացած խնդիր արծարծել: Եթե դրանում հակապետական բան չկա, չեմ կարծում, թե կարելի է քարկոծել»: Այդուհանդերձ, Շ. Թորոսյանը միաժամանակ հավելեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ Ջավախքում իրավիճակը բոլորովին լարված չէ, թեեւ սոցիալ-տնտեսական ու այլ բնույթի խնդիրներ միշտ էլ կան, եւ դրանք լուծման կարոտ են»: Ինչ վերաբերում է հայ-վրացական սահմանում ՀՀ պետական սահմանը հատելու եւ մաքսային ռեժիմի պարզեցված կարգ սահմանելու դաշինքի պահանջին, ապա, ըստ Շ. Թորոսյանի, «սովորաբար որեւէ պետություն իր բոլոր սահմաններում նույնպիսի ռեժիմային կարգ է կիրառում: Դա միջպետական հարաբերությունների ոլորտին վերաբերող հարց է, եւ դա պետք է փոխհամաձայնեցվի միջպետական մակարդակով: Վերջին շրջանում հայ-վրացական հարաբերությունների զարգացման համատեքստում եղել են քննարկումներ՝ հարկերը, մաքսերը, ավտոմեքենաների ելումուտը պարզեցնելու համար: Բայց ինչ վերաբերում է քաղաքացիների ելումուտին, ապա կարծում եմ, այդ առումով ջավախահայերը որեւէ խնդիր չունեն: Ասեմ, որ անցագրային ռեժիմի կարգը ջավախահայերի համար որոշակիորեն նաեւ պարզեցված է: Այսօրվա դրությամբ Բավրայով անցնող ջավախահայը նույն պրոցեդուրան չի անցնում, ինչ Բագրատաշենի սահմանը հատելիս: Բավրայում ջավախահայը սահմանը հատելու համար որեւէ խնդիր չունի: Ջավախահայերը նման պրոբլեմի վերաբերյալ որեւէ բողոք չեն ներկայացրել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել