Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանոններ

Նոյեմբեր 20,2006 00:00

Երբեմն պետք է հիշեցնել ընթերցողներին, թե ինչ սկզբունքներով է
«Առավոտ» օրաթերթն աշխատում:
Ուստի ներկայացնում ենք այն մասնագիտական եւ էթիկական կանոնները, որոնց կամավոր կերպով հետեւում են
մեր թերթի լրագրողները.

1. «Առավոտի» լրագրողները խստորեն սահմանազատում են լրատվությունը մեկնաբանություններից. լուրի եւ ռեպորտաժի մեջ չեն ներդնում սեփական դատողություններն ու էմոցիաները:

2. «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար: Այն անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, հնարավորություն ունի «Առավոտի» նույն նյութում կամ հաջորդ օրերին տպագրվելիք նյութերում պարզաբանում կամ պատասխան տալ:

3. «Առավոտի» լրագրողները սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից:

4. «Առավոտը» չի արտահայտում որեւէ քաղաքական խմբի տեսակետը: «Առավոտը» բաց է անխտիր բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների առջեւ՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե այդ տեսակետները չեն պարունակում որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանք: «Առավոտի» լրագրողներն ու խմբագիրը աշխատում են հավասարակշռել արտահայտած տեսակետը՝ նույն խնդրով ընդդիմախոսի տեսակետով:

5. Առաջին էջում տպագրված մեկնաբանությունը նրա հեղինակի անձնական կարծիքն է, չի արտահայտում խմբագրության տեսակետը եւ որեւէ ձեւով չի ազդում մնացած նյութերի ուղղվածության վրա:

6. «Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը:

7. «Առավոտի» լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակել մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը:

8. «Առավոտի» լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների եւ կոռուպցիոն երեւույթների հետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ՄԱՐԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ, ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, ՆԵԼԼԻ ՐԻՈՐՅԱՆ, ՏԻՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ, ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ, ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ, ՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ, ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ:

Նույն սկզբունքների հետ իրենց համաձայնությունն են հայտնել «Առավոտի» արտահաստիքային թղթակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել