Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԸ, ՍԱԴԱՄԻ ՄԱՀԸ

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"Նախկին բռնակալին կյանքից զրկելու հարցում կարծիքները բաժանվում են

Այն, որ Իրաքին առնչվող գրեթե ցանկացած հարց վերածվում է ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք առաջատար երկրների միջեւ վեճի առարկայի, վաղուց արդեն «բարի ավանդույթ» է դարձել: Բացառություն չգրանցվեց նաեւ Իրանի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնի նկատմամբ վերջերս կայացված մահվան դատավճռի պարագայում: Այս վճիռը, արեւմտյան մի շարք դիտորդների բավականաչափ հիմնավոր գնահատմամբ, հերթական անգամ ԱՄՆ-ին ու Եվրոպային հեռացրեց միմյանցից:

Սադամին մահվան դատապարտելու փաստը, ըստ ամենայնի, ամենից շատ դուր եկավ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին: Վերջինս այն համարել է, ոչ ավել, ոչ պակաս՝ «Իրաքի գլխավոր նվաճումը»: Հիշյալ դատավճռի կապակցությամբ հատուկ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում, նա ասել է. «Սա Իրաքի երիտասարդ ժողովրդավարության գլխավոր նվաճումն է եւ առանցքային մի իրադարձություն՝ որով նշանավորվում են Իրաքի ժողովրդի՝ բռնապետական շրջանից դեպի օրենքների գերակայության շրջան անցնելուն ուղղված ջանքերը»: Ամերիկացի մի շարք կոնգրեսականներ այս առումով իրենց նախագահից ետ չեն մնացել՝ Իրաքի էքսնախագահի նկատմամբ կայացված դատավճիռը որակելով իբրեւ այդ երկրի համար «պատմական իրադարձություն»: Հետաքրքիր է, որ անմիջականորեն ԱՄՆ կոնգրեսի եւ սենատի ընտրություններին նախորդած այս իրադարձության նկատմամբ գրեթե նույն գնահատականներն էին հնչեցնում ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները՝ քաղաքական հակադիր ճամբարներում կանգնած մարդիկ, ովքեր Իրաքի հետ կապված գրեթե բոլոր մնացյալ հարցերում ուղղակի «բզկտում» էին իրար: Օրինակ, դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Հովարդ Դինը, միանգամայն «տեղին» համարելով Սադամ Հուսեյնին կյանքից զրկելու հեռանկարը, հավելել է. «Անչափ կարեւոր է, որ դատավճիռը կայացվում է հենց այն երկրում, որտեղ այդ բռնակալը հանցագործություններ է կատարել մարդկության դեմ»: Դինը նաեւ շնորհակալություն է հայտնել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերին՝ դատաքննության ընթացքի անվտանգությունն ապահովելու համար:

Սադամ Հուսեյնին մահվան դատապարտելու մասին Իրաքի գերագույն դատարանի որոշմանը բոլորովին այլ կերպ են վերաբերվում Եվրոպայում: Այսպես. Ֆինլանդիան, իբրեւ Եվրամիությունում տվյալ պահին նախագահող երկիր, կոչ է արել ի կատար չածել Իրաքի նախկին առաջնորդի մահավճիռը: Ֆինլանդիայի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Եվրամիությունը դեմ է մահապատժին բոլոր դեպքերում եւ բոլոր հանգամանքներում: Այս դեպքում եւս այդ դատավճիռը չպետք է ի կատար ածվի»: Սրանով հանդերձ, Ֆինլանդիան, իհարկե, ընդունում է, որ Սադամը մարդկության դեմ հանցանքներ կատարած չարագործ է, հետեւաբար՝ պետք է պատժվի: Պատժաձեւի բուն էության կապակցությամբ իր անհամաձայնությունն է հայտնել նաեւ Գերմանիան: Այս երկրի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին հայտնել է, որ Եվրամիությունում շատ վատ են վերաբերվում մահապատժի գաղափարին, ինչը «հարիր չէ քաղաքակիրթ հասարակություններին»: Գերմանիայի՝ գործնականում բոլոր քաղաքական գործիչներն այս հարցում պաշտպանել են իրենց կանցլերի դիրքորոշումը:

Սադամի մոտալուտ «օրինական» վախճանի առնչությամբ չափազանց հետաքրքիր էր Ռուսաստանի դիրքորոշումը: Ինչպես միշտ ձգտելով չնմանվել ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ Եվրոպային, Ռուսաստանն ընտրել է երրորդ տարբերակը՝ պաշտոնապես հայտարարելով, թե Սադամ Հուսեյնին մահվան դատապարտելու մասին Իրաքի դատարանի կայացրած վճիռը «այդ երկրի ներքին գործն է», ուստի Մոսկվան հրաժարվում է որեւէ կերպ մեկնաբանել այն: Այսօրինակ պահվածքը, իհարկե, չափազանց բնորոշ է Ռուսաստանին: Նախ հատկանշական է այն, որ Մոսկվան «հանկարծ» այդքան անտարբեր դարձավ մի մարդու ճակատագրի նկատմամբ, որի հետ, ի հեճուկս Արեւմուտքի, տասնամյակներ շարունակ գրկախառնվում էին Կրեմլի զանազան պաշտոնյաները: Մյուս կողմից՝ ոչ մի տարօրինակ բան չկա այն բանում, որ Ռուսաստանը նման «լիբերալ» մոտեցում է ցուցաբերում այնպիսի արժեքի նկատմամբ, ինչպիսին մարդկային կյանքն է: Ի դեպ, Ռուսաստանի այսօրինակ «քցողական» վարքագիծը պետք է որ չափազանց ուսանելի եւ «դիդակտիկ» դաս ծառայի տառացիորեն բոլոր հարցերում նրա անվերապահ աջակցությանն ապավինած այլ ռեժիմների համար:

Իսկ մինչ մոլորակի տարբեր աշխարհամասերում տարբեր մեկնաբանություններ են հնչեցնում Իրաքի նախկին առաջնորդին կյանքից զրկել-չզրկելու արդարացվածության շուրջ, միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կասկածի տակ է առել բուն դատաքննության օրինականությունը, համարելով, որ այն ուղեկցվել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել