Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժլատներն այս անգամ ոչ թե կրկնակի, այլ 20-ակի կվճարեն

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"Նախազգուշացնում է բրիտանացի գիտնականը

Վերջին շաբաթների ընթացքում արձանագրված միջազգային առավել ուշագրավ իրադարձություններից, թերեւս, կարելի է առանձնացնել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած մի զեկույցի շնորհանդեսը, որը թեեւ որոշակի հետաքրքրություն առաջացրեց աշխարհում, այդուհանդերձ, շատ փորձագետների գնահատմամբ, չարժանացավ այնպիսի վերաբերմունքի, ինչպիսին պահանջում էր այդ զեկույցում արծարծված խնդիրների լրջությունը: Այս առումով գուցե թե այնքան էլ տեղին չէ «շնորհանդես» արտահայտությունը, քանի որ բրիտանացի գիտնական, տնտեսագետ, Համաշխարհային բանկի նախկին ղեկավար սըր Նիկոլաս Սթերնի ուսումնասիրությունների արդյունքները, աշխարհի ոչ հեռավոր ապագայի վերաբերյալ, բավական մռայլ մի պատկեր են գծում: Ի դեպ, հարկ է նշել, որ վերջինս իր շուրջ մեկ տարվա տեւողություն պահանջած հետազոտությունները կատարել է Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերով, իսկ նրան օգնել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը: Չանսալ բավականաչափ հեղինակավոր այս հետազոտողների գիտականորեն հիմնավորված հորդորներին, ըստ էության, նշանակում է վտանգի տակ դնել միջազգային հանրակցության հետագա բնականոն կենսագործունեությունը:

Ահա թե, ընդհանուր գծերով, ինչ է կանխատեսում բրիտանացի գիտնականն ու, համապատասխանաբար, փրկության ինչ դեղատոմսեր է առաջարկում: Աշխարհի առաջատար երկրները պետք է բնապահպանական նպատակներով ծախսեն տարեկան ոչ պակաս, քան 350 մլրդ դոլար: Եթե նրանք այդպես չվարվեն հիմա, ապա երկրագնդի համընդհանուր տաքացմանը հաջորդելիք բնապահպանական աղետի հետեւանքները մեղմելու համար, քիչ ավելի ուշ, նրանք ստիպված կլինեն ծախսել 20 անգամ ավելի շատ գումար: Իսկ այդժամ համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը մի քանի անգամ կգերազանցի 20-րդ դարի երկու աշխարհամարտերի եւ 1930-ականների տնտեսական դեպրեսիայի հասցրած ընդհանուր վնասը: Միայն «սոցիալական» փախստականների թիվը կհասնի 200 մլն-ի: Շատ երկրներ ուղղակի կդադարեն գոյություն ունենալուց: Երկրագնդի վրա մոտ երկու անգամ կպակասի կենդանատեսակների քանակությունը: Ջրածածկ կլինեն հսկայական ցածրադիր տարածքներ: Էականորեն կաճի կործանարար փոթորիկների, պտտահողմերի, տորնադոների, հրդեհների եւ տարերային այլ աղետների թիվը: Այդուհանդերձ, Սթերնի կարծիքով, համաշխարհային ընդգրկման այդ ճգնաժամը դեռ հնարավոր է կանխել: Սակայն այդ անելու համար հարկ է գործել հենց այս պահից սկսած: Ընդ որում, անհրաժեշտ են համագործակցված քայլեր, հակառակ դեպքում արդյունք չի լինի:

Սթերնի այս աշխատությունը նախորդ համանման ուսումնասիրություններից տարբերվում է նրանով, որ իրավիճակը գնահատվել է ոչ թե գիտնական-բնագետի, այլ տնտեսագետի հայացքով: Այսինքն, առաջին պլան է մղվել հատկապես տնտեսական կատակլիզմի հավանական հեռանկարը: Փորձագետների կարծիքով, այդ հանգամանքը միջազգային քաղաքականության առաջնորդներին թերեւս կստիպի ավելի սթափ վերաբերվել Սթերնի կանխատեսումներին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը հանրաճանաչ The Sun պարբերականին տված հարցազրույցում այս զեկույցը համարել է իր պաշտոնավարության ողջ ընթացքում երբեւէ իր ձեռքի տակով անցած «ամենալուրջ փաստաթուղթը»: «Ես հույս ունեմ, որ քաղաքական գործիչներն ու մարդիկ ամբողջ աշխարհում կօգտվեն իրենց ընձեռված այս վերջին հնարավորությունից եւ հետեւություններ կանեն այս ուսումնասիրությունից»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Եվրոպական առաջատար վերլուծական կենտրոններից մեկը մանրամասնում է Սթերնի «դեղատոմսի» որոշ դրվագներ: Ըստ այդմ, գլոբալ տաքացումից խուսափելու համար հարկ կլինի կտրուկ նվազեցնել նավթի եւ էներգիայի համաշխարհային սպառումը, ինչը, իհարկե, կհանգեցնի տնտեսության համընդհանուր ցուցանիշների անկմանը: Մինչդեռ, եթե նավթի արդյունահանումը չկրճատվի, ապա խուսափել մոլորակի տաքացումից՝ հնարավոր չի լինի: Իսկ դա, իր հերթին, բացասաբար կանդրադառնա սննդի, ձկնարդյունաբերության եւ անտառային արդյունաբերության վրա:

Սթերնի այս աշխատությունը, բնականաբար, ձեւավորել է նաեւ ընդդիմախոսների մի ստվար բանակ, որի «մարտիկները» փորձում են զեկույցում արտահայտված մտահոգությունների տակ քաղաքական ինչ-ինչ ենթատեքստեր տեսնել: Սրանով հանդերձ, աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ենթադրյալ տուժող Ռուսաստանի (նավթի արդյունահանման սահմանափակումից այս երկիրը, թերեւս, ամենամեծ կորուստները կկրի) գիտական շրջանակների շատ ներկայացուցիչներ մեծ չափով հիմնավոր են համարել բրիտանացի տնտեսագետի կանխատեսումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել