Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"Ինգուշեթիան խուսափեց Չեչնիայի ճակատագրից

Մինվոդիի օդանավակայանում (ռուս-վրացական հարաբերությունների լարվածության պատճառով Հյուսիսային Կովկաս հասնելու միակ ճանապարհը) անմիջապես նկատում եմ հայտարարություն այն մասին, որ մաքսակետը առաջին հերթին անցնում են ՌԴ քաղաքացիներ, եւ որ մաքսավորին կաշառք չառաջարկել՝ հանցագործություն է: Հայերի հոծ բազմությունը ժամերով կանգնում է այստեղ՝ մեկ փաստաթղթերը կարգին չեն, մեկ ռուսերեն լավ չեն հասկանում, բայց, ի վերջո, հասնում են Ռուսաստանի, նրանց մեծ մասի համար, բաղձալի եզերքը: Սուսաննան Գյումրիից է, երկու օրով եկել էր հայրենիք, նա Պյատիգորսկում հինգ տարի կոշիկի առեւտուր է անում ու կյանքից գոհ է: Մի քանի օր առաջ ռուսաստանցի օրինապահները ձերբակալել էին քաղաքի անձնագրային բաժնի մի աշխատակցի, որը հայերին կեղծ փաստաթուղթ էր տալիս՝ ռուսական 5000 ռուբլով անձնագրում կնիքը դնելով: Սուսաննայի «ռեգիստրացիան» էլ էր նա արել: Երիտասարդ կինը ստիպված էր երկու օրով գալ հայրենիք՝ Գյումրի, նոր անձնագիր «գնելու» համար, որ նոր «ռեգիստրացիա» ստանա: Մի այլ հայուհի էլ Ղարաբաղից էր, Նալչիկի «բազարում» էր գործ գտել՝ «նիզկի պասադկայով ժենսկի շալվար» էր ծախում: Կյանքից գոհ էր ու ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումներից տեղյակ չէր՝ «ինչիս ա պետքը, լավ էլ ապրում ենք էստեղ»: Հյուսիսային Կովկասում հայերիս կյանքին կանդրադառնամ, ասեմ միայն, որ նրանց ճնշող մեծամասնությունը Հայաստանի անունը, ցավոք, լսել չի ուզում……

«Բայց դուք իզուր եք գրել, որ գնում եք Ինգուշեթիա, գիտեք, չէ՞, որ ռիսկային գոտի է, ահաբեկիչներ կան, ուրիշ մի բան գրեիք… ստիպված եմ ձեզ ՖՍԲ (անվտանգության դաշնային ծառայություն) տանել»,- Մինվոդիի օդանավակայանի մաքսավորը նայում է ուղիղ աչքերիս: Բայց իզուր է նայում, ես նրան կաշառք տալու մտադրություն չունեմ: «Դուք առաջարկում եք ինձ խաբե՞լ Ռուսաստանի օրինապահ մարմիններին ու ձեզ: Դուք ինձ անօրեն մի բան եք առաջարկում, փաստորեն»,- գրոհեցի ես: Մարդը ազդվեց, մի քանի հարց եւս տվեց (արդյո՞ք դեղորայք կամ թանկարժեք իրեր չեմ տանում), ի վերջո թողեց ճանապարհս շարունակեմ:

Ինգուշեթիա հասնելու համար պետք է հատես Կաբարդինո- Բալկարիայի եւ Հյուսիսային Օսեթիայի սահմանները, ուր մաքսակետերում պարտադիր կանգեցնում են եւ փորձում են ամեն գնով «փող պոկել»: (Երբ հետդարձիս Մինվոդիի մաքսային ծառայության մի պաշտոնյայի պատմեցի ռուսաստանցի բազմազգ օրինապահների «օրվա հացը վաստակելու» համառության մասին, ասաց. «Իսկ դուք համառորեն կաշառք չտայիք»: Այդպես էլ անում էին: Նալչիկի մաքսավորը, օրինակ, մեկ ժամ անձնագրիս ռուսերեն թարգմանությունն էր պահանջում (ապօրինի, անշուշտ, նման կետ չկա ՌԴ մաքսային կանոնադրությունում) եւ նույնը կրկնում. «Ձեր հայերը, որ ավտոբուսներով գալիս են, բոլորն էլ նման թարգմանություն ունեն»: Ես իմն էի պնդում, որ իր պահանջը հակաօրինական է, օրինապահը ի վերջո տեղի տվեց: Ազգությամբ ռուս տաքսու վարորդը համաձայնեց ինձ Ինգուշեթիա հասցնել, հաստատելով, սակայն, որ, իրոք, ճանապարհները վտանգավոր են, որովհետեւ Ռուսաստանի ոստիկանության համակարգում կոռուպցիան ահավոր է: «Փողը տալիս ես, ու ինչ ուզում ես անցկացրու, ում ուզում ես տար, Բեսլանի դպրոցը ձեզ օրինակ»: Նիկոլայը ճանապարհի կեսից ինձ «փոխանցեց» Նալչիկից մի այլ վարորդի. ուշ երեկո էր, ու մարդը, երեւի, ռիսկ չարեց Հյուսիսային Կովկասի սահմանը հատել: Նալչիկցին ասաց, որ այլեւս կարիք չկա «կյանքս պատմելու» ոստիկաններին եւ մեզ կանգնեցնելուն պես ձեռքը գրպանն էր տանում. «Սա էլ իմ փաստաթուղթն է» ասելով: Տաքսու վարորդը (թեեւ փաստաթղթերս տեղը տեղին էին) համենայնդեպս խորհուրդ տվեց Օսեթիայի տարածքով անցնելիս չասեմ, որ Ինգուշեթիա եմ գնում, այլ, ասենք, Վլադիկավկազ (ինգուշների եւ օսեթների միջեւ 1991-ին սկիզբ առած հակամարտությունը եւս սառեցված է համարվում): Օսեթիայի ոստիկանին էլ ասացի, որ միջկրոնական հանդուրժողականությանը նվիրված կոնֆերանսի եմ գնում: Անձնագիրս ստուգելով՝ հավատաց:

Դաշնային նշանակության «Կովկաս» մայրուղին՝ միացնելով Հյուսիսային Կովկասի մի քանի ինքնավար հանրապետություն, ի վերջո հասնում է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի, ուր, առաջ անցնելով ասեմ, բուռն շինարարություն է իրականացվում, իսկական շինարարական բում, նույն մեր Հայաստանի պես: Ճանապարհը ընդարձակ ու բարեկարգ է: Նախօրեին մաքսավորները Պյատիգորսկ չհասած՝ կանգնեցրել էին երկու «ԿամԱԶ» բեռնատար՝ 70 հազար կեղծ օղու շշերով, որոնք Սանկտ Պետերբուրգ էին գնում: Իսկ օգոստոսին լուրջ միջադեպ էր տեղի ունեցել Ինգուշեթիայի եւ Չեչնիայի սահմանակետում: Չեչեն գրոհայինները փորձել էին առեւանգել ինգուշ մի պաշտոնյայի, բայց ձախողել էին: Արդյունքում ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների միջեւ՝ զոհվել էին յոթ չեչեն եւ երկու ինգուշ ոստիկան:

ՌԴ ամենաերիտասարդ հանրապետությունը՝ Ինգուշեթիան, խաղաղ ճանապարհով դուրս է եկել Չեչենո-Ինգուշական հանրապետության կազմից (ի դեպ, միակը նախկին ԱՊՀ տարածքում) եւ 1992թ. հունիսի 4-ին անկախություն է հռչակել Ռուսաստանի Դաշնության կազմում: Բարեբախտաբար, նրան հաջողվեց խուսափել Չեչնիայի ճակատագրից, բոլորի համոզմամբ, նախկին նախագահ Ռուսլան Աուշեւի շնորհիվ: Այսօր երբեմն տեսակետներ են հնչում, թե արժե նորից վերամիավորվել, բայց դա մոտ ապագայի համար անիրատեսական է թվում:

Ինգուշեթիայի բնակչությունը 470 հազար է, մեծամասնությունը ինգուշներ են, չեչեն բնակչությունը (հիմնականում՝ փախստականներ) կազմում է բնակչության 11 տոկոսը: Այլազգիները, այդ թվում եւ հայեր, մոտ երկու տոկոսն են: Ինգուշեթիան ունի չորս քաղաք եւ, պատկերացրեք, սեփական «Մագաս» օդանավակայան, որտեղից ամեն օր չվերթներ են իրականացվում միայն մեկ ուղղությամբ՝ Մոսկվա: Հանրապետության նոր մայրաքաղաք Մագասը արագ կառուցապատվում է, այն գրեթե Օսեթիայի սահմանագլխին է:

Ինչպես ինձ ասաց Ինգուշեթիայի կրթության նախարարության աշխատակցուհի Գանիժեւա Ֆաթիման (նաեւ նախկին վարչապետ Ահմեդ Մալսագովի քույրը), հանրապետությունում խրախուսվում է այլազգիների մուտքը, նրանց անգամ առանց կաշառքի բարձ պաշտոններ են առաջարկում: Իմ հարցին, թե արդյո՞ք մահմեդական համարվող այս երկրամասում ծայրահեղականներ կան, ասաց, որ վահաբիզմի ներթափանցման փորձեր Դաղստանի եւ Չեչնիայի կողմից արվում են, բայց դա չի խրախուսվում կրոնական ղեկավարների կողմից: Սլեպցովսկայա կոչվող ավանում միայն 7 մզկիթ կա եւ կրոնական ակադեմիա: Ֆաթիման կարեւորեց նաեւ շարիաթական դատարանների գոյությունը՝ որպես առողջ, ավանդական բարքերին վերադառնալու կարեւոր լծակ: Այդ դատարանների միջոցով կարգավորվեց, օրինակ, «կալիմ» հասկացությունը (ապագա հարսի ծնողներին փող տալը): Հիմա կալիմը «պաշտոնական» սահման ունի՝ մոտ 250 դոլարի չափով, եւ եթե «նոր ինգուշներից» ոմանք ուզում են զարմացնել սեփական գրպանով, շարիաթական դատարանը անմիջապես կանխում է նման փորձերը: Երիտասարդությունը գրեթե զանգվածաբար կատարում է ծեսերն ու հաճախում մզկիթներ, հատկապես երեկոյան արարողություններին:

Սլեպցովսկայա ավանում ընդամենը մեկ հայ ընտանիք է մնացել՝ զավակները վաղուց Ռուսաստանում ու Հայաստանում են, իսկ տարեցները ոչ մի կերպ չեն ուզում տեղափոխվել: Մերժոեւ Ալիխանի ընտանիքը նույն փողոցում սեփական խանութ ունի ու երկու հայ պառավներին սիրով տիրություն է անում, որքան կարող է: Տանտիկինը՝ տեղի չեչեն փախստականների ճամբարի բժշկուհի Աբելյան Ռոզան ջերմությամբ է խոսում իր հարեւանների մասին, հատկապես 50 տարվա դրկից Տոխովների ընտանիքի մասին: «Ինչի՞ց պիտի վախենամ, նեղությանը, ուրախությանը հասնում են, հիվանդ էի, նախկին վարչապետ Ահմեդ Մալսագովը անձամբ, նվերներով եկել էր ինձ տեսության»: Ես նրանց տանն էի, երբ տեղի շտապօգնության գլխավոր բժիշկ Ֆիրզաուլին եկել էր տիկին Ռոզային տեսության, հետո էլ անձամբ հոգացել հիվանդության պատճառով հայուհու աշխատանքից բացակայելու հարցերը:

Հիշեցի Մինվոդիի շուկայում կարկանդակ ու թեյ վաճառով Արայիկին, որը իմ հարցին, թե արդյո՞ք ազգային խտրականություն կա Հյուսիսային Կովկասում, դառնությամբ ասաց. «Ազգային խտրականությունը Հայաստանում է, ես Բաքվից եմ, փախստական, փորձեցի Երեւանում կյանքս դասավորել՝ չեղավ, օտարի պես էին ինձ նայում…»:

Մինվոդիի շուկան Հյուսիսային Կովկասի ամենամեծ «բազարն» է, ու առեւտրականները գալիս են այստեղ Թուրքիայից, Ադրբեջանից, Արաբական Էմիրություններից: Շուկայի առեւտրականների զգալի մասը հայեր են, ընդ որում՝ քիչ չեն նաեւ վերջին երկու-երեք տարում եկողները: Նրանցից մեկն ասաց, որ երկու տարի առաջ Անատոլի Չուբայսը փորձեր արեց Դոնի Ռոստով տեղափոխել շուկան, բայց տեղի հեղինակությունները թույլ չտվեցին:

Վերադառնալով Ինգուշեթիային, ասեմ, որ նրա բնակչության մեծ մասը կարծես բարեկեցիկ կյանքով է ապրում, ընտանիքները բազմանդամ են, ամենքը հինգ-վեց երեխա է բերում, բջջային հեռախոսները, արտասահմանյան մակնիշի մեքենաներն ու կենցաղային բարձրօրակ տեխնիկան գրեթե բոլորի տներում սովորական բան են: Բայց ապշեցուցիչը ընտանիքներում տիրող ներդաշնակությունն է ու կենցաղի մաքրությունը: Բոլորի պարտեզները՝ ծաղկանոցներ, փողոցները՝ մաքուր, աղբակույտեր ոչ մի տեղ չկան: Աղբը շաբաթը մեկ անգամ է հավաքվում, սակայն ես այդպես էլ չտեսա, թե դա երբ է արվում մահմեդական այս բնակավայրում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել