Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼԱՎԱՆԴԱՅԻ» ՆՈՐ ԴԵՄՔԸ

Նոյեմբեր 20,2006 00:00

Սեւանում կառուցվում է «Լավանդա» «քաղաքիկ»՝ նույնանուն տրիոյի ելույթների համար

«Առավոտը» հանդիպեց «Լավանդայի» ջութակահարուհիներ Դինային, Լյուսիին եւ Լարային:

– Ըստ մեզ հասած տեղեկությունների, դեկտեմբերին Լաս Վեգասում կայանալիք «Աշխարհի արվեստագետները՝ հանուն խաղաղության» խորագրով գալա համերգին, ի թիվս շոու-բիզնեսի ոլորտում ճանաչված հայտնի այլ անունների, Հայաստանից հրավիրված եք միայն դուք: Ինչո՞վ կբացատրեք դա:

Դինա.- Մեր տեսահոլովակներից երկուսը նկարահանել է հոլանդացի քլիպմեյքեր, որն էլ Եվրոպայում ու ԱՄՆ-ում տարբեր առիթներով ցուցադրել է: Ամիսներ առաջ ամերիկյան շոու-բիզնեսի հայտնի դեմքերից մեկից՝ Նասիրից ստացանք հատուկ «Լավանդայի» համար գրված ստեղծագործություն, որը գործիքավորեց Մուրզիկը, ինչով եւ հանդես կգանք Լաս Վեգասում: Շուտով դուրս կգա այս երկի սինգլը:

– Հետեւելով ձեր գործունեությանը (տրիոյի առաջին բեմելը կայացել է 2005թ.), փաստենք, որ մինչ օրս դուք ունեք ընդամենը մեկ DVD, որի թողարկվելուց հետո անգամ շնորհանդես չեղավ,: «Լավանդան» չունի նաեւ ոչ մի CD…

– Լյուսի.- Պատասխանեմ մեր տրիոյի պրոդյուսեր Արայիկ Հայրապետյանի (Լավանդայի Արայիկ) անունից: Չենք ընդունում հայաստանյան շուկայում CD-ների ու DVD-ների շնորհանդեսի ընդունված կարգը (ջութակահարուհին չմանրամասնեց): Գտնում ենք, որ շնորհանդեսները պետք է կայանան այնպես, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարի Մադոննայի դեպքում, երբ երաժշտական սրահները երգչուհու նոր CD-ի թողարկման առիթով երկրպագուների հոսքից ստիպված մի քանի օր աշխատեցին գիշեր ու ցերեկ: Իսկ մեր երկրում ստացվում է այնպես, որ կարծես երաժշտասերը ստիպված գնում է այս կամ այն կատարողի CD-ն կամ «պարտադրաբար» օրվա մեջ մի քանի անգամ տարբեր TV-ներով դիտում նույն կատարումը:

– Ունենալով նման պրոդյուսեր, կարծես TV-ներով քիչ է կատարվում ձեր գովազդը: Մյուս կողմից էլ գիտենք, որ ինքներդ եք հաճախ հրաժարվում մասնակցել այս կամ այն միջոցառումներին, ռեստորանային ու ակումբային շոուներին: Կարելի՞ է մտածել, որ ֆինանսը ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում:

Լարա.- Նախ «Լավանդայի» առջեւ ի սկզբանե խնդիր դրված չի եղել՝ լինել շահույթ բերող խումբ: Չեմ ասի, թե ինչքան է կազմում մեր աշխատավարձը, բայց եթե հետաքրքիր է, նշեմ, որ սկսած սննդից, վերջացրած ամեն ինչով՝ ապահովում է մեր պրոդյուսերը: Մեր՝ ուսանողներիս (երկուսը սովորում է կոնսերվատորիայում, մեկը՝ մանկավարժականում) ուսման վարձը եւս հոգում է պրոդյուսերը: «Լավանդա» տրիոյի հոնորարը բարձր է՝ հայաստանյան շուկայի համար: Այո, երբեւէ ռեստորաններում կամ զվարճանքի վայրերում ելույթ չենք ունեցել, գտնելով, որ մեր արվեստը, որ հիմնականում դասական կոմպոզիտորների երկեր են՝ ժամանակի շնչով, պարզապես հարմար չէ նման տեղերում ցուցադրելը: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ նստած խորոված են ուտում, իսկ մենք նրանց համար կատարում ենք Արամ Խաչատրյան:

– Ճի՞շտ է, որ «Լավանդայի» ելույթների համար Սեւանում կառուցվում են հատուկ փակ եւ բաց դահլիճներ:

– Այո, սկսվել են աշխատանքները «Լավանդա» քաղաքիկի, որը, բացի ձեր նշած սրահներից, կունենա նաեւ քոթեջներ, կլինեն զվարճանքի վայրեր, իսկ մեր տրիոն հանդես կգա հատուկ նախագծված բաց ու փակ դահլիճներում: Տա Աստված, որ 2007-ին ավարտվեն աշխատանքները, որի արդյունքում ելույթ կունենանք մեր սեփական քաղաքիկում:

– Ժամանակին «Լավանդայի» պրոդյուսեր Արայիկ Հայրապետյանն «Առավոտին» ասաց, որ մեծ հաշվով ինքը պրոդյուսեր չէ, որ կգա ժամանակ, երբ տրիոն կունենա բառի իսկական իմաստով պրոդյուսեր, այն էլ Եվրոպայից հրավիրված: Մեզ հայտնի է նաեւ, որ դուք առայսօր չունեք նաեւ գեղարվեստական ղեկավար, ինչո՞ւ:

Դինա.- Գիտենք, որ դեռ փնտրվում է մենեջեր, բնականաբար՝ դրսից, որովհետեւ այդ ինստիտուտը Հայաստանում կայացած չէ: Մեզ հետ համագործակցում է ճանաչված գործիքավորող Մուրզիկը, բեմական պար է անցկացնում «Արայի դանս շոու» խմբի ղեկավար Կարեն Միքայելյանը, իսկ մեր իմիջի վրա աշխատում է «Լուսին» նորաձեւության ստուդիան (վերջինս ղեկավարում է Հայրապետյանի կինը՝ Լուսինե Հայրապետյանը):

– Անցյալ տարի կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում դուք չարժանացաք «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթողի կոչման, ինչը պնդում էին շատ մասնագետներ: Այս տարի նշյալ մրցանակաբաշխությանը ո՞ր անվանակարգում եք մասնակցելու:

Լարա.- Եթե մեր պրոդյուսերը ցանկանա, «Լավանդան» հաղթող կճանաչվի ցանկացած անվանակարգում: Իսկ եթե հրավիրեն մասնակցելու մրցանակաբաշխությանը՝ սիրով կմասնակցենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել